Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԵՍ-Ը ԴԱՌՆՈՒՄ Է ՄԵՆՔ



ԵՐԲ ԵՍ-Ը ԴԱՌՆՈՒՄ Է ՄԵՆՔԿապանցի Վահագն Ազարյանը օրերս է զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից: Ծառայել է առաջնագծում, բարեխիղճ և նվիրված ծառայության համար խրախուսվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:

Վահագնը մարզիկ է, զբաղվում է  Street workout մարզաձևով:

-Մեր ամենաուժեղ մարզիկներից է Վահագնը, աչքի է ընկնում տեխնիկական հնարքների կատարման մաքրությամբ և վարպետությամբ,- նշում է Հայաստանի Street workout մարզաձեւի  ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանը:

-Մեր մարզաձեւի նպատակը միայն ամուր ու պինդ մկաններ ունենալը չէ. նաև երիտասարդության, դեռահասների շրջանում  առողջ ապրելակերպ քարոզելն է՝ զերծ վնասակար սովորություններից՝  խմիչքից, ծխախոտից, խաղային ազարտից,- ասում է Վահագնը ու շարունակում:- 2013 թ. զբաղվում եմ այս մարզաձևով, այն ժամանակ դեռ այսքան տարածված չէր: Ժամանակի մեծ մասը հատկացնում էի մարզումներին, ուզում էի առավել կոփված ու պինդ լինել. ուշք  ու միտքս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվելն էր, երազում էի զինվորական դառնալ՝ հետախույզ: Անհագորեն կարդում էի հետախույզների, հետախուզության մասին տարբեր գրքեր ու հասկանում էի, որ դա ռոմանտիկ արկածախնդրություն չէ, այլ անչափ կարևոր գործ:

Երբ դպրոցն ավարտեցի, գործերս պետք է հանձնեի ռազմական բուհ, սակայն ծնողներս դեմ էին որոշմանս. ընտանիքի մինուճար որդին եմ, իսկ զինվորական գործը նշանակում է օրերով, հաճախ նաեւ ամիսներով հեռու լինել ընտանիքից:

Դպրոցից հետո Վահագն Ազարյանը զորակոչվեց բանակ:

– Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ բանակում ամեն ինչ սահուն անցավ. հեշտ ու դժվար օրերով լիուլի է ծառայությունը՝ պատասխանատվության հսկայական չափաբաժնով. դու ես պատասխանատու քո ամեն քայլի, ամեն արարքի  համար: Էնքան ճիշտ ու դիպուկ է ասված՝ բանակը կյանքի դպրոց է: Տարբեր բնավորության մարդկանց հետ ես շփվում, սովորում ես մարդկանց ավելի արագ ճանաչել, ավելի կշռադատող եւ առավել հանդուրժող լինել, արժևորել ու գնահատել ունեցածդ: Պիտի հպարտանամ՝ մեր վաշտում մթնոլորտն այնքան ջերմ էր, այնքան անկաշկանդ, ամեն ինչ հաղթահարում էինք մի ընտանիքի պես: Պարապած լինելը բավականին հեշտացրել էր ծառայությունս: Վաշտի տղաներով էլ ազատ ժամերին մշտապես մարզվում էինք, անգամ եթե մեր առօրյա պարտականություններից հետո էլ չափազանց հոգնած էինք լինում, էլի մարզվելը չէինք դադարեցնում:

Հենց այս համառ, նպատակասլաց մարզումների շնորհիվ էլ նրանց վաշտը ֆիզիկական պատրաստության մրցումների ժամանակ դիվիզիայում առաջին տեղը գրավեց:

-Բանակում կոփվում է թե՛ մարմինդ, թե՛ բնավորությունդ,- բանաձևում է Վահագնը ու շարունակում:- Ծառայությունիցս լավ հիշողությունները շատ-շատ են, երկու Նոր տարին էլ զորամասում եմ նշել, էնքան ուրախ անցավ, հիմա էլ հիշելիս մի տաք ջերմություն է սիրտս պատում: Բանակի տոնն էլ երկու անգամ ծառայավայրում եմ նշել: Էս հունվարի 28-ին արդեն տանն էի, բայց ուշք ու միտքս այնտեղ էր՝ սահմանին կանգնած զինակից ընկերներիս հետ: Բանակն ինձ լավ ընկերներ տվեց՝ եղբոր նման հարազատ, նվիրված ու հուսալի…

Որքան էլ զինվորի համար հեշտ կամ դժվար անցնի ժամանակը, խոստովանեմ՝ ամենահաճելի պահը տունդարձն է,- ժպտում է Վահագնը:- Զորացրվելուս նախորդ գիշերը համարյա աչք չփակեցինք, ամբողջ գիշեր խոսում էինք, զրուցում, երկու տարվա մեր գլխով անցած հազար պատմություն ու դրվագ հիշում. ո՛նց առաջին անգամ բարձրացանք դիրքեր, ո՛նց էինք լարվել, ո՛նց հաղթահարեցինք մեր վախերը, տագնապները, ո՛նց ենք իրար հետ վիճել ու մտերմացել, ո՛նց մեր ամեն մեկի եսը դարձավ մենք:

Չնկատեցինք էլ, թե ոնց լուսացավ… Երբ մեքենան շարժվեց, ու զորամասի դարպասները փակվեցին, մի տեսակ չէի հավատում, որ բանակային երկու տարին ավարտվել է, զորացրվում եմ:

-Դա՛վ, վե՞րջ,- հարցրի կողքիս նստած ընկերոջս:

-Հա՛, վե՛րջ,- Դավիթի խոսքում մեկտեղվել էին տխրությունն ու ուրախությունը… Ե՛վ ուրախ էինք, և՛ տխուր: Հետդարձի ամբողջ ճանապարհին մեկ զորամաս՝ տղերքին էի զանգում, մեկ տուն՝ գալիս եմ, մա՛մ…

Տանը գրկախառնություններ, կարոտած հայացքներ, սեղանին մորս թխած իմ սիրած տորթն էր…

Բանակային կարգուկանոնակարգված ռեժիմից հետո մի տեսակ տեղս չէի գտնում, միացրի հեռուստացույցն ու տարօրինակ զուգադիպությամբ էլի զինվորական թեմա էր՝ հավաքակայան, զորակոչ…

-Տղե՛րք ջան, բոլորդ էլ իմ որդու պես անփորձանք գաք հասնեք հարազատ օջախներ,- մայրս էր…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #5 (1325) 05.02.2020 - 11.02.2020, Բանակ և հասարակություն


06/02/2020