ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է ՌԷՊ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ
Ռուսաստանը Իրանին մատակարարել է ռադիոէլեկտրոնային պայքարի շարժական միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ` ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը: Նրա խոսքով, մատակարարված միջոցները բացառապես պաշտպանողական համակարգեր են:
Երկկողմանի պայմանավորվածության համաձայն` Իրանը ստացել է «Ավտոբազա» ՌԷՊ համալիրներ: Դրանք հիմնականում կիրառվում են ռադիոազդանշաններ հայտնաբերելու համար, այդ թվում այնպիսի օբյեկտներից, ինչպես ինքնաթիռների ռադարներ, զենքի կառավարման ռադարներ և այլն: «Ավտոբազայի» կազմում ընդգրկված են սարքավորումներով մեկ մեքենա Ուրալ բեռնատարի բազայի վրա և էլեկտրակայան Կամազ բեռնատարի բազայի վրա:
Բիրյուլինը նաև հավելել է, որ իրենք մշտապես բանակցում են Իրանի հետ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներից դուրս տարբեր պաշտպանական զինատեսակների հնարավոր վաճառքի վերաբերյալ:
2010թ. ՄԱԿ-ում բանաձև է ընդունվել, որը արգելում է Իրանին տարբեր տեսակի սպառազինություն վաճառել: Նույն թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել ՄԱԿ-ի պատժամիջոցների ցանկում ներառված С-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքը Իրանին չեղյալ հայտարարելու մասին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական