Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ



Ես պիտի տրամադրվեմ զրույցի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հերթական ակնարկիս հերոսի կենսագրության մեջ ինչ-որ հետաքրքիր, առինքնող բան գտնեմ։ Հենց այդ ակնկալիքով ես կարդում եմ նրա կենսագրությունը։ «ՊՆ կենտրոնական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի պետ, բժշկագիտության թեկնածու կապիտան Արման Հակոբյանը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, ապա՝ Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային ուսուցման ակադեմիան։ Մեկ տարի անց պաշտպանել է թեկնածուական թեզը «Հեմոռագիկ ինսուլտների բուժումը» թեմայով…»։ Պարզ է։ Դասական կենսագրություն ունի։ Տեսնելով բժիշկ ծնողների մարդասիրական աշխատանքը, մանկուց երազել է բժիշկ դառնալ։

Ես չէի սիրում դպրոցը։ Մորս ըմբռնմամբ՝ սովորել նշանակում էր սովորել գերազանց, բոլորից լավ։ Իսկ ես երեքներ էի ստանում, ինձ դժվար էր որեւէ բան պարտադրել։ Հայրս հոգեբան էր, մայրս հոգեբույժ, ու նրանք շատ լավ էին հասկանում, որ ես ինքս պիտի գտնեմ իմ ճանապարհը, ու միակ ճիշտ վերաբերմունքն ինձ չխանգարելն է։ Ես անհնազանդ աշակերտի համբավ ունեի, կազմակերպչական ունակություններս վատնում էի համադպրոցական մասշտաբի անկարգություններ ու ընդհարումներ հրահրելով։ Այնուամենայնիվ, պարաշյուտով 1000 մետր բարձրությունից թռչելը ավելի մեծ հաճույք էր, քան նույնիսկ ամենահաջողված անկարգությունը։ Վերջին անգամ թռել եմ, երբ 14 տարեկան էի ու դրանից հետո միշտ երազել եմ թռչել։ Աստված մարդուն ստեղծել է քայլելու համար, ու թռչելիս մի քանի րոպե դու ազատվում ես բնության օրենքներից։ Ավելին՝ բնությանը թելադրում ես քո կամքի օրենքը։
Այնուամենայնիվ, մայրը կարողացավ իր երազանքը դարձնել որդունը՝ այնքան նրբորեն, այնքան աննկատ, որ տղան անգամ չկասկածեց, որ իրեն ուղղորդել են։ Մայրը հոգեբույժ էր, ու նրա հիվանդները մարդիկ էին, «ովքեր աշխարհն ընկալում էին մյուսներից տարբեր»։ Եվ հանրապետական հիվանդանոցում բժշկուհի Գայանե Մարգարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով բացված մարմնա-հոգեբուժության բաժանմունքը (առաջինը՝ Հայաստանում) արտասովոր ու սովորական մարդկանց (հիվանդների ու առողջների) աշխարհը իրարից զատող անջրպետը վերացնելու մի քայլ էր։
Ես բժշկական ինստիտուտ գնացի հոգեբույժ դառնալու մտադրությամբ։ Ճիշտ չի լինի, եթե ասեմ, որ շատ խանդավառված էի այդ գաղափարով։ Մինչեւ չորրորդ կուրս ես «լայնքով ու երկայնքով» վայելում էի ուսանողական կյանքը ու ձեռքի հետ փոխադրվում էի կուրսից կուրս։ Չորրորդ կուրսում սկսվեց ուսումնառության պրակտիկ շրջանը։ Հիվանդանոցում ես տեսա բժիշկ-հիվանդ շփումը, տեսա՝ ինչպես է մարդն օգնում մարդուն, ինչպես է դառնում նրա փրկիչը, ես հարգեցի այդ մասնագիտությունը ու որոշեցի, որ բժիշկ եմ դառնալու։ Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային ուսուցման ակադեմիայում սովորել եմ բարձր առաջադիմությամբ։ Արդեն կար նպատակ ու … պարաշյուտով թռչելու պես բան էր։ Եթե որոշել եմ, եթե դա ինձ պետք է, ուրեմն՝ պիտի թռչել (թեկուզ 1000 մետրից)։ Շատ քչերն են կարողանում ակադեմիան ավարտելուց մեկ տարի անց պաշտպանել թեկնածուական թեզը։ Ես նեյրովիրաբուժությունն էի ընտրել, քանի որ այն բժշկության քիչ ուսումնասիրված ճյուղերից է, պահանջում է ստեղծագործ աշխատանք, իմպրովիզ, կապված է մեծ ռիսկի հետ… առեղծված ունի իր մեջ։
Մի անգամ ինձ հարցրին, թե ինչ տվեցին ակադեմիայում սովորելու տարիները ինձ, եւ մտածում էին, որ ես կխոսեմ մասնագիտական գիտելիքներից, հմտություններից… այդ շրջանի իմ ամենակարեւոր ձեռքբերումը այն էր, որ ես բացահայտեցի ուժեղ լինելու բանաձեւը (ես միշտ ցանկացել եմ ուժեղ լինել։ Մինչ այդ բժշկի մասնագիտությունը ինձ համար սեփական ուժի ու գերազանցության ցուցադրում էր)։ Ես հասկացա, որ ամենաուժեղ մարդը նա է, ով կարողանում է ոչ միայն բարձրանալ, այլեւ բարձրացնել ուրիշին, որ կարողանում է ոչ միայն հարգվել, այլեւ հարգել կողքիններին։ Սա ամենամեծ դասն է, որ ես ստացել եմ կյանքում։
Իսկ բժշկի բարոյական կոդեքսը ամբողջացավ քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ, դրվագ առ դրվագ՝ սեփական կենսափորձի, ապրումների, ձեռքբերումների ու սխալների, ձախողումների ու նվաճումների ճանապարհին։ Դարձավ հավատամք, կենսակերպ…
Սանկտ Պետերբուրգում իմ ղեկավարներից մեկը (հռչակավոր մասնագետ) ասում էր՝ կապիկին էլ կարելի է վիրահատել սովորեցնել, իսկ մենք առաջին հերթին պիտի սովորեցնենք, թե երբ պետք չէ վիրահատել։ Վիրահատությունը արհեստ է, ֆիզիկական աշխատանք, այսօր վիրահատության ելքը որոշում է տեխնիկան, բուժսարքավորումների արդիականությունը։ Հիվանդն ավելի շուտ է ապաքինվում, երբ վստահ է լինում, որ բուժվելու է։ Երբ տեսնում է, որ բժիշկը հնարավոր ամեն ինչ անում է, որ ինքը ոտքի կանգնի։ Ես սովորաբար կիրակի օրերը գնում եմ հոսպիտալ, մտնում եմ բոլոր հիվանդասենյակները։ Հիվանդները հասկանում են, որ իրենք ուշադրության կենտրոնում են, որ բժիշկը իրենց կողքին է, ու այդ միտքը նրանց հավատ է ներշնչում։ Այդ հավատը շատ ավելի մեծ ուժ ունի, քան վիրահատական նշտարն ու բոլոր դեղերը։ Հիվանդի հանդեպ վերաբերմունքն է (բժշկի կերպարը), որ վիրաբույժին արհեստավորից դարձնում է բժիշկ։
Արման Հակոբյանը Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային ուսուցման ակադեմիան ավարտելուց ու թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո վերադառնում է Հայաստան եւ երկու տարի հանրապետական հիվանդանոցում աշխատելուց հետո ծառայության է անցնում զինված ուժերում։ Ես մտածում եմ, որ գոնե այստեղ Արման Հակոբյանը այդքան «օրիգինալ» չի լինի։ Կասի, որ հայրենիք է վերադարձել հայրենասիրությունից դրդված եւ մտել է զինված ուժեր՝ գնահատելով բանակի բացառիկ արժեքը, եկել է, որ իր ավանդը բերի բանակաշինության գործին։
Ես իմ նախաձեռնությամբ չեմ եկել բանակ, ինձ զորակոչել են, երբ որոշվեց գիտությունների թեկնածուներին զորակոչել ժամկետային ծառայության։ Ես մնացի բանակում, որովհետեւ բանակի բուժծառայությունը զինված էր ամենաարդիական բուժսարքավորումներով, եւ մենք կարող էինք ապահովել բարձրորակ բուժօգնություն։ Կոնկրետ նեյրովիրաբուժության բաժանմունքը աշխատում է ամենաարդիական տեխնիկայով (Հայաստանի քաղաքացիական բուժհիմնարկները առաջիկա 10 տարում չեն կարող հասնել այդ մակարդակին)։ Նման սարքավորումները եզակի են նաեւ տարածաշրջանում եւ հնարավորություն են տալիս զբաղվել մինիմալ ինվազիվ նեյրովիրաբուժությամբ, անել այնպիսի բարդ վիրահատություններ, ինչպիսիք են միջողային աճառների ճողվածքների էնդոսկոպիկ հեռացումը, ողի մարմինների ախտահարման ժամանակ դրանց լիցքավորումը ոսկրային ցեմենտով եւ այլն։ Ես քանիցս վերապատրաստվել եմ արտերկրում, աշխատել եմ Հայաստան հրավիրված՝ եվրոպական երկրների առաջատար վիրաբույժների հետ ու կարող եմ վստահաբար ասել, որ ՊՆ կենտրոնական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքը իր տեխնիկական հագեցվածությամբ եւ բուժսպասարկման որակով բավարարում է աշխարհում ընդունված ամենաբարձր չափանիշները։
Բանակի բուժծառայությունը թեւակոխել է զարգացման նոր փուլ, որտեղ ռազմական բժշկությունը չի դիտվում որպես ռազմադաշտային բժշկություն, այլ, հետեւելով զարգացած երկրների փորձին, հավակնում է դառնալու երկրի բժշկական համակարգի ամենազարգացած ու առաջավոր կառույցը։ Դիագնոստիկա, ռենտգեն ախտորոշում, նեյրովիրաբուժություն, արյան փոխներարկում, վերակենդանացում… այս եւ մի շարք այլ ուղղություններով բանակի բուժծառայությունը անմրցակից է Հայաստանում։
Ես որպես բժիշկ, ունեմ ինքնաբավարարվածության մեծ զգացում, որովհետեւ տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս օգտագործել իմ մասնագիտության բոլոր հնարավորությունները, համընթաց քայլել ժամանակի զարգացումներին։ Հանգիստ չեմ ունենա, եթե իմանամ, որ աշխարհում կա մի մեթոդ, որը կարող է դրականորեն ազդել նեյրովիրահատության արդյունքների վրա, ու մենք հնարավորություն չունենք կիրառելու այն։
Ես մտածում եմ, որ նա չի ասել ամենակարեւորը։ Մի բան, որը հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ է զգում բժիշկը վիրահատարան մտնելուց առաջ, երբ, իր բառերով ասած, բոլոր ցուցանիշները դեմ են կյանքին, կամ ապրել-մեռնելու հավանականությունը հօգուտ կյանքի չէ։ Ինչ զգացումներ են արթնանում հոգում, երբ այնուամենայնիվ հաջողվում է հաղթել…
Չպետք է թույլ տաս, որ հիվանդը դառնա կյանքիդ առանցքը, որ տանը, փողոցում, հյուր ընդունելիս, զվարճանալիս միտքդ զբաղված լինի անցած կամ գալիք վիրահատությամբ։ Նեյրովիրաբույժը մի մարդ է, որը ապրում է կյանքի ու մահվան սահմանագծին, որի կյանքը անվերջ փորձությունների շղթա է։ Որի համար ռիսկը մասնագիտական պարտք է։ (Եթե հիվանդին փրկելու գոնե մեկ տոկոս շանս կա, մենք օգտագործում ենք այդ շանսը)։ Ո՞նց բացատրեմ, թե ի՞նչ է զգում բժիշկը, երբ ասում է հիվանդի հարազատներին՝ ցավում եմ, ես արեցի հնարավոր ամեն ինչ։ Ո՞նց բացատրեմ, թե ինչ է զգում բժիշկը, երբ բոլոր ցուցանիշները մահ են գուժում, բայց ինքը վիրահատարանից դուրս է գալիս հաղթանակած, ու այդ ժամանակ է, որ բոլոր երկվությունները նահանջում են։ «Արժե՞ր որ։ Արժեր այսքան դժվար ապրել»՝ կասկածը դառնում է անհեթեթ, ծիծաղելի։
Ես նոր հարց չեմ տալիս, բայց վիրաբույժը սահուն փոխում է զրույցի թեման։ Եվ այս վերջաբանը ավելի ճշգրիտ է արտացոլում բեւեռների վրա ապրող մարդու հոգու պատկերը…
Սանկտ Պետերբուրգում սովորելու տարիներին իմ ուսուցիչներից մեկը (փառահեղ մասնագետ, մեծ բարձունքների հասած) կաթվածահար էր եղել, ու նրան պետք էր հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց տեղափոխել։ Նա 10 զավակ ուներ, մի քանի տասնյակ թոռներ, բայց դժվարության պահին կողքին հարազատներից ոչ ոք չկար. մենք էինք՝ նրա ուսանողները։ Ավելի ողբերգական պատկեր չեմ տեսել, երբ մարդը մնում է մենակ, չվարձատրված, անօգնական։
…Երբ մարդը չի պայքարում հանուն իր կյանքի, երբ չի ուզում ապրել, մեծ ջանքեր են պետք նրան փրկելու համար։ Բայց պատահում է հակառակը. մարդը չի կտրում կապը կյանքի հետ, չի կորցնում ապրելու մեծ ցանկությունը, ու հրաշք է կատարվում։ Ապրում է՝ ի հեճուկս բոլոր հաշվարկների, բոլոր օրինաչափությունների։
…Ես աղջիկ ունեմ։ 12 տարեկան է։ Արտասովոր աղջիկ է, նման չէ իր հասակակիցներին։ Բանաստեղծություններ է գրում։ Պոեմ է հրատարակել «Պոետների վեճը» վերնագրով, մասնակցում է «Կանաչների» շարժմանը։ Ես պիտի կարողանամ ավելի շատ ժամանակ տրամադրել նրան, ավելի մոտ լինել նրա ապրումներին, երազանքներին, տագնապներին, ձգտումներին…
…Այն ժամանակը, որ ես տրամադրում եմ հոսպիտալին… անձեռնմխելի է։ Եթե մեր հոսպիտալը վերանորոգվի, կդառնա հանրապետության լավագույն կլինիկան։ Մեծ բարեբախտություն էր, որ ես ծառայում եմ բանակում ու ստիպված չեմ մտածել, թե ինչ եկամուտ կբերի այս կամ այն վիրահատությունը կլինիկային, ստիպված չեմ հաշվել բուժծառայության օգտակար գործողության գործակիցը։ Երբ սկսում են հաշվել եկամուտները, բժշկությանը բարոյական մեծ վնաս է հասցվում։ Ցավոք՝ տուժում է հիվանդը։
Վերջերս վիրահատեցի մի ազատամարտիկի։ 8000 եվրո արժողությամբ իմպլանտ տեղադրեցի ողնաշարում։ Հիվանդը կյանք վերադարձավ։ Բայց ապաքինվելու ուրախությունից ավելի զորեղ այն հպարտությունն էր, որ պետությունը իրեն մենակ չի թողել, որ ինքը պաշտպանված է, գնահատված։ Եթե պետք լինի, էդ իմպլանտը ողնաշարի մեջ՝ նորից կռիվ կգնա։ Այնքան խանդավառված էր, ոգեղեն, հզոր։
Թե չլիներ կենտրոնական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքը, մեր հիվանդները ստիպված կլինեին նման բուժծառայություն ստանալու համար հասնել որեւէ եվրոպական երկիր եւ ծախսել 50-60 հազար եվրո գումար։ Սահմանին, դիրքում կանգնած սպան ու զինվորը պետք է վստահ լինեն, որ իրենց ընտանիքների անդամների առողջությունը պաշտպանված է պետության կողմից։ Այդ դեպքում նրանք ավելի նվիրված կծառայեն։
Ես մի օր նորից կթռչեմ պարաշյուտով։ Վերեւում ուրիշ չափումներ են։ Հետո մի ամբողջ կյանք այդ չափումները փնտրում ես գետնի վրա…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (863) 8.12.2010 – 15.12.2010, Ազգային բանակ


16/12/2010