Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐԲԱՇՅԱՆՑԻՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ



ՋՐԲԱՇՅԱՆՑԻՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸՕրերս Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Կարեւորելով պետության հիմնասյուները կազմող բանակ-դպրոց, աշակերտ-զինվոր երկմիասնության անքակտելի կապը՝ ջրբաշյանցիները հյուրընկալել էին զինվորականների, հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված հերոսների ընտանիքի անդամների:

Համերգային ծրագրում ընդգրկված էին Ռոբերտ Պետրոսյանի «Հայաստան», Աշոտ Սաթյանի  «Մարտիկի երգը», Աշոտ Բեգոյանի «Ախպերս ու ես», Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ», Մուրադ Մշեցու «Արծի՛վ, սլացի՛ր» ռազմահայրենասիրական երգերը: Առանձնակի ոգևորող էր Արցախյան շարժման առաջին իսկ օրերից զինվորագրված ազատամարտիկ, Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում մի շարք ռազմական գործողությունների մասնակից Գուսան Հայկազունի «Հպարտ գնացե՛ք», «Գետաշեն», «Հայե՛ր, միացե՛ք» երգերի մեկնաբանությունը, որոնց կողքին համերգային ծրագրում տեղ էին գտել նաև հայ զինվորի հերոսական ոգին ու անկոտրում կամքը ռազմի դաշտում կռած ռազմական խրոխտ պարերը:

Խոնարհումի և հուզմունքի միախառն զգացում ապրեցին ներկաները, երբ լռության րոպեից հետո բեմ բարձրացած պատանի ջրբաշյանցու սրինգը դահլիճում ելևէջեց Արամ Ավագյանի «Տուն իմ հայրենի» ստեղծագործությունը՝ որպես մարտի դաշտում ընկած և անմահացած հերոսներին հարգանքի տուրք:

Ազատամարտի քուրայում ծնված Հայոց բանակի 28-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագրի ավարտն ազդարարվեց Առնո Բաբաջանյանի «Սերենադ» ստեղծագործությամբ և Գևորգ Արմենյանի «Նվագախմբի տղաները»  ֆիլմից հանրածանոթ քայլերգով:

 

ԱՆԻ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն

Խորագիր՝ #6 (1326) 12.02.2020 - 18.02.2020, Բանակ և հասարակություն


13/02/2020