Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՓՐԿԵՑԻՆ ՄԵԾ ԵՌՅԱԿԻ ԿՅԱՆՔԸ. ԿԱՄ՝ ՀՐԱՄԱՅՎԱԾ ԷՐ ԱՊԱՀՈՎԵԼ ՎԱՏ ԵՂԱՆԱԿ…



ՆՐԱՆՔ ՓՐԿԵՑԻՆ ՄԵԾ ԵՌՅԱԿԻ ԿՅԱՆՔԸ, ԿԱՄ՝ ՀՐԱՄԱՅՎԱԾ ԷՐ ԱՊԱՀՈՎԵԼ ՎԱՏ ԵՂԱՆԱԿ...ՀՀ ԱԱԾ արխիվի գաղտնազերծված փաստաթղթերի հետ աշխատելիս հանդիպեցի Եվգենի Ժիրնովի  «Մետեոսվոդկա» գործողությունը» հոդվածին՝ գրված 2000 թվականին ԱԱԾ ներքին օգտագործման համար։ Նախկինում «Խիստ գաղտնի» ծածկագրով պահվող, 2010 թ. արդեն գաղտնազերծված այդ փաստաթուղթն ինձ հետաքրքրեց հայերի մասին Լավրենտի Բերիայի՝ Ստալինին 1945 թ. հունվարի 26-ին գրած հաղորդագրությամբ, որի թարգմանությունը որոշ կրճատումներով  բերում եմ ստորև.

«Սիմֆերոպոլ քաղաքի ազատագրումից հետո՝ 1944 թ. ապրիլի 13-ին, 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի «Սմերշ» վարչություն մեղայականով ներկայացան գերմանական հետախուզության երկու գործակալ-ռադիստներ.

  1. Հովհաննիսյան Սարիբեկ Կարապետի, ծնվ. 1922 թ., Երևան քաղաքի բնակիչ, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 89-րդ դիվիզիայի հրետանային գնդի նախկին կապավոր, 1943 թ. Կուբանում գերեվարվել է, պահվել Սիմֆերոպոլի ռազմագերիների ճամբարում։ 1943 թվականին հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ է անցել հետախուզության դպրոցում։
  2. Թոռլաքյան Նորայր Գարեգինի, ծնվ. 1917 թ., Սոչիի քաղաքացի, հայ, ՀամԼԿԵՄ նախկին անդամ, 442-րդ հրաձգային գնդի նախկին կարմիրբանակային, 1941 թ. հոկտեմբերին գերի է ընկել, պահվել Ջանկոյ քաղաքի ռազմագերիների ճամբարում, հավաքագրվել է գերմանական հետախուզության կողմից, ռադիստ-գործակալի հատուկ դասընթացներ է անցել հետախուզության դպրոցում։

Հովհաննիսյանն ու Թոռլաքյանը պատմեցին, որ Սիմֆերոպոլից հեռանալուց հետո գերմանացիներն իրենց թողել են այստեղ` Կարմիր բանակի թիկունքում աշխատելու համար։ Նրանց վկայությամբ՝ իրենց հետ նաև 4 հայ է եղել…

Հանձնարարությունները կատարելու համար խումբը համալրվել է դյուրատար կարճալիք 4 ռադիոկայաններով, 240 000 խորհրդային ռուբլով, սննդամթերքով, անձնական զենքով և կեղծ փաստաթղթերով։ Թշնամուն ապատեղեկատվություն տալու, հետախուզության ռադիոալիքները որսալու և մերոնց տրամադրելու նպատակով մեր հետախույզները «մշակել են» Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին և սկսել «ռադիոխաղեր» կազմակերպել թշնամու հետ։ Թշնամուն երկու ռադիոկայանների կողմից հաղորդվել են 40 ապատեղեկատվական տեքստեր, որոնց բովանդակությունը հաստատել է Կարմիր բանակի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-գնդապետ Կուզնեցովը։ Միաժամանակ, գերմանական հետախուզության առջև դրվեց Թոռլաքյանի մտացածին կապը իբրև թե սարերում թաքնվող ութ հոգանոց խմբի հետ` որոնց վնասազերծելու համար պահանջվեցին լրացուցիչ ուժեր։ Նոր գործակալներ ուղարկելուն գերմանացիները համաձայնեցին, բայց, նկատի ունենալով հեռավորությունը, 1944 թ. հոկտեմբերի 15-ին առաջարկեցին խմբին տեղափոխվել Ուկրաինա և խմբից համապատասխան փաստաթղթերով ու պայմանանշանով կապավոր պահանջեցին՝ տեղափոխումն իրականացնելու համար։ 1944 թ. դեկտեմբերի 23-ին պայմանավորված վայրում հակառակորդը պարաշյուտով իջեցրեց գերմանական հետախուզության գործակալ Խակիմ Գալիևիչ Շակիրզյանովին` 1908 թ. ծնված թաթար, հանձնարարելով նրան կապվել խմբի հետ և հանձնել 527180 ռուբլի, զանազան կեղծ փաստաթղթեր, զինվորական մասերի կնիքներ ու դրոշմակնիքներ, համազգեստ, ռադիոկայանների մարտկոցներ։ Ձերբակալված Շակիրզյանովը պատմեց, որ գերմանական հետախուզությունը հրամայել է վերախմբավորվել Պրիպյատ գետի շրջանում։ 1945 թ. հունվարի 21-ին հերթական սեանսի ժամանակ թշնամին փոխանցեց հետևյալ հաղորդագրությունները.

  1. «Պատասխանե՛ք, կարո՞ղ է ձեզանից որևէ մեկը ճեղքել Ուկրաինական 2-րդ կամ 3-րդ ռազմաճակատների գիծն ու հասնել մեզ։ Ի՞նչ նորություն կա Ղրիմում»։
  2. «Ամեն օր մեզ հաղորդեք եղանակի տեսությունը` ջերմաստիճանը, քամու արագությունն ու ուղղությունը, ամպամածությունը` քառորդ, կես, երեք քառորդ, լրիվ ձևաչափերով, արևը, ձյունը, ամպամածությունը և այլն։ Ողջույն»։

Նկատի ունենալով, որ հակառակորդը խմբին հանձնարարել է տեղափոխվել Պրիպյատ գետի շրջան, Ղրիմի եղանակի մասին հարցումը արժանի է ուշադրության։ Անհրաժեշտ է նշել, որ եղանակի մասին այսպիսի տվյալներ հակառակորդը պահանջում է նաև ռադիոխաղի մեջ ներգրավված այլ ռադիոկայաններից։ Այնուամենայնիվ, ստուգելու համար, թե արդյոք հակառակորդը այս պահին հատուկ ուշադրություն չի դարձնում Ղրիմին, համարում եմ անհրաժեշտ, որպեսզի «Սմերշ» գլխավոր վարչությունը կապի հերթական սեանսում գերմանացիներին ուղարկի հետևյալ հաղորդագրությունը.

«Ձեզ մոտ գալիս է Աստադուրյանը` մեր թաթարի հետ։ Ասացե՛ք՝ ինչպե՞ս ճիշտ հասնել Ձեզ։ Բացի այդ, շտապ հաղորդեք` ինչպե՞ս Ձեզ հասնեն մյուսները»։

Եթե հակառակորդը, իրոք, հատուկ ուշադրություն է դարձնում Ղրիմին, ապա խմբին կհանձնարարի մնալ տեղում ու հստակ հանձնարարություն կտա, ինչը հնարավորություն կընձեռի պարզելու գերմանացիների նպատակներն ու գործողությունների ծրագիրը։

Հետագա իրադարձությունների մասին կզեկուցվի Ձեզ։

ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ՝ Լ.Բերիա» (ստորագրություն, կնիք):

Ընթերցողի ներողամտությունը հայցելով ընդարձակ մեջբերման համար, ասեմ, որ այս գործողության մասին, հայտնի պատճառներով, ուրիշ վկայություններ չեն պահպանվել։ Անհրաժեշտ էր որոնել ու գտնել նամակում հիշատակված անձանց, կամ, գոնե, նրանց հարազատներին։ Որոնումներիս առջև կանաչ լույս վառեց  հայ ժողովրդի պատմությանը քաջատեղյակ Վահագն Սահակյանը։ Իմ առաջարկին՝ հանդիպել արդեն իսկ գաղտնազերծված քեռու հետ, Վահագնը չմերժեց, ու րոպեներ անց մենք Սարիբեկ Հովհաննիսյանի՝ Զեյթունի ծայրամասում տեղավորված հիսնական թվականներին սեփական ձեռքերով կառուցած հյուրընկալ օջախում էինք։

Ճակատագրի դառը խաղով, երբ Հովհաննիսյանն առողջ էր, ասող-խոսող, իրավունք չուներ իր անցյալի մասին որևէ բան ասել, հրամայված էր լռել, իսկ երբ, արդեն երկու տարի առաջ, իննսունի շեմին հասած ծերունուն հայտնի կազմակերպությունից եկան ու ասացին, որ իր գործունեությունը գաղտնազերծված է ու կարող է ազատ խոսել, գլխուղեղի կաթված (ՌվրցսՖՑ) էր տարել, խոսելու ունակությունը կորցրել, նորից շարունակելով լռել՝ արդեն Աստծու կամոք… Ընտանիքի անդամներն էլ տեղյակ են նրա կյանքի մինչպատերազմյան և հետպատերազմյան հատվածից միայն, նրանց խնդրանքներին՝ պատմել պատերազմի տարիների իր գործունեության մասին, Սարիբեկը լռել ու բազմանշանակ ժպտացել է միայն։ Ու ինձ մնում էր նախօրոք հայթայթած տեղեկություններս ներկայացնելով՝ ապավինել հերոսի դեմքի արտահայտություններին,  «հա ու չէ»-ին՝ ամբողջացնելու այս հետաքրքիր մարդու կենսագրությունը։

Ծնվել է 1923 թ. հունիսի 22-ին, Սևանի շրջանի (այժմ՝ Գեղարքունիքի մարզի) Դդմաշեն գյուղում, սովորել դպրոցում, տարվել նկարչությամբ։ Այսօր էլ նրա համեստ բնակարանի միակ «կահկարասին» իր նկարներն են։ Դպրոցն ավարտելուց հետո եկել է Երևան` նկարչական ուսումնարան ընդունվելու, սակայն պատերազմը խառնել է բոլոր ծրագրերը։ Վերադարձել է գյուղ, մտել զագսի վարիչի մոտ, խնդրել է մեկ տարով իրեն մեծացնել, որպեսզի առանց խոչընդոտի բանակ մեկնի։ Չեն մերժել, դիմում է գրել ու կամավոր ռազմաճակատ մեկնել։ Կռվել է Հյուսիսային Կովկասում, Կուբանում,Ղրիմում։ Քանի որ կատարելապես տիրապետում էր Մորզեի այբուբենին, անգլիական արտադրության շարժական ռադիոկայան են տվել, նշանակել ռադիստ ու խստորեն զգուշացրել` կա՛մ կյանքդ, կա՛մ ռադիոկայանը։ Մի անգամ Կուբանում ռմբակոծության ժամանակ մարմնով պաշտպանել է ռադիոկայանը, ցնցակաթված ստացել ու… հայտնվել գերմանական համակենտրոնացման ճամբարում։ Այստեղ հանդիպել է Ջանկոյի ճամբարից հավանաբար գնդակահարության համար այստեղ տեղափոխված Նորայր Թոռլաքյան անուն-ազգանունով սոչիաբնակ հայի, որը նույնպես ռադիստ էր։ (Երկար պրպտումներից հետո ինձ հաջողվեց պարզել, որ Նորայրը հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչներին պատժելու կոչված «Նեմեսիս» հայտնի գործողության հերոս, 1921 թվականի հուլիսի 21-ին Կոստանդնուպոլսում  Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Բաքվի հայերի դահիճ Բիհբութ Ջիվանշիր Խանին շանսատակ արած ու Անգլիայի ռազմական դատարանի կողմից արդարացված Միսաք Թոռլաքյանի հորեղբոր որդին էր։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միսաքը համագործակցել է Դրաստամատ Կանայանի հետ և հավանաբար նրա խնդրանքով էլ վերջինս համակենտրոնացման ճամբարից հանել է Հովհաննիսյանին ու Թոռլաքյանին)։

Ինչևէ, գերեվարվելով, երկու ընկեր պայմանավորվում են ռադիստ լինելու մասին լռել, քանի որ ֆաշիստները ռադիստներին ևս հրեաներին ու կոմունիստներին համահավասար առաջնահերթ կարգով էին գնդակահարում։ Սակայն, շատ չանցած, Թոռլաքյանն ինչ-ինչ պատճառներով հայտնում է իր և Սարիբեկի ով լինելը, ու սարսափով սպասում են իրենց վերջին։ Գերմանացի սպայի հագուստով միջահասակ սևահեր մի տղամարդ մտնում է ճամբար ու երկու ընկերների ազգանուններն ընթերցելով` դուրս է հրավիրում նրանց։ Նրանք հրաժեշտ են տալիս ընկերներին, մտովի «մնաք բարով» ասում հարազատներին ու գնում դեպի անհայտություն։ Հանկարծ սպան բացում է ճամբարի բակում սպասող շքեղ մեքենայի դուռն ու հրավիրում տղաներին նստել, ինքն էլ նստում է վարորդի կողքին։ Հետո նա սկսում է հայերեն խոսել, հարցնում է՝ ով որտեղից է, ու երբ իմանում է Սարիբեկի` դդմաշենցի լինելը, չի թաքցնում ուրախությունն ու հարցնում է. «Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Սերոբին»։ Սարիբեկն ասում է, որ Սերոբն իր հորաքրոջ ամուսինն է։ Սա լսելով` անծանոթ սպան տեղից վեր է թռչում, շուռ է գալիս, փաթաթվում Սարիբեկին ու ասում. «Սերոբն իմ Աստվածն է,փրկիչը, նա շուրջ երկուհարյուր հոգանոց իմ ջոկատը մեկ ամսից ավելի հյուրընկալել է իր և իր հարազատների տանը, կերակրել, պահել, ուրեմն դուք իմ հարազատներն եք, ձեր անվտանգության համար, ինչպես նաև մեր ժողովրդի ապագայի համար կանեք այն, ինչ կասեմ»։ Այնուհետև սպան տղաներին համոզում է իրենց մասնագիտությամբ ծառայել Գերմանիային, իր կարծիքով` նաև Հայաստանին։ Մի պահ տղաներն ընդդիմանում են, հետո Թոռլաքյանն աչքունքով հասկացնում է, որ համաձայն են։ Հաջորդ օրն ստանում են համազգեստ, նոր, առավել կատարյալ ռադիոկայան ու անցնում գործի…

Անցյալ դարի քառասունական թվականների ինքնաթիռների անվտանգ թռիչքի համար կարևոր նախապայման էր եղանակի ճշգրիտ իմացությունը. դեռևս չկար «կույր թռիչք»-ի տեխնիկան։ Առանց եղանակի տեսության ոչ մի ինքնաթիռ օդ չէր բարձրանում։ 1945 թվականի փետրվարի սկզբներին Յալթայում Եռյակի կոնֆերանսն սկսվելուց առաջ գերմանացիները ակտիվորեն լծվել էին Թեհրանում  ձախողած գործողության նորովի իրագործմանը Յալթայում՝ մի հարվածով վերացնելու Ստալինին, Չերչիլին ու Ռուզվելտին, փոխելու պատերազմի ընթացքը։ Պատահական չէ, որ գերմանացիների գրաված Խորհրդային արևմտյան տարածքներում, հատկապես Սև ծովի ավազանի երկրներում, տեղակայվել էին մինչև ատամները զինված միավորումներ, հետախույզներ, ռազմական տեխնիկա, հարյուրավոր ռմբակոծիչներ։ Վերջիններիս թռիչքն ապահովելու համար, ինչպես ասվեց, պետք էր եղանակի ճշգրիտ տեսություն, որի պատասխանատվությունը Հովհաննիսյանի ու Թոռլաքյանի վրա էր։ Եվ, ուրեմն, 1944 թ. ողջ ընթացքում, 1945 թ. առաջին օրերից սկսած, գերմանական հատուկենտ ինքնաթիռներ հայտնվեցին Ղրիմի երկնքում, իսկ փետրվարի 4-ից 11-ը, երբ Յալթայում աշխատում էր երեք դաշնակից տերությունների համաժողովը, երկինքը լիովին խաղաղ էր, քանզի «եղանակը թռիչքային չէր»։ Իսկ Իոսիֆ Ստալինը, որին արդեն զեկուցել էին մեր հետախույզների կազմակերպած գործողությունների մասին, թափանցիկ ակնարկներով հասկացնել էր տվել Ֆրանկլին Ռուզվելտին և Ուինստոն Չերչիլին, որ արևոտ այդ եղանակին գերմանական ինքնաթիռների չթռչելը մերձսևծովյան օդանավակայաններից՝ խորհրդային անվտանգության ծառայությունների ձեռքի գործն է։ Մինչև գերմանացիները գլխի կընկնեին, թե ինչ էր պատահել, խորհրդային զորքերը լիովին ազատագրեցին Ղրիմն ու մերձսևծովյան երկրները, և «գերմանացի» ռադիստները նորից իրենց նախկին տեղում՝ հայրենակիցների գրկում հայտնվեցին։

Միանգամայն պարզ ու հասկանալի է, որ մեր հերոսներին  խորհրդային հատուկ ծառայությունները չէին հավատա, եթե բազմակողմանի ստուգման չենթարկեին, չհամոզվեին, որ նրանք թե՛ այստեղ և թե՛ գերության մեջ անվերապահորեն ծառայել են Մայր հայրենիքին, որն այդ տարիներին Խորհրդային Միությունն էր։ Իսկ թե ով էր գերմանական համակենտրոնացման ճամբարից իրենց փրկողը, Հովհաննիսյանն իմացել է տարիներ անց` «գերմանացի» սպային հար և նման մի նկարի տակ կարդալով Դրաստամատ Կանայանի (Դրո) անունը: Հետո տարեց համագյուղացիները պատմել են, որ, իրոք, 1921 թ. փետրվարին Դրոն իր ջոկատով շուրջ մեկ ամիս հյուրընկալվել է Դդմաշենում։

 

ԱՍՔԱՆԱԶ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական պատմաբան-վերլուծաբան

Խորագիր՝ #6 (1326) 12.02.2020 - 18.02.2020, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


13/02/2020