ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ԿԱՎԵԼԱՑՆԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆ
Սպառազինության միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով 2003-2010թթ. Հնդկաստանը ներկրել է 18,864 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք: Նույն շրջանում հետագա տարիների համար ձևավորված պատվերների քանակը ավելի քան կրկնակի գերազանցել է փաստացի գնումների ծավալը` կազմելով 38,579 միլիարդ դոլար:
Հնդկաստան սպառազինության խոշորագույն արտահանողն է հանդիսացել Ռուսաստանը: 11,154 միլիարդ դոլարի մատակարարումներով գրավելով շուկայի 59 տոկոսը: Ռուսաստանի համար ձևավորված պատվերների ծավալն էլ կազմել է 19,937 միլիարդ դոլար:
Խոշորագույն արտահանողների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում Իսրայելը, որը Հնդկաստան է մատակարարել 2,683 միլիարդ դոլարի արտադրանք: Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է 2,555 միլիարդով: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանը նշված ժամանակաշրջանում սպառազինություն է ներկրել 15 պետություններից:
Կենտրոնը ներկայացրել է նաև 2011-2014թթ. պատվերների գնային պատկերը` օգտագործելով արդեն հայտարարված գործարքների մասին տվյալները: Դրանց համաձայն` Հնդկաստանը առաջիկա տարիներին ավելի շատ ռազմական նշանակության արտադրանք կգնի: Ռուսաստանը կպահպանի սպառազինության խոշորագույն մատակարարի կարգավիճակը, սակայն տոկոսային հարաբերակցությամբ կզիջի իր դիրքերը, նախկին 59-ի փոխարեն կզբաղեցնի շուկայի 41 տոկոսը:
Դրա պատճառն այն է, որ ներկայումս Հնդկաստանը զինված ուժերի լայնածավալ վերազինման ծրագրեր է իրականացնում, և Ռուսաստանը բոլոր ուղղություններով չի կարող մրցունակ արտադրանք ներկայացնել: Բացի դրանից, Հնդկաստանը մատակարարների դիվերսիֆիկացիայի քաղաքականություն է վարում:
Նշենք, որ 2011-2014թթ. համար կանխատեսումների համաձայն` երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ԱՄՆ-ը` 7,11 միլիարդ դոլարով գրավելով շուկայի 18 տոկոսը: 2003-2010թթ. զենքի վաճառքի հնդկական շուկայում ամերիկյան մասնաբաժինը կազմել է ընդամենը 2,7 տոկոս:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական