Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏ



 

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԲանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը «Հայ զինվորի» լավագույն բարեկամն էր, նա մեր ընթերցողին տարիներ շարունակ ներկայացել է ոչ միայն իր հայրենաշունչ բանաստեղծություններով, այլև պատմաբանասիրական հրապարակումներով ու հրապարակախոսություններով: Փետրվարի 23-ին Երվանդ Պետրոսյանը կդառնար 80 տարեկան:

 

-Դուք ընթերցողին ավելի շատ հայտնի եք մանկական ստեղծագործություններով, ուստի անհնար է զրուցել մանկագրի հետ եւ չանդրադառնալ նրա մանկությանը:

-Շնորհակալ եմ մանկությանս օրերին վերադառնալու առիթի համար: Ծննդավայրս Արագածի լանջին է` խստաշունչ ձմեռներով, որ շուրջ կես տարի են տեւում. տարվա մնացած մասը բաժին է ընկնում մյուս եղանակներին: Բայց մենք` երեխաներս, հասցնում էինք օգտվել բոլորից էլ: Ձյունը տեղ-տեղ դեռ նոր միայն հալհլած, բոկոտն սար ու ձոր էինք ընկնում` ձնծաղիկ քաղելու եւ դիմավորելու եկող գարունը: Ամռանն ու աշնանը ո՜ւր ասես, որ չէինք հասնում, բերդ, Սուրբ Հովհաննես, մեծերի հետ մինչեւ իսկ Թթու ջուր, որն անմիջականորեն Արագածի լանջին է: Կամ դաշտերից սունկ էինք հավաքում, կոճղեզ էինք փորում-հանում…

Ձմռանը երբեմն արթնանում էինք ու շվարած կանգնում… ապա հարեւաններով ներսից ու դրսից միմյանց օգնում, որ դռները բացենք, դուրս ելնենք: Բուքն, ախր, ծեփում էր դուռ ու լուսամուտ (ոմանք լուսամուտ չունեին էլ): Ի՜նչ ուզում եք, ասեք, այն օրերին ձյուն շատ էր գալիս:

Չեմ կարող զսպել գայթակղությունս ու չհիշել նաեւ իմ ամենօրյա աղոթքները հարեւանուհի Եսթեր ադեի տանը` ասեղնագործած գույն-գույն խաչերի ու վառ մոմերի առջեւ, ուր ինձ սովորեցրել էին ծունկ չոքել ու խնդրել Պապեից (Աստծուց), որ պատերազմից տուն բերի հայրիկիս: Եվ Պապեն խնդիրքս լսեց…

-Մանկության տարիների՞ց եք մանկական ստեղծագործություններ գրել:

-Մանուկների համար սկսել եմ գրել զգալիորեն ուշ, քան` մեծահասակների (երեխա ունենալուց հետո): Եվ չեմ կարող պատկերացնել, որ մեկը դեռ վաղ տարիքից սկսի գրել… մանուկների համար: Մանկագրությունը լուրջ բնագավառ է:

-Այսօր Ձեր մանկական գործերը հասնում են փոքրիկներին: Ի՞նչ են տալիս նրանց Ձեր բանաստեղծությունները, եւ ի՞նչ տեղ ունի ռազմահայրենասիրական թեման Ձեր բանաստեղծություններում:

-Ինչպիսին գրողն է, այնպիսին էլ նրա ստեղծագործությունն է: Եթե իսկապես գրող է, նրա գործերը հայրենասիրությամբ են շնչելու` նույնիսկ անկախ թեմայից: Կարող են լինել, ասենք, բանաստեղծություններ` նվիրված բացվող գարնանը, ծնողներին, արեւին ու անձրեւին, եւ լինել ավելի հայրենասիրական, քան ռազմահայրենասիրական թեմայով գրված շատ գործեր: Իհարկե, կան եւ դեռ կգրվեն արժանավոր գործեր` նվիրված մեր պատմության հնօրյա կամ նորօրյա հերոսական դրվագներին` Ավարայրին ու Սարդարապատին, Արցախյան հերոսական մաքառումին, տարբեր ժամանակներում թշնամու դեմ ելած (ցավոք, նաեւ զոհված) բոլոր հայորդիներին, որոնց շնորհիվ է շարունակվել ու շարունակվում մեր պատմությունը:

Պատմահոր ասածի նման, այո՛, մեզանում եւս եղել են գրի եւ հիշատակության արժանի շատ մեծագործություններ: Էլ ինչի՞ համար են նրանք, եթե ժամանակ առ ժամանակ, տարբեր մոտեցումներով ու եղանակներով չպետք է վերածնվեն, հիշվեն սերունդների կողմից եւ ոգեշնչելով նրանց` չմղեն նոր մեծագործությունների: Դա գրողի կարեւոր խնդիրներից է, եւ շատերն են ձգտել ու ձգտում` իրենց ուժերի, հնարավորությունների սահմանում նպաստել դրան: Տարբեր ժամանակներում ես եւս փորձել եմ ոգեկոչել ե՛ւ մեր խորիմաստ ու պայծառ էպոսի հերոսներին, ե՛ւ հիշյալ հերոսամարտերը: Իսկ թե բանաստեղծություններն ի՞նչ են տվել ու տալիս հատկապես փոքրիկներին, ապա, ասեմ, որ բանաստեղծական պատկերավոր խոսքը նրանց մեջ արթնացնում է գեղեցիկի զգացողություն, զարկ տալիս երեւակայությանը, հուշում արժանապատվորեն ապրել եւ որդու, միաժամանակ, տիրոջ սրտացավությամբ վերաբերվել հայրենիքին, նրա պատմությանը, ներկային եւ ապագային:

-Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա մեր երիտասարդության մասին:

-Դեպքերի բերումով` ժամանակից շուտ հասունացած սերունդ է, շատ բան տեսած, խոր ապրումներ ունեցած եւ ունեցող, մեծապես ոգեւորված, ինչ-որ տեղ նաեւ հիասթափված սերունդ. որ մեկ տեխնիկական առաջադիմության նվաճումներով զինված սուզվում է հասարակական նոր հարաբերությունների ծալքերն ու մեծ  հաջողությունների հասնում, մեկ էլ ընտանիքի վզին բեռ չդառնալու, նրան օգնելու մտահոգությամբ այլ երկրներ է հասնում, ինչո՞ւ չէ` գայթակղվում այլազան հրապույրներով, բայց եւ մեր անվերծանելի կարոտի կանչով վերադառնում նորից` աշխատելու, սովորելու, մարդավարի ապրելու տենչով ու եռանդով եւ, եթե հարկ լինի, ավագ եղբայրների ու հայրերի պես համախմբվելու-բռունցքվելու կրկին:

– Ձեր կարծիքով` Արցախյան պատերազմը, ազգային բանակի կազմավորումը եւ մյուս դարակազմիկ իրադարձությունները հավուր պատշաճի արտացոլվեցի՞ն հայ գրականության մեջ:

– Ասեմ` դեռ ոչ, բայց ավելացնեմ նաեւ, որ հարցը, մի տեսակ, կտրուկ է դրված: Այնինչ, ժամանակ է պետք: Հանրահայտ մի օրինակ բերեմ, Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը գրվեց 1812 թվականից քանի՞ տասնամյակ հետո: (Երանի՜ մեր «Պատերազմ եւ խաղաղությունն» էլ գրվեր այդքան տարիներ անց): Բայց ուրախությամբ ուզում եմ նշել, որ այսօր իսկ կան արդեն արժեքավոր արձակ եւ չափածո ստեղծագործություններ, որ թարմ արտահայտչամիջոցներով ու հոգեբանական վերլուծություններով փորձել են ներկայացնել Արցախյան պատերազմի, նրա բնույթի, շարժառիթների ճշմարիտ պատկերը: Գրահրատարակչական ներկա «ցաքուցրիվ» պայմաններում դժվար է ամբողջական պատկերացում կազմելը, բոլոր գործերին հաղորդակից դառնալը, ուստի գերադասում եմ չթվարկել նույնիսկ ինձ քաջ ծանոթ հեղինակների անուններն ու նրանց գործերը: Ինչ վերաբերում է մեր Անկախությանն ու նրա անփոխարինելի դերին, ցավոք, ըստ պատշաճի, այո՛, դեռ չի գնահատվել` սոցիալական պատճառներով:

-Ո՞վ է այսօր հայ զինվորը Ձեր պատկերացմամբ:

-Ինչո՞ւ «պատկերացմամբ»: Մեր բանակն ու ժողովուրդը հեռու չեն իրարից, եւ մեր զինվորներին խիստ որոշակի եմ տեսնում: Նրանք ինձ համար իմ Արշալույս եղբոր Գեւորգ ու Դավիթ որդիներն են (իմ որդին ծառայել է արդեն), իմ հարեւանի, ձեր բարեկամի, մեր հողն ու ջուրը չլքած պարզ, սովորական մարդկանց տղաներն են: Դատելով նրանց հետ ունեցած իմ հանդիպումներից, իսկապես առնականացել ու հասունացել են` չխաթարելով իրենց բնավորության լավ գծերը, պատկառանքը մեծերի հանդեպ, ճշմարտախոսությունը, կապվածությունը ծնողներին, հարազատներին, մեր հող ու ջրին:

Կան նաեւ տուն ու տեղից զրկված, հաճախ ուսում չստացած տղաներ, որոնց հանդեպ ուշադրությունից է կախված նրանց հետագա ճակատագիրը: Քիչ չեն նաեւ հասակակիցներին վերեւից նայող, քաղաքացիական կյանքում իրենց ծանոթ խմբակայնությունը նաեւ բանակում արմատավորել փորձող մեծամիտները: Այդ ամենին, ի վերջո, ճիշտ ուղղություն հաղորդելու համար անգնահատելի է հրամկազմի դերը: Թող որ միշտ իրենց տեղում լինեն նրանք` հանուն մեր երկրի ու ժողովրդի:

-Առանց ապագայի հանդեպ հավատի ոչ մի բանաստեղծ չի կարող ստեղծագործել: Ո՞րն է Ձեր հավատի եւ լավատեսության ակունքը:

-Մեր կենսունակությունը, անհուսալի վիճակներից դուրս գալու հնարամտությունը: Մեկս մեկիս այսքան կապված լինելու հետ մեկտեղ կարող ենք, ախր, ցրիվ գալ, բաժանվել, նույնիսկ` ելնել մեկմեկու դեմ, բայց երբ, ինչպես ասում են՝ դանակը ոսկորին է հասնում, իսկույն ի մի գալիս, միաբանվում, ցցում ենք մեր փշերը (լինեն կարճ, թե երկար), կամ մեկ այլ հնարով ճար ու ճամփա ենք գտնում:

Կուզենայի, սակայն, ինչպես իմ բանաստեղծություններից մեկում եմ ասում, «Չհրապուրվեինք ու չտարվեինք ինքնահանգստացման ինքնակործան ճանապարհով» եւ այլեւս փորձության չենթարկեինք ինքներս մեզ, ամեն ինչ թողնեինք վերջին տագնապի պահին:

Մաղթում եմ մեզ մշտական զգոնություն, համախմբվածություն եւ հավատ` միմյանց նկատմամբ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Հոգևոր-մշակութային


20/02/2020