Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ` «COVID-19»



ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ` «COVID-19»Ինչ է վիրուսը: Վիրուս բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է թույն: Վիրուսները միջանկյալ տեղ են զբաղեցնում կենդանի և անկենդան աշխարհների միջև: Ի տարբերություն կենդանի օրգանիզմների, որոնք ունակ են իրականացնելու իրենց կենսագործունեությունը, օժտված են վերարտադրվելու հատկությամբ, վիրուսները չունեն բջջային կառուցվածք, ինքնուրույն վերարտադրվել կամ բազմանալ չեն կարող: Բոլոր կենդանի բջիջները պարունակում են ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) և ՌՆԹ (ՌՆԹ ռիբոնուկլեինաթթու): Առաջինը ժառանգական նյութը կրողն ու պահպանողն է, իսկ երկրորդը մասնակցում է ԴՆԹ-ից կոդավորվող սպիտակուցների սինթեզի գործընթացներին: Վիրուսները ամբողջ մոլորակի վրա գոյություն ունեցող միակ «օրգանիզմն» են, որ բացառապես պարունակում են կամ ԴՆԹ, կամ միայն ՌՆԹ: Վիրուսների ժառանգական նյութը փաթեթավորված է սպիտակուցային մոլեկուլներից կազմված կաղապարի` կապսիդի մեջ, որն ունի պաշտպանական նշանակություն:

Վիրուսների գոյատևման և վերարտադրման համար անհրաժեշտ է կենդանի բջիջ, այսպես կոչված՝ «տեր-բջիջ»:  Միլիոնավոր տարիներ ենթարկվելով էվոլյուցիայի՝ վիրուսները կարողանում են «ամենահնարամիտ» մեխանիզմների միջոցով թափանցել կենդանի բջիջների մեջ և օգտագործելով  բջիջների հնարավորությունները՝ վերարտադրվել: Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը` կենդանիներին, բույսերին, մանրէներին:

Վիրուսը հատուկ մեխանիզմով բջիջ ներթափանցելուց հետո ստիպում է վերջինիս վերարտադրել վիրուսային ժառանգական նյութը, ինչպես նաև սինթեզել իր կապսիդի համար անհրաժեշտ կառուցվածքային միավորները` սպիտակուցները: Սովորաբար մեկ բջջում բազմանում և միջավայր է արտազատվում 1000-100000 վիրուս: Բջջում վիրուսների վերարտադրման ընթացքում ժառանգական նյութի կազմում հաճախակի տեղի են ունենում փոփոխություններ` մուտացիաներ, ինչի շնորհիվ վիրուսները, ձեռք բերելով նոր հատկություններ, կարողանում են փոխել իրենց տեր-օրգանիզմը և հարմարվել նոր պայմաններին: Այդպիսի մուտացիաները տեղի են ունենում ոչ շատ հաճախ` մոտավորապես 10 տարին մեկ անգամ: Բնության մեջ վիրուսներն այդպես փոխանցվում են մի տեսակի կենդանուց մեկ այլ տեսակի: Օրինակ` չղջիկից փոխանցվում են առնետին, առնետից` կապիկին, կապիկից` թռչուններին և այլն: Երբ դա տեղի է ունենում վայրի բնության մեջ. անցնում է աննկատ, քանի որ կենդանիները միմյանցից մեկուսացված են, գոյակցում են փոքր խմբերով, և մի քանի տասնյակ կենդանիների անկումը նկատելի չի լինում: Սակայն, երբ փոխանցումը տեղի է ունենում ընտանի կենդանիների կամ մարդկային հասարակության մեջ, ինչպես նոր կորոնավիրուսի դեպքում, տեղի են ունենում հիվանդությունների խոշոր բռնկումներ, որոնք ուղեկցվում են մեծ կորուստներով:

Կորոնավիրուսները ՌՆԹ պարունակող վիրուսների մեծ ընտանիք են, որոնք ախտահարում են մարդու, ընտանի կենդանիների, թռչունների, չղջիկների, կրծողների, այլ վայրի կենդանիների շնչառական, աղեստամոքսային, կենտրոնական նյարդային համակարգը, լյարդը:

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ` «COVID-19»Ներկայումս հայտնի է մարդուն փոխանցվող 6 տեսակի կորոնավիրուս: Դրանց թվին են պատկանում ալֆա և բետտա կորոնավիրուսները, որոնք մարդկանց մոտ հաճախ առաջացնում են սեզոնային բնույթի` սովորաբար վերին շնչուղիների, շնչառական հիվանդություններ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մարդկային պոպուլյացիա են ներթափանցել նաև երկու նոր զոոնոզ (կենդանիներից փոխանցվող) կորոնավիրուսներ` սուր շնչառական համախտանիշը (SARS – severe acute respiratory syndrom) կամ ատիպիկ պնևմոնիան և Մերձավորարևելյան շնչառական համախտանիշը (MERS-Middle East respiratory syndrom) հարուցող կորոնավիրուսները:

2002-2003թթ. ատիպիկ պնևմոնիայի և 2012թ. Մերձավորարևելյան շնչառական համախտանիշի խոշոր բռնկումները Չինաստանի հարավում և Սաուդյան Արաբիայում առաջին դեպքերն էին, որոնք ցույց տվեցին մուտացիաների շնորհիվ կորոնավիրուսների՝ կենդանիներից մարդուն փոխանցվելու հնարավորությունը: Գենետիկական հետազոտությունները բացահայտեցին, որ SARS և MERS կորոնավիրուսները մարդուն փոխանցվել էին արմավի ցիվետներից (գիշատիչների կարգի կենդանատեսակ) և ուղտերից:

2019թ. դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված հանելուկային պնևմոնիան գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը: Այդ հիվանդության հարուցիչը Չինաստանի 5 տարբեր լաբորատորիաներում լուրջ հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց որպես նոր կորոնավիրուս, իսկ ավելի ուշ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն անվանեց «COVID-19». անվան CO-ն ծագել է corona (պսակ կամ թագ) բառից, VI-ն` virus-ն է, D-ն՝ disease (հիվանդություն), իսկ 19-ը` վիրուսի նույնականացման տարեթիվն է: Եթե 10-15 տարի առաջ վիրուսի ժառանգական նյութի վերծանումը տևում էր առնվազն մեկ ամիս, ապա COVID-19-ի դեպքում` իրականացվեց մի քանի օրերի ընթացքում: Դրա շնորհիվ արագ ստեղծվեցին ախտորոշիչ թեստային համակարգեր, որոնց միջոցով հնարավոր դարձավ վարակվածների վաղ հայտնաբերումը:

COVID-19-ը օժտված է վարակելիության բարձր աստիճանով, ախտահարում է հիմնականում թույլ իմունիտետ ունեցող տարեց մարդկանց, մահացությունը կազմում է ընդամենը 1-3%, ի տարբերություն ատիպիկ պնևմոնիայի, որի դեպքում մահացությունը մոտ 9% էր, և վարակվածների 70%-ը` երիտասարդ: Նոր կորոնավիրուսի բարձր վարակելիությունը պայմանավորված է նրանով, որ գաղտնի շրջանը տևում է 10-15 օր, և այդ շրջանում մարդը վարակիչ է:

COVID-19-ը առաջացնում է պնևմոնիա հիվանդությունը: Ի տարբերություն բակտերիալ պնևմոնիաների՝ վիրուսային պնևմոնիաները զարգանում են կայծակնային արագությամբ` 2-3 օրվա ընթացքում, և վիճակի հետագա վատթարացումը թոքերում առաջացնում է արյունատար անոթների պատռվածքներ, ինչը վերականգնելի չէ:

Ներկայումս հակավիրուսային հատուկ բուժում չկա, բուժման հիմնական մեթոդները պաշտպանական են:  Կորոնավիրուսների պատահական հայտնվելն ու նոր տեսակի բռնկումները հաստատում են, որ դրանք լուրջ խնդիր են մարդկանց համար:

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ` «COVID-19»Այժմ իրականացվում են աշխատանքներ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, սակայն դա երկարատև գործընթաց է, անհրաժեշտ է փորձարկման մի քանի փուլ: Ըստ գիտնականների լավատեսական կանխատեսումների՝ պատվաստանյութը պատրաստ կլինի մոտավորապես կես տարի հետո:

Ենթադրվում է ներկա վիճակի հանգուցալուծման երկու սցենար.

  1. հնարավոր է բռնկումը ծավալվի մինչև պատվաստանյութի հայտնաբերումը.
  2. լավագույն դեպքում, հնարավոր կլինի հակահամաճարակային միջոցառումների` հիվանդների արագ մեկուսացման, դիմակներ կրելու, ձեռքերը լվանալու, ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու շնորհիվ բռնկման օջախը մարել: Բացի այդ, շուտով գարուն է, իսկ կորոնավիրուսները առավել ակտիվ են ձմռան ամիսներին՝ կապված մարդկանց սեզոնային մրսածության երևույթների հետ:

Նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում է կատարվում: Բոլոր երկրներում պատասխանատու կառույցները աշխատում են համակարգված և արագ: Փետրվարի 12-ին ավելի քան 400 գիտնականներ տարբեր երկրներից մասնակցել են Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրավիրած հանդիպմանը` նոր կորոնավիրուսի փոխանցման և պատվաստանյութի ստեղծման շուրջ հարցեր քննարկելու համար:

Տարածված կարծիք է, որ նոր կորոնավիրուսը կենսաբանական զենք է՝ կիրառված չինացիների դեմ: Սակայն որոշ վիրուսաբաններ թերահավատ են, թե՝ հնարավոր է ստեղծել կենսաբանական զենք վիրուսներից, հատկապես՝ կորոնավիրուսներից, քանի որ դրանք խիստ փոփոխական են՝ անընդհատ ենթարկվում են մուտացիաների: Կենսաբանական զենք ստեղծելու տեսակետից ավելի հարմար են մանրէները, որոնք կենդանի բնության մեջ համեմատաբար կայուն են:

Կորոնավիրուսների նոր տեսակներով բռնկումները հավանաբար պայմանավորված են Չինաստանում վայրի մսի մթերման արդյունաբերությամբ, չինացիների սննդակարգով: Մասնավորապես՝ չղջիկները համարվում են մարդու համար աշխարհում ամենավտանգավոր 60-ից ավելի ախտածին վիրուսների (էբոլա, կատաղություն, կորոնավիրուսներ և այլն) ռեզերվուար (աղբյուր): Ենթադրվում է, որ COVID-19-ը ծագել է չղջիկի և օձի կորոնավիրուսների  միավորումից (ռեկոմբինացիա):

Ապագայում սպասելի են նորանոր բռնկումներ, քանզի մարդկությունը ներխուժել է քիչ ուսումնասիրված վայրի բնության մեջ՝ սննդակարգում ունենալով չղջիկի, կապիկի, ցիվետների, սողունների և այլ վայրի կենդանիների միսը:

Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

կապիտան

ԶՈւ ՌՔԿՊ զորքերի վարչություն

Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Ռազմական


20/02/2020