Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐ»



«ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐ»1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությամբ Խորհրդային Միության տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ լույս է տեսել «Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանի հեղինակած «Հայ հերոսներ» հանրագիտարանը՝ ՀՀ, Արցախի եւ Աբխազիայի նոր հերոսների կենսագրականների լրացմամբ: Հանրագիտարանից շարունակաբար ձեզ կներկայացնենք հայ փառապանծ հերոսներին:

 

ԱՂԱՄԻՐՈՎ (ԱՂԱՄԻՐՅԱՆ) ԳՈԳԱ ԳՐԻԳՈՐԻ

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1916թ. օգոստոսի 18-ին Գրոզնիում (Չեչնիա, Ռուսաստան), բանվորի ընտանիքում:

Գոգա Գրիգորի Աղամիրովը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, օդաչու, գնդապետ:

Ավարտել է 9-րդ դասարանը: Իբրեւ փականագործ աշխատել է «Գրոզնեֆտ»-ում:

1937թ. ավարտել է քաղաքացիական օդանավատորմի (ՔՕՆ) Բալաշովի օդաչուական դպրոցը: Եղել է քաղաքացիական օդանավատորմի արեւմտասիբիրյան վարչության Նովոսիբիրսկի ավիաջոկատի օդաչու:

1942թ. հունիսից եղել է 1-ին օդային բանակի (Արեւմտյան ռազմաճակատ) Հատուկ արեւմտյան խմբի ավիագնդի ջոկատի հրամանատար, ապա՝ 74-րդ առանձին ուսումնական էսկադրիլիայի հրահանգիչ, 1942թ. հոկտեմբերից՝ ՔՕՆ-ի 1-ին առանձին ավիացիոն գնդի 1-ին փոխադրառմբակոծիչ էսկադրիլիայի օդաչու:

1943թ. հունիսին ՔՕՆ-ից փոխադրումով զորակոչվել է Կարմիր բանակ: Նույն տարվա հուլիսի 23-ից ընդգրկվել է հեռավոր գործողության 22-րդ գվարդիական ավիագնդի անձնակազմում, մարտական թռիչքներ կատարել թշնամու երկաթուղային հանգույցների եւ արդյունաբերական կենտրոնների ոչնչացման համար: 1943-1944թթ. օբյեկտներ է ռմբակոծել Հելսինկիում: 1944թ. մարտ-հունիսին գործել է առանձին ավիախմբի կազմում՝ հանուն Հարավսլավիայի ժողովրդաազատագրական բանակի զորամասերի հետ կապի: 44 մարտական թռիչք է կատարել դեպի Հարավսլավիա, դրանցից 18-ը՝ իբրեւ խմբի գլխավորող: ՀԺԱԲ-ի զորքերին հասցրել է ավելի քան 40 սպա եւ 20 տոննա բեռ:

1944թ. հունիսից եղել է 337-րդ ավիացիոն գնդի (ՀԳԱ-ի՝ Հեռավոր գործողության ավիացիայի 4-րդ ավիացիոն կորպուսի 5-րդ գվարդիական ավիացիոն դիվիզիա) էսկադրիլիայի հրամանատար: Կապիտան Գոգա Աղամիրովը 1944թ. հոկտեմբերի դրությամբ կատարել է 218 հաջող մարտաթռիչք, որից 76-ը (54-ը գիշերային)՝ ՔՕՆ-ի, 142-ը (բոլորը՝ գիշերային) հեռավոր գործողության ավիացիայի կազմում: Ռմբահարման թռիչքներ է կատարել Բրյանսկի, Օրշայի թշնամական երկաթուղահանգույցների ոչնչացման համար:

1944թ. նոյեմբերի 5-ին կապիտան Գոգա Գրիգորի Աղամիրովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի ու «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով:

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի՝ 3, Ալեքսանդր Նեւսկու եւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, «Հայրենական պատերազմի պարտիզանին» 1-ին աստիճանի եւ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով:

Պատերազմից հետո անվեհեր օդաչուն ծառայությունը շարունակել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: 1957թ. ավարտել է ռազմաօդային ակադեմիայի սպայական կատարելագործման դասընթացները: Ծառայության է անցել Վորկուտա քաղաքում, եղել գնդի հրամանատար, կայազորի պետ: Գնդապետ Գ. Գ. Աղամիրովը 1972թ.-ից եղել է պահեստազորում: Ապրել է Վորոնեժ քաղաքում:

Գոգա Գրիգորի Աղամիրովը մահացել է 1997թ. ապրիլի 11-ին: Հանգչում է Վորոնեժում, Անտառային գերեզմանոցում:

2010թ. մայիսի 8-ին Գրոզնիում բացված «Փառքի ծառուղի» հուշահամալիրում Հերոսի պատվին զետեղվել են նրա բարձրաքանդակը եւ հուշատախտակը:

Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Պատմության էջերից


20/02/2020