ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԼԻԲԻԱՅԻՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը 7 միլիոն դոլար կհատկացնի Լիբիայում հումանիտար բնույթի միջոցառումներ իրականացնելու համար:
Օգնությունը կտրամադրվի ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: 2 միլիոնը կուղղվի գյուղատնտեսական ոլորտին, նույնքան էլ առողջապահությանը և բեռների տեղափոխմանը: 1 միլիոն էլ կհատկացվի որպես միանվագ նպատակային մուծում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖԻ հաշվին:
Հատկանշական է, որ ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր նոյեմբերի վերջին Լիբիայում հումանիտար առաքելությունը դադարեցնելու մասին, իսկ ծրագրի համակարգող Պանոս Մումցիսը նշել էր, որ մոտ ապագայում լիբիական նոր կառավարությունը կկարողանա ինքնուրույն հոգալ երկրի քաղաքացիների հումանիտար հոգսերը:
Խորագիր՝ Նորություններ