ԼԱՎԱՇԱԲՈՒՅՐ ԵԶԵՐՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Զինվորական մեքենան, հաղթահարելով ձյունապատ ճանապարհի արգելքները, բարձրանում է դիրքեր: Խոշորափաթիլ ձյունը մեղմ հանդարտությամբ իջնում է անվերջ ու սպիտակաթույր սավանով ծածկում շրջապատում ամեն ինչ: Մայրաքաղաքի անձյուն պատկերներից հոգնած՝ սլացող մեքենայի պատուհանից անհագորեն վայելում ենք ձմեռն իր ողջ հմայքով:
-Ճերմակը խաղաղության գույնն է,- ասում եմ հմայված:
-Դե, մենք էլ գնում ենք խաղաղությունը պաշտպանողների ու պարտադրողների մոտ,- խոսքս լրացնում է մեր լուսանկարիչը՝ Արեգը:
Հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտում ենք, փոխգնդապետ Հարություն Նալբանդյանի հրամանատարությամբ գործող զորամասի սահմանային հատվածում: Ընդամենը մի քանի տարի առաջ, այստեղ կարճատեւ դիրքային մարտեր եղան. որոշ տեղամասերում հակառակորդը փորձել էր դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանք իրականացնել, ինչին ի պատասխան՝ հայկական զինուժը պատասխան կրակով ձախողել էր խնդրի կատարումը:
-Մեր գործը պատվով կատարեցինք,- հպարտանում է փոխգնդապետ Հարություն Նալբանդյանը:
Կապի դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային սերժանտ Էդգար Կարապետյանն այդ գործողության անմիջական մասնակիցներից է, վեց տարի է, ինչ ծառայում է այս զորամասում:
-Թե մի օր առաջ չգնանք, հաստատ հետ չենք գնա, ապահով եղեք,- վստահեցնում է պայմանագրայինը:
Պարույր Սեւակի ծննդավայրից է սերժանտը՝ Զանգակատուն գյուղից: Էդգարենց ընտանիքում երեք պայմանագրային կա՝ հայրը, ինքն ու եղբայրը՝ Թաթուլը…
Առաջնագծի այս հատվածի պահպանությունն իրականացվում է պայմանագրային զինծառայողների ուժերով: Պայմանագրայինները հիմնականում մոտակա գյուղերից են, և տեղանքին քաջածանոթ լինելն էլ, բնականաբար, ավելի դյուրին է դարձնում ծառայությունը, իսկ թիկունքի հարազատ շնչառությունը ուժ է տալիս, գոտեպնդում՝ առավել նվիրումով, առավել պատասխանատվությամբ ու պատվախնդրորեն ծառայելու:
Մինչ զորամաս այցելելս նախօրոք որոշել էի՝ նյութիս հերոսներին ընտրելիս նախապատվությունը տալ այն զինծառայողներին, որոնք հարազատներ են՝ եղբայրներ կամ էլ հայր ու որդի, ինչպես Էդգարի պարագայում: Մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ այս զորամասում բավականին շատ են նման զինծառայողները, ավելին՝ նույնիսկ երեք եղբայրներով են ծառայում: Պայմանագրային շարքային Դանիել Զալիբեկյանի հինգ եղբայրներից երեքը հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությունն են իրականացնում: Վայոց ձորի Շատին գյուղից են եղբայրները: Դանիելը վեց ամիս է, ինչ անցել է պայմանագրային ծառայության: Նա պարտադիր ժամկետային ծառայությունն էլ անցկացրել է առաջնագծում:
Պայմանագրային շարքային Վիգեն Մայիլյանի եղբայրը եւս զինծառայող է:
– Բոլոր նպատակները, երազանքներն իրագործվում են խաղաղ հողի վրա: Մի օր անպայման շարունակելու եմ ուսումս կոնսերվատորիայում, սովորելու համար երբեք էլ ուշ չի,- ասում է երիտասարդ պայմանագրայինը:
-2020 թվականը կրկնվող զույգ թվերով է, դու էլ անպայման «կզույգվես»,- կատակում է զինակից ընկերներից մեկը:
-Ամուր հայրենիք՝ ամուր ընտանիք,- ժպտում է Վիգենը:
-Ամուր երջանկություն,- բարեմաղթում է հրամանատարը:
Պարզից էլ պարզ է՝ ընկերական ջերմ, մտերմիկ հարաբերություններ են տիրում այստեղ, մեկմեկու հանդեպ սրտացավ եւ ուշադիր, իրար սատարող:
Տաք վառարանի մեջ ճտճտում է փայտը, իսկ տղերքը հրամանատարի հետ անկաշկանդ զրույցի են բռնվել, խոսում են տարբեր հարցերից ու խնդիրներից:
Բանակի մարտունակությունը, առաջադրված խնդիրների կատարման արդյունավետությունը մեծապես կախված է մարդկային ներուժից, նրանց ընկերականությունից, փոխադարձ վստահությունից եւ հարգանքից:
Վիգենին խնդրում ենք մի երգ երգի: Նա երգում է, իսկ զինակից ընկերները ձայնակցում են:
Ձյունը չի դադարում: Փաթիլները իջնում են գետնատնակի ապակուն, ներսի ջերմությունից հալչում՝ ապակու վրա ասեղնագործ պատկերներ հյուսելով:
Ընդամենը 700-800 մետր այն կողմ հակառակորդն է…
♦♦♦
Փոխգնդապետ Հարություն Նալբանդյանի ուղեկցությամբ շրջում ենք մարտական հենակետում: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել` ինչպես ինժեներական, այնպես էլ ամրաշինական եւ զինծառայողների կենցաղը բարելավելու առումով:
– Մարտունակության բարձրացման ուղղությամբ ընթացիկ պարապմունքներ ենք անցկացնում: Կրակային պատրաստությունից մերոնք մշտապես գերազանց արդյունքներ են ցուցաբերում,- նշում է հրամանատարն ու շարունակում,- առաջնագիծը հագեցած է տեսադիտարկման ժամանակակից սարքավորումներով: Սահմանագիծն ամբողջ երկայնքով վերահսկելի է:
♦♦♦
Դիտակետերից մեկում պայմանագրային շարքային Ռոման Ավետիսյանն է: Ռոմանի եղբայրը նույնպես զինվորական ուղի է ընտրել, սպա է, ծառայում է Սյունիքի զորամասերից մեկում:
-Եղանակային ոչ մի պայման չի խոչընդոտում մեր ծառայությանը: Մի բռունցքի պես կանգնած ենք: 14 օր ծառայում ենք, 14 օր տանն ենք,- ասում է Ռոմանը:
-Երբ գնում եմ տուն, փոքրս՝ Արամը, զինվորական գլխարկս դնում է գլխին ու բլբլում՝ «Երբ մեծանամ, ես էլ էմ հայոցում ծառայելու»: «Հայոցը» հայոց բանակն է՝ մանկան թոթովանքը մեզ համար «թարգմանում» է Ռոմանը:
Հետդարձի ճանապարհն անցնում է գյուղով: Գյուղի պաղ օդը լցված է թարմ թխած լավաշի բույրով: Սահմանամերձ բնակավայրերում բնակիչներն անխռով իրենց գործով են զբաղված՝ վստահ, որ լավաշաբույր հայրենի եզերքը հուսալիորեն պաշտպանված է…
ԱԼԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում