Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՂ ՏՂԱՆԵՐԸ



ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՂ ՏՂԱՆԵՐԸԱյս օրերին զորամասերում նախապատրաստական շրջան է, շուտով կազդարարվի ուսումնական փուլի մեկնարկը։ Որոշ ստորաբաժանումներ մարզվում են՝ հաշվի առնելով հատկապես եղանակային անբարենպաստ պայմանները: Հատուկ նշանակության ստորաբաժանման տղաները սպասում էին ձմեռային ցուրտ օրերին, որ լեռներ մագլցեն ցածր տեսանելիության, զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Ձմեռվա տաք եղանակը նրանց սրտով չէ: Տավուշի հյուսիսային պահապանները զորամասից հեռու բարձր գոտիներում են անցկացնում օրերը, լեռնաշղթայի անտառապատ լանջերին, շրջում են զենքով, զրահով, հետևում են պայմանական հակառակորդին, անհրաժեշտության դեպքում հարձակվում ու ոչնչացնում՝ չեզոքացնելով մեզ սպառնացող վտանգը։ Պայմանական թիրախը ոչնչացնելուց հետո մշակվում է նաև ելման կետ անվտանգ վերադարձի մի քանի տարբերակ։

Հաջողությունը ներդաշնակ գործելու մեջ է. երբ մի քանիսը հեռվից են նշան բռնում, քողարկված վայրից կրակ արձակում, մյուսները մոտ տարածությունից ազդարարում են առաջադրանքի հաջող ավարտը։

Այս տղաներին հենց բարդությունն է գրավում, վտանգներն ու կրակի ճշգրտությունը։ Համազորայինները գիտեն՝ հետախույզի ոգին ուրիշ է, ընկերասիրությունն էլ, հայրենասիրությունն էլ: Գյումրեցի հետախույզ ժամկետայինն է պատմում, ընդգծում, որ իրենց հիմնական հատկանիշը հավատարմությունն է միմյանց, հայրենի հողին, ստանձնած առաքելությանը։ Հետախույզներն անդավաճան են: Այս տղաներին կոփել են լեռները: Նրանց ոգեւորել են վետերան հետախույզների սխրանքները՝ դիրքերում ու հակառակորդի թիկունքում, բոլոր գործողությունները, որոնց շնորհիվ հանրապետության հյուսիս-արևելքում խաղաղ է։ Շատերն են այս ստորաբաժանման կազմում ժամկետային զինծառայողներ: Նրանք սիրով ու պատրաստակամությամբ են սերտում դասերը, մասնակցում գործնական մարզումներին։ Հրամանատարները վաղուց են համոզվել՝ յուրաքանչյուրի հետ կարելի է վստահ գնալ մարտական առաջադրանքի, գործել հակառակորդի տարածքում ու հաղթանակած հետ վերադառնալ։ Զորամասը հպարտ ու հանգիստ է. զորքը պատրաստ է դիմակայելու հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրության:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/02/2020