ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
Ռուսաստանյան «1-ին ալիքին» տված հարցազրույցում նա հայտնել է, որ քաղաքական հակամարտության առաջին իսկ օրվանից կապի մեջ է եղել ՌԴ ղեկավարության հետ, ներկայացրել իրադարձությունների զարգացման ընթացքը, և այժմ էլ հույս ունի ստանալ Սիրիայի հետ պատմական և ամուր կապեր ունեցող Ռուսաստանի աջակցությունը:
Ասադն Արևմուտքին հերթական անգամ կոչ է արել չխառնվել Սիրիայի ներքին գործերին և հիշեցրել, որ Սիրիան իր պատմությամբ ու քաղաքականությամբ տարբերվում է Եգիպտոսից, Թունիսից ու Եմենից, Մերձավոր Արևելքի կենտրոնն է և իր երկրում իրավիճակի յուրաքանչյուր սրում մեծ ցնցումներ կառաջացնի ողջ տարածաշրջանում:
Սիրիայի նախագահը սպառնացել է, որ իր երկրի ներքին գործերին միջամտության դեպքում Արևմուտքին սպասում է «երկրաշարժ ու տաս Աֆղանստան», և որ բաժան-բաժան անել Սիրիան, նշանակում է բաժան-բաժան անել ողջ մերձավորարևելյան տարածաշրջանը: Նա միաժամանակ խոստովանել է, որ հուզումների սկզբից ի վեր երկրի իշխանությունները թույլ են տվել բազմաթիվ սխալներ, բայց պնդել է, որ այժմ իրավիճակը կայունանում է, քանի որ իրենք իսկույն ձեռնարկել են մեծ բարեփոխումներ՝ վերականգնելով ժողովրդի վստահությունն իշխանությունների նկատմամբ:
Ասադն այս հարցազրույցը տվել է Սիրիայում շարունակվող արյունալի ընդհարումների համապատկերին: Միայն վերջին ուրբաթօրյա «ցասման օրը» տեղի ունեցած ընդհարումների ընթացքում զոհվել է 50 հոգի, որոնցից 20-ը զինծառայողներ էին: Իսկ Հոմս քաղաքում ըմբոստությունները ճնշելու համար կիրառվել են տանկեր ու ինքնաթիռներ:
Միաժամանակ, Սիրիայի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չեն տվել այցելել Սիրիայի արևելյան անապատներում գտնվող «Դեյր Ալզուր» կենտրոնը, ուր, ենթադրվում է, որ իրականացվում են միջուկային հետազոտություններ և գործում է հյուսիսկորեական նախագծով պատրաստված միջուկային ռեակտոր, որի օգնությամբ կարելի է ստանալ ռազմական նպատակներով օգտգործվող ուրան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան