Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԱՆՏԻՆՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆԻ

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1917թ. հունվարի 15-ին  Մարգահովիտ գյուղում (Գուգարքի շրջան), միջակ տնտեսատեր գյուղացու ընտանիքում:

1939թ. ծառայել է Կարմիր բանակում: Շարքայինի երկտարյա ծառայությունից հետո սովորել է գնդի հրետանային դպրոցում, ստացել սերժանտի զինկոչում:

Հայրենական մեծ պատերազմի սկզբին եղել է Զապորոժիեում: Լովատը գետանցելիս նրա հաշվարկը ոչնչացրել է հակառակորդի 3 դօտ (գետնափոր քողարկված կրակակետ), 3 բլինդաժ, ինչպես նաեւ կենդանի ուժ:

Ռազմաճակատում փառաբանվել է իբրեւ թշնամու թնդանոթները, ականանետներն ու անձնակազմը քանիցս ոչնչացրած փորձառու եւ համարձակ հրետանավոր: Անձամբ խոցել է թշնամական 18 տանկ: Երեք անգամ վիրավորվել է:

Խիզախ հրետանավոր Անտինյանը ծառայել է 1-ին գվարդիական տանկային բանակում, դարձել է Բոգդան  Խմելնիցկու շքանշանակիր: Չեռնովիցյան գվարդիական կործանիչ-հակատանկային հրետանային 353-րդ կարմրադրոշ գնդի 5-րդ մարտկոցի հրանոթի հրամանատարը, մասնակցել է Լեպավեց, Գորոդոկ, Լվով եւ Յարոսլավլ քաղաքների ազատագրման մարտերին: Միայն Յարոսլավլի մոտ՝ Սան գետի ափին, թեժ մարտերում նա խփել է հակառակորդի 8 տանկ:

1944թ. սեպտեմբերի 23-ին Ավագ Վարդանի Անտինյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի եւ «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով:

Գվարդիայի ավագը պարգեւատրվել է նաեւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Փառքի 2-րդ աստիճանի եւ Կարմիր դրոշի շքանշաններով, մեդալներով:

Պատերազմից հետո զորացրվել է, վերադարձել հարազատ գյուղ, եղել գյուղխորհրդի գործկոմի նախագահ, կոլտնտեսության վարչության նախագահի տեղակալ, այնուհետեւ՝ Մարգահովիտի ավանային սովետի գործկոմի նախագահ:

1985թ. Ա. Անտինյանի սխրագործությունների մասին նկարահանվել է կինոնկար:

Ավագ Անտինյանը մահացել է 1989թ. հոկտեմբերի 18-ին:

Այն տան պատին, ուր ծնվել է Անտինյանը, փակցված է նրա հուշատախտակը:

2005թ. Մարգահովիտի ուսումնամարզական համալիրը հերոսի անունով է կոչվում:

Խորագիր՝ #8 (1328) 26.02.2020 - 3.03.2020, Ճակատագրեր


27/02/2020