Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…



ՆՐԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում Արմանին, Ավետիսին ու մյուս բոլոր տղաներին միավորում է նույն ճակատագիրը: Նրանցից յուրաքանչյուրը հայրենիքի ու հարազատ ժողովրդի հանդեպ սերն ու նվիրումը գերադասել է սեփական  կյանքից  ու առողջությունից և  առանց վարանելու նետվել է մարտի՝ պաշտպանելու իր հայրենի հողն ու երկիրը: Նրանց պայքարը շարունակվում է, բայց արդեն… կորցրած առողջությունը վերականգնելու ու լիարժեք կյանք վերադառնալու համար:

Ավետիս Զարգարյանն ապրիլյան քառօրյա գործողությունների մասնակից է: Նա  հրազենային ծանր վիրավորում է ստացել պարանոցի հատվածում, գնդակը մխրճվել էր ծնոտը, թիկունքով ներքև  իջել, վնասել  մի քանի ող և  ողնուղեղը. «Երբ առաջին անգամ աչքերս բացեցի, չհասկացա կամ գուցե պարզապես չուզեցի ընդունել իմ վիճակի լրջությունը: Մտածում էի՝ թեթև վնասվածք է, մի քանի օր կպահանջվի, որ լիովին ապաքինվեմ ու վերադառնամ ծառայության: Սակայն, դեռ շատ երկար ժամանակ է պահանջվելու»:

Բժշկությունը դեռ չի հասել այն մակարդակին, որ այսպիսի վիրավորումով մարդը ապրի, առավել ևս՝ քայլի: Հենց դա է պատճառը, որ Ավետիսը սկզբում հուսալքվել էր, չէր հավատում, որ երբևիցե կքայլի կամ կշարժվի, բայց չորս տարվա ամենօրյա պայքարի ու համառ ջանքերի արդյունքում եղավ այն, ինչը նույնիսկ բժիշկներն են հրաշք համարում. Ավետիսն ինքնուրույն քայլեց: Առաջին անգամ, հաղթահարելով անտանելի ցավերը, Ավետիսը ոտքի կանգնեց հոսպիտալում և առաջին օրերին դիմացավ ընդամենը մի քանի վայրկյան: Աստիճանաբար սկսեցին ժամանակն ավելացնել: Այս տարվա սկզբին արդեն սկսել է ինքնուրույն քայլեր անել:

«Ապրիլի չորսն էր: Գնացել էինք կողքի դիրքից մեր զոհված ընկերոջ մարմինը բերելու: Այդ ժամանակ էլ վիրավորվեցի: Ես գիտակցել եմ՝ ինչ եմ անում ու դրա համար չեմ զղջում երբեք,- հիշում է Ավետիսը»:

Գնդակը վնասեց Ավետիսի առողջությունը, բայց  չկարողացավ կոտրել նրա կամքը:  Ուժեղ բնավորությամբ երիտասարդն ամեն օր հաղթում է ինքն իրեն: Անընդմեջ պարապում է, տարբեր վարժություններ անում, որոնց շնորհիվ էլ օրեցօր  վերականգնում է վերջույթների  շարժունակությունը: Զինվորի տանը Ավետիսը նաեւ ինքնակրթվում է, անգլերեն է սովորում և, որ  ամենակարևորն է` աշխատում է օգնել մյուսներին և սեփական օրինակով ոգևորել բախտակից ընկերներին:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը դարձել է մեր վիրավոր զինծառայողների ընդհանուր տունը: Յուրաքանչյուրի խնդիրն այստեղ բոլորինն է, ու յուրաքանչյուրի առողջացումը՝ բոլորի երազանքը:

Արման Մովսիսյանը հակառակորդի գնդակից վիրավորվել է տասնմեկ տարի առաջ: Կյանքի ու մահվան սահմանագծին հայտնված զինվորը, որը երկար ժամանակ գիտակցության չէր գալիս, կորցրել էր խոսելու եւ շարժվելու ունակությունը, գրեթե լիովին վերականգնվել է, լիարժեք խոսում է, քայլում ու ժպիտով է հիշում իր հետ կատարվածը:

«Սկզբում դիվիզիոնում եմ ծառայել, պոստեր չէի բարձրանալու, բայց երբ տեսա, որ տղերքը առաջնագիծ են գնում, ասացի` ես էլ պետք է միանամ նրանց: Վիրավորվել եմ սահմանին, գլխի հրազենային վնասվածք եմ ստացել, դիպուկահարն է խփել»:

ՆՐԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...Մեկ տասնամյակից ավելի, ամեն օր 5-ից 6 ժամ Արմանը մարզվել է, վարժություններ արել, հետեւել  բժիշկների բոլոր ցուցումներին, կռվել կյանքի համար և  հիմա արդեն իրավամբ կրում է հաղթողի տիտղոսը: Հուսահատության ու հիասթափության պահեր շատ է ապրել, բայց համառությունը,  հույսն ու հավատը, ծնողների ցանկությունն ու երազանքն ավելի զորեղ են եղել:

«Ճիշտն ասած՝ մի պահ դուխաթափ եղա, հետո ինքս ինձ ասացի՝ այսպես չի լինի, պետք է դուրս գամ, շրջապատ մտնեմ, մնացածի պես ակտիվ կյանքով ապրեմ: Սկսեցի բուժումս, խոսքս կարգավորվեց, նոր ընկերներ ձեռք բերեցի»:

Հիմա Արմանը լիարժեք կյանքով է ապրում, աշխատում է:

Ավետիսի, Արմանի, Դավիթի, Արթուրի, մի մեծ ընտանիք դարձած բոլոր տղաների համար պայքարը վաղուց կենսակերպ է դարձել: Հիմա էլ, առաջնագծից շատ հեռու, նրանք շարունակում են լիարժեք կյանք վերադառնալու, աշխատելու, երկրին ու ժողովրդին օգտակար լինելու իրենց «կռիվը»։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #8 (1328) 26.02.2020 - 3.03.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/02/2020