ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։
Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։
Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: