ԲԱԶԵԻ ՊԵՍ ՍՐԱԹՌԻՉ
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներն էին: Գերմանիայի դաշնակից Թուրքիան մտադիր էր գրավել Բաքուն և Արևելյան Հայաստանը։ Թուրքական բանակն արդեն մտել էր Լոռի, և փոքրիկ Սանահին գյուղի բնակիչները սարերն էին հեռացել՝ թաքնվելու: Բոլորը գիտեին՝ թուրքի դաշույնը չի խնայում ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին։
Որտեղից որտեղ՝ ամառային օրով թշնամու ռազմական մի ինքնաթիռ հարկադրական վայրէջք է կատարում սարերում: Մինչ օդաչուն փորձում է շարժիչը կարգի գցել, երեխաները շրջապատում են ինքնաթիռն ու սկսում զննել: Նրանց մեջ տասներեք տարեկան մի տղա կար՝ Անուշավան անունով, բոլորից հետաքրքրասերն ու ամենից վառ երևակայություն ունեցողը:
Ընկած ինքնաթիռն ավիացիայի արշալույսի տարիների սավառնակ էր։ Ուներ շարժիչ, փայտաձողերից ու մետաղալարից պատրաստված հիմնակմախք ու քաթանե պաստառով պատված թևեր։ Համարյա թե շարժիչով օդապարիկ էր։ Բայց փոքրիկ տղային թռչելու ընդունակ մեքենան մի այլ՝ հեքիաթային աշխարհից եկած էակ էր թվացել. հայացքը չէր կարողանում ինքնաթիռից կտրել:
Եվ հենց այդ պահից վճռում է, որ ինքն էլ պիտի թռչի…
Անուշավան Միկոյանի ընտանիքը բազմանդամ էր, ինքը ծնողների հինգերորդ զավակն էր: Հայրն աշխատում էր Ալավերդու պղնձի կոմբինատում, իսկ մայրը` Թալիդան, համագյուղացիների համար կարուձև էր անում:
Տղայի մկրտության հետ կապված հետաքրքիր մի պատմություն են պատմում. Սանահին գյուղում ընդունված կարգ էր, որ երեխային մկրտելու համար քահանային մեկ ռուբլի վճարեն: Բայց, չգիտես ինչու, նորածին Անուշավան Միկոյանին մկրտելու համար ծխական քահանան կրկնակի վճար է ուզում: Արդյոք կռահե՞լ էր, որ ապագա աշխարհահռչակ կոնստրուկտորի հետ գործ ունի…
Ընտանիքին օգնելու համար տղան անտառներում այծեր էր արածեցնում: Սովորում էր գյուղի դպրոցում: Հետո՝ շատ տարիներ անց, երբ Անուշավանը նշանավոր էր դարձել, նրա ուսուցիչը պատմում էր, որ տղան հաճույքով էր դպրոց գալիս ու նախանձելի ջանասիրությամբ էր սովորում: Սիրում էր նկարել ու պաշտում էր թվաբանությունը, հատկապես մտքով հաշվելը։ Ուսուցչի ամեն հարցին իսկույն ձեռք էր բարձրացնում։ Նաև ասում էր, որ քամու պես արագաշարժ էր ու շատ ուշադիր. ոչ ոքի չէր հաջողվի նրան հանկարծակիի բերել: Եվ որ արտակարգ շնորհալի էր ու սուր միտք ուներ:
Անուշավանի մայրը երազում էր, որ իր խելացի որդին կրթություն ստանա, և տասնչորս տարեկանում տղան գնում է Թիֆլիս՝ այնտեղի հայկական դպրոցում սովորելու։ Այն տարիներին Թիֆլիսում հայկական մեծաթիվ բնակչություն կար, և նրանցից շատերն էին հասկանում, թե իրենց երեխաներին մայրենի լեզվով կրթություն տալն ինչքան կարևոր է։
Հետո Անուշավան Միկոյանն ուսումը շարունակում է Դոնի Ռոստովում, ապա սկսում է աշխատել գործարանում, բայց նրա նպատակն արհեստավոր դառնալը չէր. ինքնաթիռների ու թռչելու մասին իր երազանքը չէր մոռացել: Ի վերջո, հասնում է Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվա, որպեսզի ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիա ընդունվի: Բայց ակադեմիա ընդունվելը հեշտ չէր, իսկ մինչ այդ, նրա ստացած կրթությունը՝ ակադեմիայի բարձր պահանջների համար անբավարար:
Դժվար քննություններին պատրաստվելիս նրան օգնում էր զինվորական ինժեներ Լիսոգորսկին։ Երիտասարդի անկոտրում կամքով ու աշխատասիրությամբ հիացած Լիսոգորսկին զարմանքով պատմում էր, որ մինչ այդ հազիվ տասնորդական կոտորակներն իմացող Միկոյանը կարողանում էր անասելի արագությամբ լուծել ամենադժվար խնդիրները:
Ուսանող տարիներին Անուշավան Միկոյանը (ընկերները նրան Արտեմ էին ասում. հայկական անսովոր ու երկար անունն արտասանելը դժվար էր) ծանոթանում է ինքնաթիռների կոնստրուկցիաներին և մի գեղեցիկ օր իր համակուրսեցի Սամարինին առաջարկում է ավիետկա (փոքրիկ ինքնաթիռ) կառուցել։ Եվ ընկերներն իրենց առաջին ինքնաթիռն են ստեղծում:
«Հնարավորությունները սահմանափակ էին,- հետո հիշում էր Սամարինը,- իսկ ցանկությունները՝ անսահման։ Մեզ թվում էր, թե սովորական սխեմա օգտագործելն անհետաքրքիր կլինի։ Շարժիչի հզորությունը փոքր էր, իսկ մենք ուզում էինք մի տարբերակ գտնել, որ հնարավորինս մեծ արդյունք ստանանք։ Տարբեր սխեմաներ քննեցինք ու որոշեցինք շարժիչը թևի տակ՝ հենասյան վրա տեղադրված, հրող պտուտակով մոնոպլան կառուցել։
«Օկտյաբրյոնոկը», ինչպես ընկերներն անվանել էին իրենց ինքնաթիռը, երեք կոնստրուկտոր ուներ. Միկոյանը, Պավլովը և Սամարինը: Այնուհանդերձ, առաջատարը Արտեմ Միկոյանն էր: Նա հորինողներից մեկն էր, նաև՝ աերոդինամիկական հաշվարկ կատարողը և կոնստրուկտորական խմբի ղեկավարը։
Ավելի ուշ ընկերները նախագծում են մի մարդատար ինքնաթիռ, որն ավելի արագընթաց էր, քան այն ժամանակ եղած ռազմական ինքնաթիռները: Սա, ի՛նչ խոսք, մեծ հաջողություն էր, բայց Միկոյանի ամենամեծ ձեռքբերումները դեռ հետո պիտի աշխարհին զարմացնեին:
Ակադեմիան ավարտելով՝ նա անմիջապես աշխատանքի է անցնում ավիագործարանում: Հենց այս գործարանի հետ էլ կապված են Արտեմ (Անուշավան) Միկոյանի հետագա ամբողջ կյանքն ու աշխատանքը:
Միկոյանը մեծ երազող էր: Բարեկամների, ընկերների հետ զրուցելիս շարունակ կրկնում էր, որ մարդու, հատկապես ինքնաթիռներ ստեղծողի համար կարևորը երազելն է, երազանքը կյանքի կոչելու կամքը: Նա դժվարություններից վախեցողը չէր: Ասում էր, որ երբ խոչընդոտները բազմապատկվում են, ու դժվարություններն անհաղթահարելի թվում, հուսահատվել ու ընկրկել պետք չէ: Ընդհակառակը, դա նշանակում է, որ հաջողությանն եք մոտենում:
1940 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսված էր, և ամբողջ աշխարհը կենաց ու մահու կռիվ էր մղում ֆաշիստների դեմ, Արտեմ Միկոյանը և ավիակոնստրուկտոր Միխայիլ Գուրևիչը ստեղծում են հանրահայտ ՄիԳ-1 (Միկոյան և Գուրևիչ) կործանիչը: Առաջնեկի արագությունը ժամում 628 կիլոմետր էր, երկրից թռիչքի բարձրությունը՝ 6900 մետր: Սա իսկական հեղափոխություն էր Խորհրդային Միության ռազմաօդային ուժերում:
1940թ. ավիակոնստրուկտորները նաև բարելավում են ՄիԳ-1-ը և ստանում ՄիԳ-3 մոդելը: Այս կործանիչի արագությունը հասնում էր ժամում 640 կիլոմետրի:
Բոլոր ՄիԳ ինքնաթիռներն ի սկզբանե նախագծվել էին երկրից 6000 մետր և ավելի բարձրության վրա թռիչքի առավելագույն արագությամբ օդային մարտեր մղելու նպատակով:
ՄիԳ-1-ը, ապա և ՄիԳ-3-ն անմիջապես ուշադրություն են գրավում իրենց սրընթացությամբ: Դրանցով կարելի էր ուղղահայաց գծով մանևրներ կատարել, իսկ մեծ արագությամբ խոյընթացության և ապա վեր սլանալու հնարավորությունը թույլ էր տալիս հանկարծակի գրոհել։
Միկոյանի ստեղծած կործանիչները մեծ դեր են ունեցել ոչ միայն ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում: Դրանց շնորհիվ Խորհրդային Միության ռազմաօդային ուժերն աշխարհում առաջատար դեր ձեռք բերեցին:
1940-ական թվականների վերջին Միկոյանը և Գուրևիչը ստեղծեցին ՄիԳ-15-ը, որն ավիացիայի պատմության մեջ ամենամեծ արտադրությունն ունեցած ռեակտիվ մարտական ինքնաթիռն է։
Իսկ ՄիԳ-19 գերձայնային կործանիչը մինչ օրս էլ լավագույններից է համաշխարհային օդուժի պատմության մեջ:
Այնուհետև արտադրված ՄիԳ-21-ը մինչ օրս շահագործում են 18 երկրներ: Այս եռանկյունաթև ինքնաթիռը գրանցել է բազմաթիվ ռեկորդներ: ՄիԳ-21-ի արագությունը հասնում է ժամում 2230 կիլոմետրի, իսկ երկրից բարձրությունը՝ 19000 մետրի:
Միկոյանի ստեղծած ՄիԳ-երը արտահանվել են աշխարհի գրեթե 40 երկրներ:
Այսօր գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի՝ հռչակավոր ավիակոնստրուկտորի անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Նրան ճանաչում են որպես ՄիԳ ռազմական օդանավերի ստեղծող, որպես Խորհրդային Միության ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից մեկը:
Նրա գլխավորությամբ մշակված ու նախագծված ինքնաթիռներով համաշխարհային շուրջ 60 ռեկորդ է սահմանվել, որոնց զգալի մասը մնում է չգերազանցված:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Ճակատագրեր, Պատմության էջերից