ՀԱՎԱՏԻ ՈՒԺՈՎ՝ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ
Տեր Սամուել քահանա Սարգսյանը հոգեւոր կրթություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 2008թ., իր խնդրանքով եւ Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, ժամկետային զինծառայության է անցել սահմանամերձ զորամասերից մեկում, այնուհետեւ՝ որպես զորամասի հոգեւոր սպասավոր, եւս երեք տարի ծառայել է նույն զորամասում: 2013թ. նշանակվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հոգեւոր սպասավոր: Տեր Սամուելի եւ նրա ծառայության մասին լսել էի հոսպիտալի ռազմական բժիշկների հետ զրույցների ընթացքում, նրանք պատմում էին հետաքրքիր, երբեմն՝ զարմանահրաշ դիպվածներ: Օրերս առիթ ունեցա այդ ամենի մասին զրուցելու հենց իր՝ Տեր Սամուելի հետ:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երկրորդ հարկի աստիճաններից աջ՝ դեպի հիվանդասենյակները տանող միջանցքում, այցելուները մի պահ ակամա դանդաղեցնում են քայլերը. նախ՝ միանգամից զգացվում է սենյակից տարածվող խնկաբույրը, հետո ուշադրությունը գրավում է պատին Սուրբ Գրիգոր Նարեկացու մեծադիր պատկերը: Աներևույթ մի ուժ ձգում է դեպի բաց սենյակը, որտեղ մշտապես մոմեր են վառվում: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և սպարապետ Վազգեն Սարգսյանի համատեղ ջանքերով 1999թ. բացված մատուռը շատերի համար հանգստաբեր, հուսատու մի անկյուն է դարձել: Զինվորների, բուժանձնակազմի, հիվանդներին տեսակցության եկող հարազատների հանդարտ հոսքը մատուռ դարձած այս սենյակ չի դադարում: Այստեղ առանձնանում են, խաղաղվում հոգեպես, մոմ վառում, իսկ իրենց մտահոգություններով, հարցերով դիմում են հոսպիտալի հոգևոր սպասավորին: Տեր Սամուելը այն հոգևորականներից է, որի հետ շփումն անմիջական է, ջերմ ու հոգեպարար. նա լավատեսություն և կենսուրախություն է տարածում շուրջբոլորը: Նրան միշտ հաջողվում է ամոքիչ բառեր գտնել, աղոթքներով սփոփել, դրական լիցքեր հաղորդել մատուռ եկողներին:
«Երբ 2013թ. հոսպիտալում նշանակումս եղավ, այս մատուռը փոքրիկ մի սենյակ էր՝ տարիներ շարունակ մոմից այրված ու սևացած պատերով: Ժամանակի ընթացքում բարենորոգեցինք, երկու սենյակ միացրինք իրար, և ընդարձակ աղոթատեղի դարձավ,- պատմում է Տեր Սամուելը:- Զինվորներից մեկը սրբապատկերները նկարեց, սկսեցինք ժամերգություններ անել, զինվորների մկրտություններ, ու եկավ այն օրը, երբ այստեղ առաջին պատարագը մատուցեցինք: Հոսպիտալի այս հատվածից աղոթքի ուժը խնկի բույրի հետ բարձրանում ու այս հարկի ներքո եղողներին Աստծու հովանու տակ է առնում»:
…2016թ. ապրիլյան դաժան օրերին, երբ վիրավորների համար կյանքի ու մահվան կռիվը շարունակվում էր հոսպիտալի պատերից ներս, շատերը չգիտեին, որ Տեր Սամուելն անընդմեջ մատուռում էր լինում: «Ամեն պահի նոր վիրավորներ էին բերում. պետք է տեղում լինեի, դիմավորեի, կողքներին լինեի»: Զինվորականների կյանքի համար ամենահմուտ բժիշկներն էին պայքարում: Իսկ Տեր Սամուելը հիվանդներին ապաքինման հույս ու հավատ էր ներշնչում: Լինում էին նաև զարմանահրաշ դեպքեր, երբ Տեր Սամուելի մկրտելուց շատ չանցած՝ կոմայի մեջ եղող զինվորները գիտակցության էին գալիս և հետզհետե ապաքինվում էին…
«Մեր զինվորներից Դանիելին,- հիշում է Տեր Սամուելը,- հոսպիտալացրել էին շատ ծանր վիճակում: Բժիշկներից մեկը հայտնեց, որ երիտասարդի ապրելու հավանականությունը չափազանց փոքր է: Շատ էին վիրավորները, ու չգիտեինք, որի մասին մտածեինք, բայց, եթե մարդը ողջ է, նրան բերել-հասցրել են մեզ, ուրեմն պետք է նրան կյանքի վերադարձնելու հնար լինի: Անհավանական կարող է թվալ. աղոթքներից, մկրտությունից հաշված ժամեր անց նույն բժիշկն ինձ ասաց, որ դրական տեղաշարժ կա: Հերթական անգամ փառաբանեցինք մեր Տեր Աստծուն:
Շատ ծանր վիճակում էին Հայկը, Ռոլանդը, մեր մյուս զինվորները… Բոլորովին հույս չունեինք, որ Հովհաննեսը կխոսի. լրջորեն վնասված էր գլխուղեղը: Մոտ երկու տարի հետո հերթական այցով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» էի, որտեղ հոսպիտալից հետո մեր զինվորները վերականգնողական բուժում էին ստանում: Թիկունքից մի անծանոթ ձայն լսեցի. «Օրհնեցե՛ք, տե՛ր հայր», շրջվեցի ու անակնկալի եկա. Հովհաննեսն էր…»:
Հոսպիտալում Մուրադ անունով զինծառայող ունեինք, որը պայթյունի հետևանքով կորցրել էր ոտքը, կոնքոսկրի լուրջ վնասվածք ստացել: Անտանելի ցավերի մեջ էր, հոգեբանորեն ճնշված: Մոտ քառասուն տարեկան ձիգ տղամարդ էր, երեխաները՝ փոքր… Նրան առաջարկեցի մկրտվել: Դժկամությամբ, բայց համաձայնեց. «Ուզում եք մկրտել, մկրտեք»: Իսկ այն, ինչ հետո եղավ, շատ անսպասելի էր. արագ ապաքինվում էր: Զրույցների ժամանակ պատմում էր. «Ոչ ոք ինձ չէր կարող օգնել: Աստծու հետ թշնամացել էի: Մտածում էի՝ ջահել կյանքս դրել եմ հայրենիքիս համար ու սրան եմ արժանանում…»: Բայց ահա մկրտության ընթացքում անբացատրելի ներքին ջերմություն էր զգացել: Ինքն էլ չէր հավատում այդ պահին իր մեջ ծնված անսահման ներքին խաղաղությանն ու ուրախությանը: Սկսել էր հաղորդվել Աստծու հետ, աղոթել, խնդրել, որ ցույց տա կյանքի հետագա ուղին:
Աստծուն փառաբանելու ևս մի առիթ… Մուրադը սկսեց քայլել: Այնպես էին պրոթեզավորել, այնքան վստահ էր քայլում, որ եթե չիմանայի նրա պատմությունը, կմտածեի, որ միանգամայն առողջ է…»:
Տեր Սամուելը խոստովանում է. հատկապես Ապրիլյան քառօրյայի ընթացքում կասկածը որոշ դեպքերում իրեն էլ է պաշարել. «Թերահավատությունն ինձ էլ երբեմն թույլ չէր տալիս հավատալու, թե հիվանդը կբուժվի: Հուսահատվում էի: Բայց այնպիսի հրաշքների ականատեսն ու մասնակիցն էի դառնում, որ… Հիմա ամենածանր դեպքերում անգամ վստահ եմ՝ երբեք պետք չէ մտածել, թե ամեն ինչ կորած է: Երբ ինձ շնորհակալություն են հայտնում, բացատրում եմ, որ շնորհակալ պետք է լինել միայն ու միայն Աստծուն: Ես ընդամենը միջնորդ եմ, միջոց, ինչպիսին, օրինակ, բաժակն է ջուր խմելիս: Ընդամենը ճանապարհն եմ ցույց տալիս, իսկ ճանապարհն առ Աստված սրտանց աղոթքն է:
Ցանկացած դժվարություն պետք է վստահությամբ ընդունել: Ոչ մի դժվարություն պատահական չէ, դրանով մարդուն իր հոգևոր կարիքները տեսնելու, կյանքի որոշ կողմերը վերանայելու հնարավորություն է ընձեռվում:
Պետք է շնորհակալ լինենք Աստծուն այդ հնարավորության համար»:
Տեր Սամուելի համար առաջին անկեղծ ու նվիրյալ հավատացյալի օրինակը հայրն է եղել: Նա է, որ երկու որդիներին առաջարկել է հոգևորական դառնալ: Հիշում է իր ընտանիքի հարուստ ու բարեկեցիկ կյանքը, որ մի օր կտրուկ պիտի փոխվեր, երբ ինքը յոթ տարեկան էր… Ընտանիքի ամբողջ ունեցվածքը մի քանի ժամում կրակի բաժին էր դարձել: «Կրակը շատ արագ տարածվեց ու կլանեց տունը: Այդ հրդեհի ժամանակ հրաշքով փրկվեց քույրս, որ դեռ չոչ անող երեխա էր: Թոհուբոհի մեջ նրան մի պահ մոռացել էին խոհանոցում: Ու մեր կյանքը կտրուկ փոխվեց: Շատ դժվար պայմաններում ենք մեծացել ես, եղբայրս, քույրս: Այդուհանդերձ, նյութական աշխարհին վերաբերող երազանքներ երբևէ չենք ունեցել: Այժմ լիովին վստահ եմ, որ այդ դեպքը պատահականություն չէր…»:
Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, երբ պիտի Վեհափառ Հայրապետի մոտ ընդունելության մտնեին, երիտասարդ հոգևորականը հաստատ որոշել էր՝ որն է իր կյանքի հաջորդ հանգրվանը. պարտադիր ժամկետային զինծառայություն պետք է անցներ: «2008թ. զորամասում ծառայության անցա: Թեև սկզբում ինքս էլ անփորձ էի, բայց Աստծու օգնությամբ հաջողվում էր տեղին ու կարևոր խորհուրդներ տալ զինվորներին: Երբ տղաներին հորդորում էի զուսպ, զգուշավոր լինել, սկզբում ենթարկվում էին՝ զուտ իմ խոսքը հարգելով, իսկ հետո դա վերածվում էր գիտակցված վարքի»: Ծառայության երկու տարիներից հետո ևս երեք տարի, արդեն որպես պայմանագրային, շարունակեց զորամասում հոգևոր ծառայությունը: Եթե զորամասում սկսել էր գիտակցել իր առաքելության կարևորությունը, ապա հոսպիտալում նշանակում ստանալուց հետո, կարելի է ասել, Տեր Սամուելն իր «մարտական մկրտությունն» ստացավ: Ծանր դեպքերի ականատեսը դարձավ, շատ հոգևոր մարտերի բռնվեց:
«Երբ մոտենում ասում ես. «Չվախենա՛ս, լավ է լինելու», արդեն հիվանդին հույս ես ներշնչում: Էլ չեմ ասում, թե ինչ հզոր, առողջարար ուժ ունի աղոթքը: Աստծու կամքն ընդունելը ցանկացած, նույնիսկ ծայրահեղ դեպքում, խնդրի լուծման հիմքն է:
…Հիմա մեր զինվորին եմ ուզում ուղղել խոսքս, պատգամ ու խորհուրդ տալ՝ ասելով, որ մեր հայրենիքը ոչ միայն տարածքն է, օդն ու ջուրն է, մեր սարերը, անտառները, այլ նաեւ մենք ենք. մեր զինվոր ընկերը, մեր հրամանատարը, մեր զավակն է, մեր ծնողները, մեր բարեկամները, մեր քրիստոնեական հոգևոր ժառանգությունն է, որ մեր պապերը իրենց կյանքի, արյան գնով պահել-պահպանել են: Այսօր այդ հայրենիքը պաշտպանելու առիթն ու հնարավորությունը, ինչու չէ՝ նաև ուրախությունը, մեզ է վիճակված: Սա պետք է ընդունել սիրո բարձր գիտակցությամբ: Հայրենասիրությունը գրեթե նույն Աստվածասիրությունն է: Ոչ ոք չի կարող ասել՝ ես սիրում եմ Աստծուն, բայց չեմ ուզում ծառայել: Որովհետև այն մարդը, որ սիրում է Աստծուն, սիրում ու պաշտպանում է իր սրբությունները: Իմ խնդրանքն ու հորդորն է, որ բոլոր զինվորները, նաև՝ սպաները, իրենց ծառայության ընթացքում հենվեն հենց այս գաղափարին: Ծառայելիս գնահատանքի ակնկալիք պետք չէ ունենալ, քանի որ ամենակարևոր գնահատանքը Աստծուց է: Նա է, որ տեսնում է ամեն ինչ, և վարձատրությունը ստանալու եք ձեր ամբողջ կյանքի ընթացքում:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային