Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԷԴՎԱՐԴ ՄԵԼԻՔԻ ԱՅԱՆՅԱՆ

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1919թ. մարտի 25-ին Գետաշեն գյուղում (Շահումյանի շրջան, Հյուսիսային Ղարաբաղ, այժմ՝ Ադրբեջան), գյուղացու ընտանիքում։

Էդվարդ Մելիքի Այանյանը  Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ավագ լեյտենանտ:

1941թ. ավարտել է Ադրբեջանի պետհամալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը եւ զորակոչվել Կարմիր բանակ: 1942թ. հոկտեմբերին ավարտել է Բաքվի հրետանային դպրոցը:

1943թ. մարտից եղել է ռազմաճակատում: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Կուրսկի աղեղի մարտերին, Խարկովի հարձակմանը, Դնեպրի համար մղված ճակատամարտին, Ռումինիայի եւ Հունգարիայի ազատագրմանը:

Իսկ մարտական մկրտությունը լեյտենանտ Այանյանն ստացել է Վոլգայի ափին ծավալված մարտերում՝ իբրեւ 743-րդ զենիթահրթիռային գնդի կրակադասակի հրամանատար: Այնուհետեւ մարտնչել է որպես մարտկոցի հրամանատար:

…Արդեն բազմօրյա ծանր մարտեր էին ընթանում Բուդապեշտի համար: Փաստաթղթերը վկայում են, թե ինչպես էին կռվում Այանյանի մարտկոցի զենիթայինները, ինչպիսի խիզախություն է ցուցաբերել ավագ լեյտենանտը: Պարգեւաթերթիկն իրազեկում է, որ 743-րդ զենիթահրթիռային գնդի 1-ին մարտկոցի հրամանատարն իրեն դրսեւորել է որպես Հայրենիքի անսասան ու արիակամ պաշտպան, կամային սպա, ենթակա ստորաբաժանումն ամենայն սխրանքի առաջնորդելու ունակ լավ զենիթային: Նրա մարտկոցի մարտական հաշվում գրանցվել են թշնամու խփված 14 ինքնաթիռ, 3 տանկ, ոչնչացված 300 զինվոր ու սպա:

Հերոսի սխրագործությունը նրա պարգեւաթերթիկում նկարագրված է հետեւյալ կերպ. «Բուդապեշտում 1945թ. հունվարի 5-15-ը մղված մարտերի ընթացքում մարտկոցը կասեցրել է հակառակորդի 27 հակահարձակում, ոչնչացրել գնդացրային 36, դիպուկահարի 20 կրակակետ, կրակակետային 40 տուն, 12 ավտոմեքենա՝ զորքով ու բեռով հանդերձ, 2 զրահամեքենա՝ անձնակազմով, ճնշել է 4 հրետամարտկոցի կրակը, գերեվարել թշնամու 41 զինվոր ու սպա, առգրավել 88-միլիմետրանոց տրամաչափի զենիթային հրանոթ»:

1945թ. հունվարի 6-ին հակառակորդի հետեւակային խոշոր ուժերի հակահարձակումը հետ մղելիս ավագ լեյտենանտ Այանյանը բեկորային 17 վերք է ստացել: Սակայն քաջարի սպան մարտադաշտը չի լքել՝ շարունակելով հրամաններ տալ մարտկոցին եւ իր հրանոթներով առաջինը հասել Դունայ գետին:

1946թ. մայիսի 16-ին Էդվարդ Մելիքի Այանյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի եւ «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով:

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով ու մեդալներով:

1946թ. Էդվարդ Այանյանն արձակվել է ԶՈՒ պահեստազոր: Սովորել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի եւ ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայում՝ մեխանիկա մասնագիտությամբ: Ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետեւ աշխատել է Մոսկվայում՝ որպես ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի խնդիրների ինստիտուտի գիտնական քարտուղար:

Էդվարդ Մելիքի Այանյանը մահացել է 1994թ. փետրվարի 26-ին: Հանգչում է Մոսկվայի Տրոեկտուրովյան շիրմատանը:

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Ճակատագրեր


05/03/2020