Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ՈԳՈՎ



ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ՈԳՈՎԳեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը հայոց բանակի ստեղծման ակունքներում  կանգնած նվիրյալ զինվորականներից է: 30 տարի ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ Հայաստանի համար 90-ականների սկզբի դժվարին ժամանակաշրջանում խորհրդային բանակի հայ գեներալը իր իսկ ցանկությամբ տեղափոխվեց հայրենիք եւ տարիների կուտակած զինվորական փորձն ու գիտելիքները ներդրեց հայոց նորաստեղծ բանակում: Մեր բանակի զորամասերում այսօր էլ կիրառում են նրա մշակած կանոնագրքերը, ծրագրերն  եւ մեթոդական ձեռնարկները:

Մինչեւ 2008թ. Մուրազ Սարգսյանը ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետն էր: Պահեստազոր անցնելուց հետո նշանակվեց պաշտպանության նախարարի խորհրդական: Երկար տարիներ նա համակարգում էր դպրոցներում նախնական զինվորական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտը:

Այսօր ծերունազարդ գեներալը հպարտանալու բազմաթիվ առիթներ ունի. նրա  բարեխիղճ եւ սրտացավ  մոտեցման, պրպտուն նախաձեռնողականության  շնորհիվ ՊՆ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերանորոգվել եւ կահավորվել են բազմաթիվ դասասենյակներ, բացվել են փառքի սրահներ, հերոս քաջորդիների անուններով անվանակոչվել են դասասենյակներ:

Այժմ էլ գեներալ-լեյտենանտի գործունեության առանցքում կրթօջախներում ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումն  է: Նրա եռանդն անսպառ է: Այցելում է ուսումնական հաստատություններ, ուսումնասիրում ՆԶՊ առարկայի դասավանդման դրվածքը, դասասենյակների, մարզահրապարակների համապատասխան կահավորվածությունը,  ուսումնական զենքերի առկայությունն ու դրանց պահպանության համար առկա պայմանները: Պարբերաբար հանդիպում է նաև զինղեկների հետ, քննարկում նրանց հուզող հիմնախնդիրները: Այս ամենը վերլուծելով, համադրելով բոլոր տվյալները՝ պաշտպանության նախարարին ներկայացնում է համապատասխան առաջարկներ:

Բոլորովին վերջերս էլ գեներալ-լեյտենանտի մասնակցությամբ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի դպրոցում Արիության դաս էր: Գեներալը տեղեկացել էր, որ դպրոցի հինգ շրջանավարտները զոհվել են Արցախյան պատերազմի ժամանակ, եւ նրանց անունով ոչ մի դասարան անվանակոչված չէ: Եվ ահա գեներալի առաջարկով համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրինության եւ ողջ համայնքի ջանքերով կարճ ժամկետում մտադրությունն իրականացվեց: Դասասենյակի վերանորոգումն ու կահավորումը նախաձեռնել էին պահեստազորի փոխգնդապետ Վիտալի Կուրղինյանը, Դավիթ Սահակյանը, Էդգար Եզոյանը, Կարեն Մարգարյանը, Գեւորգ Զաքարյանը, Ռուբեն Գրիգորյանը, Ռաֆիկ Սարիբեկյանը, Շահեն Մարգարյանը:

Կրթօջախի հինգ դասասենյակ անվանակոչվեց դպրոցի հերոս շրջանավարտների՝ Մարտիկ Շահնազարյանի, Սամվել Եզոյանի, Նորիկ Մուրադյանի, Սարգիս Բադիշյանի եւ Ռոբերտ Ավետիսյանի անուններով: Գեղեցիկ, հուզառատ միջոցառում էր կազմակերպվել, ներկա էին նաեւ հայրենիքին կյանքը նվիրաբերած քաջորդիների հարազատները: Անպատմելի էր նրանց հուզմունքն ու հպարտությունը:

Օրվա խորհրդի շարունակությունն էլ Սարգիս Վարդեւանյանի «Ճախրանք հավերժության մեջ» գրքի նվիրատվությունն էր դպրոցին եւ զոհվածների հարազատներին:

-Հիշել, մեծարել, գնահատել հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսներին մեր բոլորի պարտքն է,- նշեց գեներալն ու հավելեց,- այսօրվա  աշակերտը վաղվա զինվորն է, եւ որքան բարձր մակարդակով իրականացվի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, այնքան մարտունակ եւ անխոցելի կլինի բանակը: Հայրենասեր եւ հայրենատեր ոգով դաստիարակության մեջ է հայ ազգի հարատեւումը:

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


05/03/2020