Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ



ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸԶրույց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի հետ

 

-Պարոն Խաչատրյան, այս զրույցի միտքը ծագեց, երբ իմ հարեւանի որդին ասաց, որ չի կողմնորոշվում, թե ի՞նչ մասնագիտություն ընտրի, ո՞ր կրթօջախը դիմի սովորելու: Ես նրան առաջարկեցի դառնալ սպա, ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: «Ինչո՞ւ հատկապես ռազմական համալսարան,- հարցրեց տղան, որը մի քանի ամսից կավարտի դպրոցը,- ի՞նչ է առաջարկում այդ բուհը դիմորդին ուսման ընթացքում եւ հետագայում»: Եվ ես որոշեցի այս հարցի պատասխանն ստանալ Ձեզնից:

-Ես գիտեմ, որ այսօր երիտասարդությունը պրագմատիկ է, եւ Դուք շատ ավելի առարկայական պատասխան եք ակնկալում: Այդուհանդերձ, առաջնահերթ պիտի խոսեմ սպայի մասնագիտության պատվի ու կարեւորության մասին:

Հայոց բանակի սպայակազմի հիմքը եղել են  մարդիկ, ովքեր թողեցին իրենց ապահով,  հանգիստ աշխատանքը եւ գնացին առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի վտանգված սահմանները: Խոսքը հետագայում հայկական բանակի համազգեստ հագած ազատամարտիկների մասին է: Բանակի այսօրվա սպայակազմը ժառանգել է խորհրդային բանակի հայ սպաների բերած բարոյական լավագույն ավանդույթները: Այն սպաների, որոնք թողեցին իրենց բարձր պաշտոնները խորհրդային բանակում եւ եկան Հայաստան, ծառայության անցան նորակազմ եւ պատերազմող բանակում՝ կամավոր ու գիտակցաբար իրենց ուսերին առնելով բոլոր դժվարությունները: Եթե մասնագիտական ընտրության առջեւ կանգնած Ձեր հարեւանի որդին զգում է իրեն այս բարձր արժեքների ժառանգորդը, եթե նա որոշում է կրել այն համազգեստը, որն ունի փառահեղ կենսագրություն ու նկարագիր, եթե նրա համար կարեւոր են իր պատիվը,  հեղինակությունը հասարակության շրջանում, եթե նա ուժեղ տղա է՝ հոգով ու մարմնով, ուրեմն թող ընտրի բոլոր մասնագիտություններից ամենավեհը, ամենապատվելին, ամենահպարտը՝ հայրենիքի ու ժողովրդի պաշտպանի մասնագիտությունը:

-Լավ, պարոն գնդապետ, նախքան Ռազմական համալսարանում ուսումնառության տարիներին անդրադառնալը, եկեք խոսենք, թե ի՞նչ է սպասվում արդեն բուհն ավարտած երիտասարդ սպային:

-Նա անմիջապես կնշանակվի ծառայության, կստանա բարձր աշխատավարձ, որը տարիների ընթացքում՝ կոչումները եւ պաշտոնը բարձրանալու հետ, զգալիորեն  կաճի:

-Իսկ եթե կոչումներն ու պաշտոնը չբարձրանա՞ն:

-Բանակում նման բան չկա: Սպան չի կարող դոփել տեղում: Եթե նա բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները, սահմանված ժամկետներում նրա կոչումը եւ պաշտոնը բարձրանալու են: Սա կանոնակարգված գործընթաց է, օրենքներով սահմանված, ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքով ու բարեհաճությամբ է կատարվում:

Ծառայության վայրում երիտասարդ սպան ստանալու է ծառայողական բնակարան կամ փոխհատուցվելու է նրա բնակվարձը: Երիտասարդ սպան հանգիստ կարող է ընտանիք կազմել ծառայության անցնելուց հետո, որովհետեւ ապահովված է լինելու կացարանով եւ բարձր աշխատավարձով: Նա եւ իր ընտանիքի անդամներն օգտվելու են անվճար բուժօգնությունից: Իսկ եթե չունի սեփական անշարժ գույք՝ բնակարան, այն կարող է ձեռք բերել արտոնյալ պայմաններով:

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ-Լավ, իսկ ի՞նչ է սպասվում ապագա սպային ուսումնառության տարիներին:

-Նա չի վճարում ուսման համար: Ընդհակառակը, ստանում է կրթաթոշակ: Ռազմական համալսարանը նրան ապահովում է սննդով, հագուստով, կացարանով, անվճար բուժօգնությամբ, հոգում է նրա բոլոր կենցաղային հոգսերը: Ավելին՝ Ռազմական համալսարանը կազմակերպում է նրա առօրյան ամենաբարձր մակարդակով՝ սկսած մարզվելուց, ընթերցանությունից մինչեւ մշակութային միջոցառումներ՝ պարբերական այցելություններ կինոթատրոններ, համերգասրահներ, թանգարաններ եւ այլն:

-Իսկ սնո՞ւնդը…

-Հազիվ թե շատերի տներում լինի այնպիսի սնունդ, ինչպիսին ռազմական համալսարանում է՝ համակողմանի, բազմազան, օգտակար, կալորիական՝ երիտասարդ օրգանիզմի աճի համար անհրաժեշտ: Վստահեցնում եմ՝ մենք ապագա սպաներին տալիս ենք լավագույն սնունդը:

-Սպայականության մասին խոսելիս ամենատարբեր ամբիոններից հնչում է կարծիք, որ սպայակազմը պետք է լինի հասարակության ամենավեհ գաղափարների կրողը, պիտի փայլի իր բարեկրթությամբ, ինտելեկտով, պահվածքով, բարոյական որակներով: Ռազմական համալսարանը նման է մի քուրայի, որտեղ տարբեր տեղերից եկած-լցված հումքից պիտի ազնվակերտ կառույց ձուլվի: Ճի՞շտ եմ:

-Շատ պատկերավոր ասացիք, այո՛, ճիշտ եք:

-Տեսեք, մեկը գալիս է մայրաքաղաքից, մյուսը՝ ամենահեռավոր գյուղից: Վերջում մենք պետք է ստանանք նույն խավին պատկանող երկու սպա, որոնք նույն արժեհամակարգի կրողն են, ունեն նույն վարքականոնը, նույն ինտելեկտը…

-Սկսենք տարրական բարեկրթությունից: Համալսարանում դասավանդվում են էթիկա ու բարեվարքություն առարկաները, որոնք կուրսանտներին սովորեցնում են սպասքից օգտվելու կանոններից մինչեւ մարդկային հարաբերությունների բարոյական դրույթները, որովհետեւ հայրենասիրությունը՝ որպես առաքինությունների պսակ, ծնվում է բարոյական արժանիքների հողի վրա: Կոպիտ, անհանդուրժող, իր շրջապատի հանդեպ անտարբեր, յուրայիններին չսիրող մարդը չի կարող հանկարծ հայրենասեր դառնալ:

Կուրսանտին մեծապես կրթում են այն պայմաններն ու ռեժիմը, որով ապրում է: Նրա կյանքը կազմակերպված է ու կանոնակարգված: Նրա օրն սկսվում ու ավարտվում է պարտականություններով: Սա, ուզես, թե չուզես, մարդու հոգում ձեւավորում է պարտքի զգացում. նա դառնում է պատասխանատու ու բարեխիղճ:

Դու քնում ես մաքուր անկողնում, գեղեցիկ սենյակում, արթնանում ես միշտ նույն ժամին, հետևում ես քո հիգիենային, հետո ճաշում ես նորոգ ճաշարանում, ուտում ես ամենահամեղ ուտելիքը: Կրթվում ես՝ լսելով բարձրակարգ դասախոսներին, ձեռք ես բերում մասնագիտական գիտելիքներ, դասերդ ես սովորում, մարզվում համապատասխան  վարժասարքերով: Գնում ես թատրոն, համերգ, ցուցահանդեսներ, թանգարաններ: Ու քեզ առավոտից իրիկուն ասում են, որ դու ընտրել ես ամենավեհ, ամենապատվելի, ամենահերոսական մասնագիտությունը ու դառնալու ես հայրենիքի պաշտպան՝ քո ժողովրդի ամենասիրված, ամենագնահատված խավի մի մասը: Այս ամենից հետո դու չես կարող չարժեւորել, չհարգել ինքդ քեզ՝ դրա բոլոր դրական հետեւանքներով: Չի կարող քո մեջ չարթնանալ ինքնակրթվելու, ավելի կատարյալ լինելու զգացում: Ես մշտապես գրքեր եմ նվիրում իմ կուրսանտներին: Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք գեղարվեստական գրականություն կարդան: Պարբերաբար կազմակերպում ենք կուրսանտների հանդիպումները մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների հետ:

ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ-Իսկ մասնագիտական գիտելիքնե՞րը: Դրանք բավարա՞ր են կրտսեր սպայական ծառայությունը պատվով ու անվտանգ կրելու համար:

-Այո՛, մեր կուրսանտը ծառայության առաջին օրվանից կարող է կատարել իր ծառայողական պարտականությունները պատշաճ մակարդակով: Չպետք է մոռանանք, որ Ռազմական համալսարանում սովորում են վաղվա զորահրամանատարները և ռազմական գիտնականները:

-Պարոն գնդապետ, Ձեր պատմածից ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք բազմակողմանի զարգացած, բարձր առաքինությունների տեր խավ՝ սպայականություն: Բայց մենք գիտենք, որ ամեն ինչ այդ ոլորտում իդեալական չէ:

-Ես պատմեցի մեր բուհում կրթության համակարգի, բովանդակության ու ծրագրերի մասին: Ասացի, թե ինչ է արվում: Բայց ես չեմ խոսել արդյունքների մասին, չեմ ասել, որ մենք բացարձակ հաջողության ենք հասել…

Մեր զրույցի ավարտին ցանկանում եմ ասել, որ նրանք, ովքեր կընտրեն սպայի մասնագիտությունը եւ կգան սովորելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, կստանան լավ եւ բազմակողմանի կրթություն, կունենան ինքնազարգացմամբ զբաղվելու բոլոր հնարավորությունները, իսկ բուհն ավարտելուց  հետո կունենան բարձր վարձատրվող, պատվարժան աշխատանք՝ օգտվելով սոցիալական տարբեր արտոնություններից: Կարեւորը իրենց` զինվորական դառնալու ընտրությունն է:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/03/2020