ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԽՈՍՔԸ
Այսօր հայոց երկիրն ունի իր սեփական հզոր բանակը, և հայոց մայրերը հպարտորեն ու պարծանքով են ճանապարհում իրենց որդիներին հայրենիքը պաշտպանելու: Եկել է նաև քո՛ հերթը, որդի՛ս: Կարծես երեկ էր, որ կրծքիս տակ լսում էի քո սրտի աշխատանքը: Ահա մեծացել ու դյուցազն ես դարձել: Հպարտորեն կարող եմ ասել, որ դաստիարակել եմ այնպիսի որդի, որը սրտատրոփ սպասում է հավատարիմ լինելու զինվորական երդմանը:
Ուզում եմ մաղթել քեզ լինել ուժեղ, համարձակ, ինքնավստահ տղամարդ, որ կարողանաս պաշտպանել ինքդ քեզ և ընկերներիդ:
Անհամբեր սպասում եմ, որ ամուր գրկեմ և համբուրեմ ճակատդ: Իսկ մինչ այդ, խնդրում եմ, եղիր խելամիտ, իմաստուն և միշտ ձգտիր լավագույնին: Ինձ համար դու լավագույն երեխան ես աշխարհում, և ես անկեղծորեն ուզում եմ, որ դա նկատեն նաև մյուսները, քո մեջ տեսնեն այն կայծը, որը տեսնում է հարազատ մայրդ:
Որդի՛ս, ուզում եմ մաղթել քեզ խաղաղ գիշերներ ու անհոգ ծառայություն։ Թող ամեն ինչ քո կյանքում հաջող ընթացք ունենա: Մենք բոլորս սպասում ենք քո վերադարձին: Ծառայիր ու հավատա քո ուժերին, ի՛մ պաշտպան, ի՛մ հերոս:
Սիրելի՛ Դավիթ, ես անչափ հպարտ եմ քեզնով: Անսահման սիրում ենք քեզ:
Քո մայր՝ Մելանյա
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Բանակ և հասարակություն