ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Շիրակի մարզի դպրոցականների նամակները առաջնագծում ծառայող զինվորներին
Բարև, իմ քաջ զինվոր։ Գրում եմ՝ հույս ունենալով, որ մի օր ժամանակ կգտնես, նամակս կկարդաս, ու խոսքերս փոքր-ինչ կջերմացնեն քեզ։
Ես գիտեմ՝ քեզ համար հեշտ չէ. հեռու ընտանիքից, հարազատներից, ընկերներից` դու պաշտպանում ես մեր թանկ հողը: Բայց և սահմանին դու գիտակցում ես, որ թիկունքում քեզ հարազատ մարդիկ են, և դա քեզ ավելի է հզորացնում։
Հա՛յ զինվոր, ես քո օրինակով եմ հասկանում, թե ինչ է իրական սերն առ հայրենիք։
Ելենա Հովհաննիսյան
Կամոյի միջն. դպրոց
11-րդ դասարան
♦♦♦
Բարև, իմ խիզախ ու արիասիրտ զինվոր եղբայրներ, որ պաշտպանում եք մեր սրբազան հայրենիքը: Դուք մեր հպարտությունն եք, մեր խաղաղ օրվա երաշխավորը:
Պապիկս Արցախյան պատերազմի մասնակից է, և ես հպարտ եմ մեր Հաղթանակում նրա ունեցած ավանդով: Հպարտ եմ յուրաքանչյուր հայրենյաց պաշտպանով: Շնորհակալ եմ, որ ամուր եւ անառիկ եք պահում մեր երկրի սահմանները: Մեր քաջ պաշտպաններ, բոլորիդ խաղաղ ծառայություն եմ մաղթում եւ բարի վերադարձ:
Սուսաննա Ղազարյան
Գյումրի, Օյունջյանի անվան թիվ 21 դպրոց
5-րդ դասարան
♦♦♦
Զինվո՛ր, գիտեմ, որ քեզ համար առավել կարևոր առաքելություն չկա, քան հայրենիքի պաշտպանությունը։ Բոլորս հպարտանում ենք քեզանով: Դու հայ ազգի պաշտպանն ու պահապանն ես։ Ուզում եմ, որ բարի սկսվի ու բարի ավարտվի քո օրը, քեզ խաղաղ և անամպ երկինք։
Շնորհակալ եմ այն մայրերին, որոնք քեզ նման հայրենիքին նվիրված հերոս զավակներ են ծնել։
Աստղիկ Ղազարյան
Կամոյի միջն. դպրոց
8-րդ դասարան
♦♦♦
Բարև, իմ հերոս զինվոր, իմ ավագ եղբայր:
Ես պապիկիս անունն եմ կրում, նա Արցախյան պատերազմի մասնակից է, բազմաթիվ մեդալներ ունի: Պապիկս ինձ պատմել է այն դժվարին օրերի, իրենց հաղթանակների մասին: Ես չեմ ուզում պատերազմ լինի, բայց, եթե հարկ լինի, ես էլ կկռվեմ թշնամու դեմ, որ արժանի լինեմ պապիկիս անվանը…
Ես պատանի ծանրամարտիկ եմ, բազմաթիվ մրցաշարերում եմ հաղթել: Խոստանում եմ՝ երբ շատ հայտնի, ճանաչված մարզիկ դառնամ, իմ մեծ հաղթանակներից մեկը քեզ եմ նվիրելու:
Գրիգոր Ղազարյան
Գյումրի, Օյունջյանի անվան թիվ 21 դպրոց
6-րդ դասարան
♦♦♦
Ես անպատմելի հպարտությամբ եմ քեզ այդպես դիմում։ Սրտիս արագացած զարկերով եմ գրում այս նամակը և ուզում եմ երախտագիտությունս հայտնել քեզ: Որքան կարեւոր ու պատասխանատու գործ են մեր բոլոր զինվորները կատարում հիմա սահմանին կանգնած։ Ձեր շնորհիվ է խաղաղ ու անհոգ անցնում իմ մանկությունը: Շնորհակալ եմ, իմ եղբայրներ։
Էվելինա Մխիթարյան
Գյումրի, թիվ 23 դպրոց
6-րդ դասարան
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Բանակ և հասարակություն