ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ
Ցուցաբերելով մեծ «մարդասիրություն» եւ ցանկանալով ընդմիշտ ազատվել Արեւմտյան Հայաստանում մնացած հայության բեկորներից, 12-րդ հոդվածը նրանց իրավունք էր վերապահում` «իրենց ունեցվածքը կամ դրա արժեքն իրենց հետ վերցնելով, ազատ հեռանալ Թուրքիայից»։ Նպատակը պարզ էր. Թուրքիան ցանկանում էր Արեւմտյան Հայաստանում մաքրել հայության հետքերը, օրինականացնել հայության պատմական հայրենիքի զավթումը։
1921թ. հոկտեմբերի 18-ին` Կարսում, Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Ա. Մռավյանը ստորագրեց զիջումների նոր պայմանագիր։ Դա բոլշեւիկյան Հայաստանի՝ Հայկական հարցի հետ կապված առաջին եւ, բարեբախտաբար, վերջին պայմանագիրն էր։ Սկսվեց Արեւելյան Հայաստանի տարածքների զիջումը, որի առաջին զոհը դառնալու էր Ղարաբաղը։
Հայկական տարածքների` հարեւան Ադրբեջանին ու Վրաստանին բռնակցումը անվանելով ներխորհրդային խնդիր, բոլշեւիկյան Ռուսաստանը ծրագրավորված իրականացնում էր Հայկական հարցի լուծման իր քաղաքականությունը։
1918թ. մայիսին, երբ կազմավորվեց Ադրբեջան անունով Գանձակ կենտրոնով պետությունը, կառավարող մուսավաթական կուսակցությունը հենվելով Թուրքիայի հետ ձեւավորված եղբայրական կապերի վրա` ձգտում էր իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը։ Քոչվոր, խաշնարած «կովկասյան թաթարները» բնակություն էին հաստատել այնպիսի տարածքներում, որոնք ընկած էին պանթուրքիզմի հետապնդած սահմաններում։ Բազմացման աննախադեպ ցուցանիշներ ունեցող քոչվորները շուտով թվական գերազանցություն էին ձեռք բերում խաղաղ նվաճված տարածքներում եւ հայկական նահանգներն ու գավառները համարում էին իրենցը։ Այդպես ասպարեզ բերվեցին Ադրբեջան ինքնակոչ պետության տարածքային պահանջները։ Նրանք ցանկանում էին տեր դառնալ Հայաստանի 50000 քառ.կմ տարածքին, որտեղ բնակվում էին 552000 բնիկ հայեր։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպեսզի կանխի նման ոտնձգությունները, հանդես եկավ հայտարարությամբ, որով Ղարաբաղն ու Զանգեզուրը համարում էր իր անբաժանելի մասը։
1921թ. հունիսի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարության հայտարարությունում նշվում էր, որ հենվելով Ադրբեջանի հեղկոմի հայտարարության եւ կայացված համաձայնության վրա, Լեռնային Ղարաբաղը համարվում է ՀԽՍՀ անբաժանելի մասը։ Բոլշեւիկ մուսավաթականները, կանգնելով կատարված փաստի առաջ, պահանջեցին խնդրի վերաքննություն։ Ս. Կիրովի գլխավորած հանձնաժողովը հունիսի 25-27-ը գումարած նիստերում կարողացավ խնդիրը լուծել, եւ այն փոխադրվեց բոլշեւիկների Կովկասյան բյուրո։ Հուլիսի 4-ի բյուրոյի նիստում, որին մասնակցում էին Ստալինը, Մյասնիկյանը եւ Նարիմանովը, որոշվեց Արցախը միավորել Հայաստանին։ Որոշումը ձեռնտու չէր Ադրբեջանին, բողոքարկվեց։ Հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Ստալինի նախաձեռնությամբ գումարվեց բյուրոյի նոր նիստ, որտեղ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին։ Անօրինական այդ վճիռը մեկ անգամ եւս ապացուցում էր, որ Արեւմտյան Հայաստանը վաճառելով Թուրքիային, Նախիջեւանը որպես կալվածք նվիրելով Քեմալ Աթաթուրքին, խորհրդային արտաքին քաղաքականությունը ապօրինի տնօրինող Ստալինը ոչնչի առաջ կանգ չի առնելու` մինչեւ հայկական տարածքների հաշվին չիրականանա պանթուրքիզմի ծրագիրը։
Արցախահայությունը, սակայն, երբեք չդադարեցրեց մայր հայրենիքին վերամիավորվելու պայքարը, որն իր բարձրակետին հասավ 1988 թվականին:
Հայկական հարցի լուծման թուրք-բոլշեւիկյան ծրագրի բաղկացուցիչ մասն էր կազմում նաեւ Զանգեզուրը։
1918թ. վերջերին մուսավաթական Ադրբեջանը սկսեց Զանգեզուրի վրա հարձակումները, որոնք ղեկավարում էին թուրք փաշաները։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հնարավորություն չունենալով գործնական օգնության հասնել երկրամասին, ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով 1918թ. Զանգեզուր ուղարկեց Գարեգին Նժդեհին։
Շուրջ մեկտարյա՝ 1918-1919 թթ. պայքարը ցույց տվեց, որ զանգեզուրահայությանը հնարավոր չէ պարտադրել անցանկալի լուծում։ Գ. Նժդեհի հերոսական կերպարը ոգեշունչ օրինակ էր։ Երկրամասի հայությանը օգնության հասավ Անդրանիկը, իսկ 1919թ. մարտի 25-ից գոյամարտը շարունակվեց Զանգեզուրի նահանգապետ նշանակված Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։
1919թ. հոկտեմբերին 15000-անոց բանակով Զանգեզուր արշավեց Սուլթանովը։ Թշնամին հետ շպրտվեց, բայց մեկ ամիս անց՝ սեպտեմբերին, ուժեղ հարձակում ձեռնարկեց Արաքսի հովտով` նպատակ ունենալով գրավել Գորիսը։ Այս անգամ էլ 12000-անոց ադրբեջանական հրոսակները պարտություն կրեցին` տալով զգալի կորուստներ։ Հայերը գրավեցին 14 գնդացիր, այլ ռազմավար։
1920թ. եղբայրներին օգնության հասավ հայակեր Էնվերի եղբայր Նուրի փաշան։ Նպատակակետ ունենալով Ղափանի գրավումը` թուրքական ուժերը շարժվեցին Որոտանի ուղղությամբ, բայց ջախջախիչ պարտություն կրեցին։
Ադրբեջանի խորհրդայնացումից հետո զանգեզուրահայության դեմ կանգնեց 11-րդ Կարմիր բանակը։ Մինչ մարտական գործողություններ սկսելը, բոլշեւիկյան հրամանատարը Նժդեհից պահանջում էր Մեղրիի վրայով ճանապարհ տալ` Օրդուբադ ու Ջուլֆա գնալու համար։ Դավիթբեկյան ուխտանվիրյալը պատասխան պահանջ է ներկայացնում՝ ազատել Ղափանը։ Հոկտեմբերի 10-ին ազատագրվեց Ղափանի շրջանը, նոյեմբերի 2-ին՝ Գորիսը։
Հայաստանի բռնի խորհրդայնացումից հետո Գ. Նժդեհը զենքը վայր չդրեց։ Ղարաբաղը խեղդելու թուրք-ադրբեջանաբոլշեւիկյան փորձը անձնվեր հայորդուն բերեց այն եզրակացության, որ դադարեցնել հերոսամարտը նշանակում է կորստի մատնել Զանգեզուրը։ Քաջ գիտակցելով բոլշեւիկների հակահայկական քաղաքականության հետեւանքները, Գ. Նժդեհը որոշեց շարունակել երկրամասի պաշտպանությունը այնքան ժամանակ, մինչեւ բարեհաջող վիճակ կստեղծվի Հայկական հարցի լուծման զանգեզուրյան հատվածում։
Մինչ այդ, 1920թ. դեկտեմբերի 25-ին՝ Տաթեւի վանքում համազանգեզուրյան համագումարը երկրամասը հռչակել էր Անկախ պետություն, Գարեգին Նժդեհին՝ սպարապետ։
Որքան կենսունակ պետք է լիներ Հայոց ազգային գաղափարախոսությունը, որ հայակուլ ուժերի դեմ մեկ ճակատում պարտություն կրելուց հետո, պատմական հայրենիքի մեկ այլ հատվածում նորից հռչակեր իր անկախությունը։
1921թ. ապրիլին փետրվարյան հեղափոխության պարտությունից հետո, երբ Հայաստանը նորից խորհրդայնացվեց, «Փրկության կոմիտեն», մտավորականության, կուսակցական, հասարակական գործիչների զգալի մասը, բանակի մի մասը Գառնիի վրայով անցան Զանգեզուր։ Ապրիլի 27-ին գումարվեց համազանգեզուրյան 2-րդ համագումարը, երկրամասը անվանվեց Լեռնահայաստան, որի վարչապետն էր դառնում սպարապետ Նժդեհը՝ «Խուստուփյան արծիվ» երկաթե շքանշանի ասպետը։
Զանգեզուրի հերոսամարտը ի չիք դարձրեց պանթուրքիզմի ծրագիրը։ Հայկական պատմական հայրենիքի այդ հատվածը փրկվեց օտար պետության բռնակցվելու վտանգից, դարձավ Հայաստանի անբաժանելի մասը։
…Հայ-վրացական հարաբերությունների ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ սկսած 11-12-րդ դարերից, օգտվելով հայ ժողովրդի ծանր կացությունից, անտեսելով այն փաստը, որ Հայաստանը միշտ պատնեշի դեր է խաղացել Վրաստանի համար՝ իր վրա կրելով նվաճողների առաջին հարվածները, վրացական ազգայնամոլությունը հայկական անվիճելի տարածքների նկատմամբ իր հավակնությունները փորձել է իրականացնել առաջին իսկ պատեհ առիթի դեպքում։
Այս քաղաքականությունը առավել ընդգծվեց Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո։ Ճարպկորեն օգտագործելով հայ-ադրբեջանական հակասությունները՝ վրաց մենշեւիկները, Ծերեթելու գլխավորությամբ, հաստատեցին իրենց կուսակցական գերիշխանությունը եւ նախապատրաստվեցին Հայաստանից խլելու այն ամենը, ինչը հնարավոր էր։
Թշնամական քաղաքականություն դրսեւորելով եղեռնից մազապուրծ գաղթականության նկատմամբ, որոնց զգալի մասը հանգրվանել էր Ջավախքում, «անվտանգության եւ վարակիչ հիվանդությունների» դեմ պայքարելու պատրվակով, ստեղծվեց «վասմոյ կիլոմետր» անվանվող պատնեշը, որով փաստորեն շրջափակվում էր Ջավախքը, եւ տեղացի ու գաղթական հայ ազգաբնակչությանը մատնում էր սովի ու հիվանդությունների։ Վրացական ազգայնամոլությունը տարածում էր այն տեսությունը, թե Դաշնակցությունը միտումնավոր է հայերին կենտրոնացնում Ջավախքում, որ թիկունքից հարվածի Վրաստանին։
Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Պատմության էջերից