Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՐԺԱՆԻՔՆ Է»



«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՐԺԱՆԻՔՆ Է»Երբ մի մարդու մեջ ներդաշնակ են չորս կարեւոր դերեր՝ կին, մայր, բժիշկ եւ զինվորական, նրան մի ընդհանրացնող բնորոշում կարելի է տալ. ուժեղ անձնավորություն: Զորամասի բուժկետի պետ, բուժծառայության պետ Քնարիկ Հակոբյանը 2000թ. ընդունվել է Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ: 2007թ. ավարտել է ինտերնատուրան: Այնուհետեւ ամուսնացել, երկու զավակ է ունեցել՝ երկու ապագա զինվոր: 2011թ. ծառայության է անցել այս զորամասում, որտեղ նրա առաքելությունը նույնքան կարեւոր է, որքան ընտանեկան օջախում ունեցած դերը:

 

Այն, որ բժշկությունը դեռ մանկուց եմ շատ սիրել, պարզապես խոսքեր չեն: Իսկական, մեծ սեր էր: Խաղալիք ներարկիչները, դեղերի  դատարկ սրվակները, ստետոսկոպը իմ սիրելի զբաղմունքն էր… Իսկ հենց զինվորական բժիշկ դառնալու գաղափարը զինվորական հորիցս է եկել: Նա մաթեմատիկոս էր, դասախոսում էր բուհերից  մեկում, բայց որոշեց զինծառայության անցնել, և, կարծում եմ, սա իր կյանքի կարևոր քայլերից էր: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ է եղել:  Խիստ, ճշտապահ, խելացի, հավասարակշիռ մարդ լինելով` նաև բարի սիրտ ու հոգեբանի նրբանկատություն ունի: Այնպես որ, միանգամայն համապատասխանում էր այս պաշտոնին: Փոքրուց զգացել  եմ ծառայակիցների մեծ հարգանքը հորս նկատմամբ և ոգևորվել ու հպարտացել եմ: Այսպես է ձևավորվել սերս զինվորական համազգեստի հանդեպ: Հայրս տանը  չէր խոսում իր ծառայողական դժվարություններից: Հպարտանում էր մեր բանակով, մեր երկրով և մեզ միշտ այն միտքն է ներշնչել, թե ամեն ինչ մեզանից է կախված. եթե յուրաքանչյուրս մեր հանդեպ պահանջկոտ լինենք, հարկ եղածի պես մեր գործն անենք, մեր երկիրը դրախտավայր կդառնա:

Երբ մասնագիտություն ընտրելու իմ հերթը եկավ, ծնողներս հույս ունեին, որ իմանալով, թե որքան դժվար է այս բուհում սովորելը,  ետ կկանգնեմ այդ մտքից, բայց այդպես չեղավ: Ընտրեցի ոչ թե պարզապես բժշկի, այլ՝ ռազմական բժշկի մասնագիտությունը:

Զինվորական բժիշկ լինելը ընտանիքի մոր, տանտիկնոջ դերի ու պարտականությունների հետ համատեղելը, իհարկե, հեշտ գործ չէ: Եթե ընտանիքս, երեխաներիս դաստիարակությունն իմ կյանքի առաջնահերթ խնդիրներից են, ապա ծառայությունս համարում եմ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը: Ուրախ եմ, որ կարողանում եմ իմ փոքրիկ լուման ներդնել մեր բանակի զարգացման, կատարելագործման գործում:

Աֆորիզմով ասեմ. «Հայրենիքի հանդեպ սերը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է»: Կյանքիս մի շրջանում իմ երկրից դուրս եմ ապրել: Կարող էի ավելի հեշտ, թեթև կյանք ունենալ, բայց օտարության մեջ, հայրենիքից հեռու ապրելն ինձ համար ամենադժվարն էր… Երկու որդիներս մեծանում էին. որոշեցինք, որ ճիշտ կլինի, որ Հայաստանում մեծանան, այստեղ ծառայեն: Նրանք հիմա 11 և 12 տարեկան են: Լավ են սովորում, խելացի են, աշխույժ՝ ինչպես իրենց տարիքի բոլոր տղաները: Բոլոր ավանդապաշտ ընտանիքների պես ձգտում ենք նրանց այնպես դաստիարակել, որ կարգին մարդ մեծանան, բայց և դրսում իրենց ճիշտ դրսևորեն, ճկուն լինեն, իրենց պաշտպանել կարողանան: Մեր ազգն օժտված է խելքով, աշխատասիրությամբ, բարությամբ, հնարամտությամբ: Շատ դրական հատկանիշներ ունենք: Որպես զորամասում ծառայող կին, երկու ապագա զինվորի մայր՝ կուզեի, որ կարողանայինք մեր տղաների, մեր ապագա զինվորների մեջ մեկը մյուսի հանդեպ հարգանք, հանդուրժողականություն, ազնվություն, գործին նվիրվածություն ձևավորել:

Զորամասային օղակում, որտեղ այժմ ծառայում եմ, բժշկի հիմնական գործառույթը ոչ այնքան բուժումն է, որքան կանխարգելումը: Մինչև զինծառայողների նախաճաշի, ճաշի, ընթրիքի` սեղանին դրվելը կատարում ենք սննդի որակի օրգանոլեպտիկ ստուգում (հոտով, համով): Բուժկետի անձնակազմով շրջում ենք ամբողջ զորամասում, ստուգում շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը, համապատասխան ցուցումներ տալիս:

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՐԺԱՆԻՔՆ Է»Հատկապես ուշադիր ենք գարնանային այս օրերին սեզոնային վարակների դեմ կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ: Կորոնավիրուսի մասին զորամասում իրազեկման, վիրուսի զորամաս ներթափանցման կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում: Զինծառայողներին զգուշացնում ենք, որ դրսում, տուն գնալիս շփում չունենան հիվանդ մարդկանց հետ: Ի դեպ, զինծառայողի ընտանիքի անդամների բուժապահովումը կրկին մեր տիրույթում է, և եթե որևէ մեկը առողջական գանգատներ է ունենում, անմիջապես որոշում ենք ընդունում՝ ինչպես օգնել, որ բուժհաստատություն ուղեգրել:

Թեև այս ընթացքում զորամասում սուր շնչառական հիվանդությունների լուրջ դեպքեր չկան, մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում խնդիրը, ծանուցում ենք վարակից խուսափելու և դրա մուտքը զորամաս կանխարգելելու առաջնահերթ կանոնները: Ասեմ, որ կորոնավիրուսին բնորոշ ջերմություն է համարվում 38 և ավելի ջերմաստիճանը` դրան ուղեկցող որոշակի նախանշանների՝ չոր հազ, տենդ, գլխացավ և այլ նախանշանների համադրությամբ, բայց անգամ 37 աստիճան ջերմության դեպքում զինծառայողը պետք է դիմի բուժկետ և համապատասխան հետազոտություն անցնի:

Նախատեսված օրերին պայմանագրայինների, ենթասպաների ու սպաների հետ անցկացնում եմ ռազմաբժշկական դաս: Նրանք սովորում են առաջին բուժօգնություն ցուցաբերել, օրինակ՝ շոգ եղանակներին օձերի, կարիճների խայթոցների դեպքերում: Պարբերաբար դասընթաց եմ անցկացնում  զինծառայողի կյանքին վտանգ սպառնացող բոլոր դեպքերում առաջին բուժօգնության քայլերի հաջորդականության մասին՝ թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում:

Երբ զորամասային օղակում հնարավոր չէ լիարժեք հետազոտում կամ բուժում իրականացնել, անպայման ուղղորդում ենք հոսպիտալային օղակ:

Իմ խորին համոզմամբ՝ բժիշկը պետք է նաև լավ հոգեբան լինի: Մեր գործում շատ կարևոր  է արագ կողմնորոշվելը, բուժկետ դիմած  հիվանդին առողջից զանազանելը: Երբեմն, սա հատկապես ժամկետային զինծառայողներին է վերաբերում, փորձում են ընտանեկան, միջանձնային կամ ներանձնային խնդիրը որպես սոմատիկ հիվանդություն ներկայացնել, դրանով քողարկել: Ոչ մի դեպքում չի կարելի չլսել զինծառայողին և ասել՝ բուժվելու կարիք չունես: Պետք է բուն պատճառը հասկանալ, հասնել մինչև արմատները: Եղել են դեպքեր, երբ համոզվել եմ, որ առողջության հետ չառնչվող պատճառը շատ ավելի հրատապ լուծման կարիք ունի:

Զինվորական կին բժշկի դժվարություններից մեկն էլ այն է, որ հետևելով զինվորական կարգապահությանը, խստությանը, ռեժիմին, պարտավոր ես նաև հոգատար մոր, ընկերոջ պես լինել: Եթե որոշ դեպքերում կին լինելը խանգարում է, շատ դեպքերում էլ օգնում է հարցերի լուծումը գտնել մի բարի խորհրդով, մեղմ ասված խոսքով: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է նաև խստություն, անգամ որոշակի չորություն դրսևորել: Շնորհակալ եմ զինվորական կոչմանս: Դրա շնորհիվ  է, որ տարիների ընթացքում կոփվել է իմ զգայուն ու փխրուն էությունը:

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՐԺԱՆԻՔՆ Է»…Շատ կուզեի, որ ծառայությանս վերջում, երբ ետ նայեի, տեսնեի, որ ինչ-որ կերպ կարողացել եմ օգուտ բերել բանակիս, երկրիս: Երկու կարևոր երդում եմ տվել՝ զինվորական և բժշկական: Շնորհակալ եմ ենթակա անձնակազմի անդամներին, որոնց սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ հաջողվում է հարկ եղածի պես կատարել մեր բուժծառայությանը վերապահված խնդիրները:

Անչափ շնորհակալ եմ ամուսնուս, քանի որ նա մեծ ըմբռնումով է մոտենում իմ ծառայությանը: Որոշ հայ տղամարդկանց պես չի ասում, որ  զորամասը կնոջ տեղը չէ: Ճանաչելով ինձ, իմանալով մեր հրամանատարի՝ կանանց հանդեպ զորամասում ձևավորած հարգալից ու հոգատար վերաբերմունքը, լիովին սատարում է ինձ:

Մեր հրամանատարը շատ խիստ, պահանջկոտ անձնավորություն է: Եվ միաժամանակ  մարդկային շատ բարձր նկարագիր ունի: Հրամանատարի օրինակելի ներկայությունը, շունչը զորամասում զգացվում ու ուղենիշ է մյուսների համար: Հատկապես կանանց հանդեպ անվերապահ հարգանքի ու հոգատարության մթնոլորտն է, որ հնարավորություն է տալիս զորամասում յուրաքանչյուրիս իր տեղում լինել ու որպես մասնագետ լիարժեք դրսևորվել:

Վերջում ուզում եմ դիմել մեր սիրելի հայ կանանց, որոնց կարևորությունը մեր հասարակության մեջ հնարավոր չէ ուրանալ: Սիրելի՛ կանայք, աղջիկնե՛ր, ուզում եմ շնորհավորել բոլորիդ մայրության և գեղեցկության տոնը: Հատուկ սիրով ու ակնածանքով ուզում եմ դիմել հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայող մեր կանանց, զինվորների մայրերին և խորին շնորհակալությունս հայտնել նրանց: Այն ազգանվեր գործը, որ նրանք իրականացնում են, անգին է, ուժն ու եռանդը, որ պահանջվում է նրանցից՝  հսկայական: Խոնարհումս ու շնորհակալությունս նախ և առաջ ձեզ…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ազգային բանակ


12/03/2020