Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ



ԲԱՆԱԿԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸԱշխարհի շատ բանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ծառայության ոչ մի սահմանափակում չունեն: Հայկական զինուժի կին զինծառայողները բացառություն չեն, նրանք տղամարդկանց հավասար կատարում են ուսումնամարտական բարդ խնդիրներ, ծառայում առաջնագծում և հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում:

Հատուկ ներկանյութերով դիմագծերը քողարկած այս գեղեցկուհիները բանակի դեսանտագրոհային խմբի առաջին կին զինծառայողներն են. առաջինը իրենց կայացրած համարձակ որոշմամբ և ուժեղ կամքով.

-Շատերին թվում է, թե կանայք այս ոլորտում իրենց առջև դրված խնդիրները չեն կարող հասցնել ավարտին… Իրականում, ես կարող եմ անել այն ամենը, ինչը տղամարդիկ են անում:

Խիստ ընտրություն անցած, ֆիզիկական և հոգեբանական փորձություններ հաղթահարած մյուս հերոսուհին նույնպես մասնագիտական դժվարություններից խոսել չի սիրում և իր օրինակով է փորձում ապացուցել. հայկական բանակում կարող են և պետք է ծառայեն նաև աղջիկները:

-Իմ առաջնային նպատակներից մեկն այն է, որ կոտրեմ բոլոր կարծրատիպերը կանանց ծառայելու մասին:

Համազգեստով գեղեցկուհիները հատուկ կանանց համար մշակված ձեռնամարտի հնարքներ են ցուցադրում: Մասնագիտական ունակությունները կատարելության հասցնելու և լավագույնը լինելու նշանաբանով աղջիկներն ամեն օր մարզվում են, յուրացնում նոր հմտություններ, սովորում մարտավարական այլ հնարքներ, որոնք պատրաստ են ցանկացած պահի գործի դնելու նաև իրական մարտում:

-Պետք է լինել համախմբված, ուշադիր, համբերատար…

Հետախույզ-դիպուկահար գեղեցկուհին իր մասնագիտության առանձնահատկությունների մասին մեծ ոգևորությամբ է խոսում, ընդգծելով՝ վտանգը, պատասխանատվությունը մեծ է: Այլընտրանք չկա, պետք է կատարել խնդիրը և խոցել թիրախը մեկ դիպուկ կրակոցով:

-Որոշել թիրախի հեռավորությունը, քամու ուղղությունը, արագությունը և այլն, վերջում էլ դիպուկ կրակել, դիպուկահարի նպատակը սա է: Մեկ վրիպումը ճակատագրական կլինի, դրա համար էլ անընդհատ պետք է մարզվել և կատարելագործվել:

Շատերից տարբերվող այս հերոսուհիների մասնագիտական ընտրությունն ու անցած ուղին ամենևին խոչընդոտ չեն ընտանեկան կյանքն ու կենցաղը զինվորական ծառայությանը համադրելու համար: Թեև հատուկ նշանակության զորքերում ծառայելու նրանց որոշումն ընտանիքներում ի սկզբանե ոչ միանշանակ է ընդունվել, սակայն հիմա պատկերը բոլորովին այլ է:

-Ամուսնացած եմ, ունեմ բալիկ… Ծնողներս մի քանի տարի առաջ մտավախություն ունեին, թե ո՞նց եմ ծառայելու: Աստիճանաբար կասկածները փարատվեցին:

Ծառայությունից դուրս ու առանց համազգեստի ու քողաներկերի նրանց ճանաչելը չափազանց դժվար է: Երբեք չբացահայտելով իրենց գաղտնի ու հատուկ առաքելությունը՝ հետախույզ հերոսուհիները կեսլուրջ-կեսկատակ նշում են՝ ծառայությունից դուրս իրենք հատուկ չեն, այնպիսին են, ինչպիսին բոլոր հայ աղջիկները:

-Այնպես ենք մեզ պահում, որ ոչ մեկը չկասկածի՝ զինվորական ենք, այն էլ՝ դիպուկահար: Բոլոր կանանց պես մենք էլ ենք սիրում գեղեցիկ հագնվել, հարդարվել:

Գեղեցկուհիները սիրով միանում են գարնանային տոների առթիվ շնորհավորանքներին.

-Բոլոր կանանց ցանկանում ենք անսպառ ժպիտ և խաղաղ, բարեկեցիկ կյանք, թող երբեք չկորցնեն իրենց հմայքը և գեղեցկությունը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1330) 11.03.2020 - 17.03.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/03/2020