Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑԵԼ Է»



* Il Foglio. «Մեհրիբան Ալիևան դավաճանում է ամուսնուն»:
* Դիվերսիա. պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
* Քեմալեդդին Հեյդարովը` գեներալ Ռզաևի սպանության պատվիրատու:

Ագրեսորը Ադրբեջանն է

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը վերջերս Բրյուսելում մասնակցել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների փորձագիտական քննարկմանը: Նրա խոսքով, «WikiLeaks»-ի հրապարակումներից հետո արդեն իսկ բացասական վերաբերմունք էր ձեւավորվել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, քանի որ «Թուրքիան ցույց տվեց աշխարհին, որ ազնիվ չի եղել Հայաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ցույց տվեց, որ վտանգավոր է տարածաշրջանի խաղաղության համար»:
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, 2010 թվականին «հաստատվեց նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղը այլեւս երբեք չի վերադարձվի Ադրբեջանին»: «Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ է անցած տարվա այս ժամանակահատվածի համեմատ»,- արձանագրել է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա, Ռ.Կիրակոսյանի խոսքով, Ադրբեջանից եկող սպառնալիքն այսօր ավելի մեծ է, քան նախկինում, սակայն կա երկու գործոն, որ հօգուտ Հայաստանի է. «Առաջինն այն է, որ Հայաստանն իրականացնում է պաշտպանական բարեփոխումներ եւ նախապատրաստվում ապագայի պատերազմներին, իսկ Ադրբեջանը բանակում որեւէ լուրջ բարեփոխում չի անում եւ, ի տարբերություն Հայաստանի, պատրաստվում է անցյալում եղածի նման պատերազմների»: Քաղաքագետի խոսքով, «Հայաստանի զինված ուժերը դառնում են ավելի արհեստավարժ»:
«Երկրորդ գործոնը, որը մեր օգտին է, այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմության մեջ առաջին անգամ աշխարհը պատերազմից առաջ Ադրբեջանի դեմ է: Եթե նախկինում աշխարհն արձագանքում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակումներից հետո, ապա այս անգամ բոլորը տեսնում են, որ ագրեսորը Ադրբեջանն է»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը («cdaily.am», 08.12.2010):

Ադրբեջանը` Թուրքիայի հակառակորդ

ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի գրագրության հրապարակումն արդեն իսկ բացասաբար է ազդում Ադրբեջանի վրա: Այդ են վկայում անցած շաբաթվա մի շարք իրադարձությունները:
Նախ` իտալական «Il Foglio» թերթը, վկայակոչելով գերմանացի ինչ-որ դիվանագետների, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային մեղադրեց ամուսնական դավաճանության մեջ: Իբր, Ալիեւան Բեռլինում գաղտնի հանդիպումներ է ունեցել ԱՊՀ երկրներից մեկի նախագահի` «շատ ազդեցիկ մարդու» հետ: Ինչպես եւ սպասվում էր, Մեհրիբան Ալիեւան այս տեղեկությանը բուռն արձագանքեց. նրա գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Ադրբեջանի առաջին տիկինը «ծայրահեղորեն վրդովված է» եւ հերքում է պահանջում, հակառակ դեպքում կդիմի միջազգային դատարան («armtoday.info», 08-09.12.2010):
Ուշագրավը ոչ այնքան տեղեկության ճիշտ կամ սխալ լինելն է, որքան Իլհամ Ալիեւին վարկաբեկելու փորձը: «WikiLeaks»-ի հրապարակումները կարող էին Իլհամ Ալիեւի դեմ տրամադրել բազմաթիվ հզոր մարդկանց` երկրների ղեկավարների: Չի բացառվում, որ ինչ-որ մեկն այդ կերպ փորձում է պատասխանել Ալիեւի հասցրած վիրավորանքին:
Ադրբեջանի համար երկրորդ տհաճ իրադարձությունը դեկտեմբերի 6-ի գիշերը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պայթեցումն էր: Դրա պատճառով նավթամուղը մի քանի օր չգործեց: Լրատվամիջոցների հաղորդմամբ, կատարվածը դիվերսիա էր («novosti.az», 08.12.2010):
Երրորդ` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան` հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դեւիդսոնը եւ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը խոստովանեցին, որ «WikiLeaks»-ի հրապարակումները «դժվարություններ» ու «խոչընդոտներ» են հարուցել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում («1news.az», 09.12.2010):
Չորրորդ` ի հայտ եկան որոշ փաստեր, որոնք վկայում են, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները նույնպես սկսել են վատանալ: Բելգիայում Թուրքիայի նախկին դեսպան Թեմել Իսքիթը թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես 2-3 տարի մասնակցել եմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շուրջ բանակցություններին: Պետք է ասեմ, որ Ադրբեջանը` որպես պետություն, միշտ անվստահությամբ է վերաբերվել մեզ, բարեկամություն չի ցուցաբերել եւ միշտ վարել է երկդիմի քաղաքականություն` մեզ ժպտացել է, բայց խոստացածը չի արել»:
Օրերս լույս է տեսել մեկ ուրիշ թուրք դիվանագետի` Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Թուրգութ Էրի գիրքը, որը կոչվում է «Ազատությունից դեպի բռնատիրություն»: Գրքում քննադատվում է Հեյդար Ալիեւի ստեղծած կառավարման համակարգը, նշվում, որ «Ադրբեջանը հովանավորում է Քրդական բանվորական կուսակցությանը», որ «1993թ. հունիսից մինչեւ 1994թ. մայիսը Ադրբեջանը կորցրել է 6-7 շրջան, եւ մեղավորը Հեյդար Ալիեւն է» («regnum.ru», 10.12.2010):
Վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գրում է, որ Թուրքիան վտանգ է սպասում «Մեծ Քուրդիստան» ստեղծելու` ամերիկա-իսրայելական նախագծից, քանի որ դրանով նախատեսվում է մասնատել նաեւ Թուրքիան: Իսկ Ադրբեջանը, հակաիրանական դիրքորոշման հողի վրա սերտացնելով համագործակցությունը Իսրայելի հետ, Թուրքիայի դաշնակցից ինքնըստինքյան վերածվում է հակառակորդի («regnum.ru», 11.12.2010):

Համատարած թանկացում

ԱՄՆ-ի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը կարող է ազդել Ադրբեջանի ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության վրա: Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Դոնալդ Լուի` 2009թ. զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը միգուցե երկրում ավելի ազդեցիկ է, քան Իլհամ Ալիեւը, եւ պետության ղեկավարի իրական հավակնորդ է: Բացի դրանից, զեկույցում նշվում է, որ ըստ լուրերի` նա է պատվիրել Ադրբեջանի ՌՕՈՒ հրամանատար, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ռայիլ Ռզաեւի սպանությունը: Հեյդարովի մասին այս տեղեկությունները դեկտեմբերի 6-ին տպագրվել են բրիտանական «The Guardian» թերթում («armtoday.info», 07.12.2010):
Ադրբեջանի ներքաղաքական կյանքում բացասական գործոն կարող է դառնալ հատկապես պարենային ապրանքների համատարած թանկացումը: Նոյեմբերին հացը թանկացավ 17%-ով, ձուն` 20%-ով, ձեթը` 8%-ով: Ընդհանուր առմամբ, սպառողական գներն անցած տարվա համեմատ ավելացել են 10%-ով («novosti.az», 09.12.2010): Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն էլ այս տարի նվազել է 33%-ով («vesti.az», 30.11.2010):
Իրականում ապրանքներն ավելի շատ են թանկացել, քան ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ: Տնտեսագետ Ասիմ Ղարաեւի խոսքով, «թանկացումն ընդգրկում է պարենային շուկայի նորանոր ոլորտներ»: Դրա պատճառն են ոչ միայն խուճապը եւ սպեկուլյացիան (վերավաճառքը), այլեւ տնտեսական իրական հիմնախնդիրները եւ մթերքի ինքնարժեքի ավելացումը: Մեկ այլ տնտեսագետի` խորհրդարանի պատգամավոր Ալի Մասիմլիի խոսքով, գնաճի գլխավոր պատճառներից մեկը Ադրբեջանի տնտեսական աճի տեմպերի նվազումն է. «եթե մի քանի տարի առաջ համախառն ներքին արդյունքը ավելանում էր տարեկան 30%-ով, ապա այսօր` ընդամենը 4%-ով: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 4%-ով, հացահատիկինը` 33%-ով» («vesti.az», 30.11.2010): Այս պայմաններում բնակչության աշխատավարձի եւ կենսաթոշակների 10%-անոց բարձրացումը ոչ միայն չի փոխում նրա կենսամակարդակը, այլեւ խթանում է գնաճը:
Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը լարվում է նաեւ կոռուպցիայի ավելացման պատճառով: «Transparency International» միջազգային կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցի համաձայն` վերջին 3 տարիներին կոռուպցիան Ադրբեջանում սաստկացել է. այդ կարծիքին է հարցման ենթարկվածների 52%-ը: 47%-ը խոստովանել է, որ վերջին 12 ամսվա ընթացքում կաշառք է տվել: Հարցման արդյունքով, երկրի առավել կոռումպացված կառույցներն են ոստիկանությունը, պետական ծառայողները, կրթական եւ դատական համակարգերը («panorama.am», 09.12.2010):

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Ռազմաքաղաքական


17/12/2010