ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ
Արդեն ավելի քան կես տարի է, ինչ ՆԱՏՕ-ի ուժերի աջակցությամբ Լիբիայում ապստամբները մարտական գործողություններ են իրականացնում ընդդեմ Մուամար Քադաֆիի ռեժիմի: Հոկտեմբերի 20-ին աշխարհն ականատես դարձավ երկրի 42 տարվա առաջնորդի ստորացուցիչ վախճանին, սակայն դեռ հարց է` արդյոք դա նշանակո՞ւմ է նաեւ երկրում սկսված քաղաքացիական պատերազմի վախճան: Այդուհանդերձ, Քադաֆիի մահով ավարտվում է լիբիական պատերազմի մի շրջափուլ, եւ տեղին է որոշակի եզրահանգումներ անելը:
Պարզվում է` ՆԱՏՕ-ի այս բավականին պասիվ ռազմագործողությունը հստակ պատասխանատու եւ հրամանատար չունի: Սովորաբար նման իրավիճակներում դրոշակակիր հանդիսացող ԱՄՆ-ը իր վրա չվերցրեց հիմնական ծանրությունն ու պատասխանատվությունը: Ընդհանուր առմամբ, պատերազմի եւ դրա քաղաքական բնութագրի մասին հնչում են տարբեր, երբեմն նաեւ տրամագծորեն հակառակ տեսակետներ: Սակայն մենք կփորձենք հիմնականում անդրադառնալ պատերազմի զուտ ռազմական բաղադրիչին:
ՆԱՏՕ-ն ցամաքային գործողություններ չի իրականացնում, հիմնականում իր վրա է վերցրել միայն օդային հարվածներ հասցնելու եւ հետախուզության գործը, թեեւ չեն բացառվում նաեւ այլ օժանդակ գործողությունները: Մասնավորապես` խոսքը վերաբերում է հետախուզական աշխատանքին, զենքերի մատակարարմանը, դիվերսիաների կազմակերպմանը եւ այլն, ինչը նման դեպքերում գրեթե պարտադիր է: Այլ հարց է, որ դրանց մասին բացահայտ չի նշվում: ԶԼՄ-ները Լիբիայից ցուցադրում են հիմնականում ինչ-որ անկազմակերպ, ըմբոստ մարդկանց ամբոխ, որոնք ո՛չ լիարժեք ռազմական տեխնիկա են կիրառում, ո՛չ էլ կանոնավոր սպառազինված են: Հասկանալի է, որ նմանատիպ ուժերը լուրջ հաղթանակներ չեն կարող տանել, ուստի եւ ՆԱՏՕ-ի իրական աջակցությունը պետք է որ շատ ավելի մեծ լինի: Հիմնականում տնտեսական, ներքաղաքական եւ այլ պատճառներով եվրոպական երկրները լիարժեք չեն մասնակցում մարտական գործողություններին եւ դեռ քողարկում են իրենց մասնակցության իրական չափը: Ակնհայտ է, որ ավերածությունների ծավալը եւ մարտական գործողությունների թափն ու աշխարհագրությունը համապատասխան չեն անկազմակերպ ու կիսազինված ուժերի կարողություններին:
Սկզբում շատ էր խոսվում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի ներխուժման, ուղղաթիռներով եւ այլ միջոցներով ապստամբ ուժերին օգնություն ցուցաբերելու մասին, սակայն իրականում գործը օդուժի ոչ մեծ գործողությունների շրջանակից այն կողմ չանցավ կամ այդպես ներկայացվեց: Օդային հարվածները, որոնք օրական մի քանի տասնյակից ավելի չէին, ժամանակակից մարտավարության տեսանկյունից չեն կարող արդյունավետ համարվել, առավել եւս` վճռել պատերազմի ելքը: Որպես համեմատություն` կարելի է հիշել կոալիցիոն ուժերի գործողությունները Իրաքում կամ Հարավսլավիայում, երբ օրական հազարավոր օդային հարվածներ էին իրականացվում:
Ռազմական գործողությունների վերաբերյալ ամենաակնառու վերլուծությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ն, փաստորեն, առանց ԱՄՆ-ի լուրջ ներգրավվածության, գրեթե ի վիճակի չէ մեծ ռազմական գործողություններ իրականացնելու: 1991 թվականից հետո եվրոպական զինված ուժերում զգալի կրճատումներ եղան, ինչի հետեւանքով այդ երկրների բանակները վերաճեցին «արիստոկրատ ոստիկանական ջոկատների», որոնք զինված են թանկարժեք, սակայն խիստ սահմանափակ քանակությամբ ու տեսակի զենքերով: Նշենք, որ լիբիական դեպքերի ժամանակ բրիտանական նավատորմի ռազմանավերի կիրառած խիստ արդիական` մի քանի միլիոն դոլար արժողությամբ թեւավոր հրթիռները ԱՄՆ արտադրության են, ինչպես եւ եվրոպական գրեթե բոլոր երկրների սպառազինության մեջ գտնվող նման հրթիռները: Այսինքն` եթե մարտական գործողությունները նույն հաճախությամբ ընթանային մի քանի ամիս շարունակ, ապա բրիտանացիները ստիպված մի քանի հարյուր միլիոն դոլլար արժողության նոր հրթիռներ պետք է գնեին ԱՄՆ-ից: Պետք է ընդգծել, որ երբեմնի եվրոպական հզոր ռազմարդյունաբերական համալիրը ներկայումս նման տիպի հրթիռներ չի արտադրում, եւ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների օդային հարձակման միջոցներից շատերը եւս զինված են ամերիկյան հրթիռներով կամ այլ հարվածային միջոցներով: Իսկ այն ինքնաթիռները, որոնք եվրոպական նախագծերով են ստեղծվել, առանց ամերիկյան օդային լիցքավորողների կամ օդային վերահսկողության ինքնաթիռների ու այլ տեխնիկական միջոցների, նոր չափորոշիչներին համապատասխան պատերազմներ չեն կարող մղել: 1990-1991թթ. Եվրոպական բոլոր պետությունները, միասին վերցրած, ունեին մի քանի տասնյակ հազար տանկ եւ զրահամեքենա: Այժմ դրանց թիվը չի անցնում մի քանի հազարից: Նույն վիճակն է նաեւ հրետանու ասպարեզում:
Եվրոպական տերություններից միայն Ֆրանսիան է այսօր տիրապետում լիարժեք ավիակիր նավի, թվով՝ մեկ միավոր, որի մարտական կիրառության գործում օգնում էին ամերիկացի նավաստի-մասնագետները: 21-րդ դարում երբեմնի «ծովերի տիրակալ» Մեծ Բրիտանիան չունի լիարժեք ավիակիր նավեր, որոնք ունակ լինեն կրելու ժամանակակից բազմանպատակ կործանիչներ:
Հետախուզական հիմնական տեղեկությունները եւս ստացվում են ամերիկյան արբանյակներից ու այլ սպասարկու միջոցներից:
Լիբիայում ՆԱՏՕ-ի «չհամակարգված» գործողությունների մասին հաճախ տեղեկություններ են հայտնում տարբեր լրատվամիջոցներ, եւ տվյալ դեպքում, երբ ՆԱՏՕ-ն Լիբիայում վարում է սահմանափակ ու ոչ դասական մարտական գործողություններ, հարց է առաջանում` իսկ ի՞նչ կլինի, եթե աֆրիկյան այս երկրում ցամաքային գործողություններ սկսելու մասին որոշում կայացվի, եւ ԱՄՆ-ը չստանձնի ղեկավարությունը։
ԽՍՀՄ փլուզումից հետո արտաքին մեծ վտանգի բացակայության պարագայում եվրոպական երկրները կրճատեցին եւ նվազեցրին զինված ուժերի անձնակազմի թվաքանակը, նվազեցրին ռազմատեխնիկան, օպտիմալացրին ռազմարդյունաբերական համալիրները (մի մասը փակվեց), ինչի արդյունքում դրանք դարձան ձեւական հաստատություններ եւ խիստ կախվածության մեջ ընկան ԱՄՆ-ից, որը միեւնույն ժամանակ մեծացնում էր ռազմական ոլորտը:
Եվրոպացիների զինաթափումը պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզմամբ, սակայն ներկայումս տեղի է ունենում հակառակ գործընթաց: Արեւելյան պետությունները օրեցօր զինվում են եւ նախապատրաստվում դասական պատերազմների: Այստեղ տեղին է հիշեցնել նաեւ վերջերս ռուսական բանակի վերազինման եւ բարեփոխումների մասին արված հայտարարությունը: Այդ ծրագրով նախատեսվում է 700 մլրդ դոլարով վերականգնել երբեմնի հզոր ռազմական ներուժը` զարկ տալով ռազմական արդյունաբերությանը:
Լիբիայում ընթացող մարտական գործողությունների անկազմակերպությունը պետք է որ «սառը ցնցուղ» լինի եվրոպական ռազմավարների համար, որոնք դեռ մտածում են բանակների թվաքանակի կրճատման եւ սպառազինությունների սահմանափակման մասին: Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ը դանդաղորեն, սակայն այնուամենայնիվ զիջում է դիրքերը արեւելքում, եւ նրան հավանական է փոխարինի Չինաստանը։ Վերջինիս վճռական «ցատկի» համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ։
Եվրոպական շատ երկրների հզոր ռազմարդյունաբերական համալիրները ամերիկյան համալիրի ճնշման տակ կորուստներ են արձանագրում: Եվրոպացիները գնորդների եւ նոր շուկաների որոնման գործում անգամ կամենում են համագործակցել Չինաստանի հետ:
Աշխարհը փոխվում է, իսկ երբեմնի հզոր ՆԱՏՕ-ն, որը օր օրի նոր անդամների է ընդգրկում, կարծես թե թուլանում է: Ասպարեզ են գալիս կոնկրետ տերություններ իրենց ռազմական ներուժով: Այսօր ռազմական հզորությամբ աչքի ընկնող երկրներից ոչ մեկը (ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Իսրայել, Թուրքիա եւ այլն) չի ցանկանում դաշնակցել մյուսի հետ, եւ ընդգծված ռազմական համագործակցություն այս ոլորտում չկա: Աշխարհի ռազմականացման ծանրության կենտրոնի` արեւմուտքից արեւելք տեղափոխումը, ինչպես նաեւ «արաբական գարունը»` իր բոլոր հնարավոր սցենարներով, բնականաբար պետք է հետաքրքրի նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներին:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ