Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՔՆՆԵԼԻ Է…



Պատմում է Լյուդա Պետրոսյանը.

Տղաները հերթական անգամ պատրաստվում էին սահման դուրս գալ։ Ինչպես միշտ, նրանց հետեւից պետք է ջուր շաղ տայի, սակայն ջրերը կտրվել էին, ու հակառակի նման ջուր չէի հավաքել։ Խոհանոցում կես թեյնիկ ջուր կար, որն էլ վերցրի ու շտապեցի Բաշ Ապարանի հերոսամարտի հուշարձան, որտեղից միշտ ռազմի դաշտ էինք ճանապարհում մեր տղաներին։ Ճանապարհին տղաների համար փռից մի քանի տաք հաց վերցրի։ Երբ նրանք ինձ տեսան, ոգեւորված առաջ եկան ու դիմելով իրենց ճանապարհող կանանց ու մայրերին, հարազատներին, կատակով ասացին.

-Լյուդա մայրիկը եկավ, ոչ մեկիդ աչքին արցունք չերեւա…

Տաք հացը կիսեցին իրար մեջ ու սկսեցին ախորժակով ուտել։ Մեկ էլ Ֆեդյան (Ապարանի ջոկատի հրամանատար՝ Նահապետ Տոնոյան) ձեռքը մեկնեց թեյնիկին.

-Ջրերը կտրվել են, Լյուդա մայրիկ, ծարավ եմ,- ու ձեռքիցս անսպասելի վերցրեց թեյնիկն ու սկսեց խմել։

-Ֆեդյա ջան, մի խմիր, քիչ է, էդ ձեր հետեւից շաղ տալու համար եմ բերել,- մինչ կասեի այս բառերը, Ֆեդյայի ձեռքից թեյնիկը վերցրեց Գեդեոնն ու սկսեց խմել։

-Քի՛չ խմիր, ջուրը քիչ է,- Գեդեոնին ասաց Ֆեդյան։ Տղաներից էլ ոչ մեկը չխմեց։ Այսպես տղաները ծիծաղով, կատակով մեկնեցին Լաչին։ Ես մնացած ջուրը շաղ տվեցի նրանց հետեւից եւ ինչպես միշտ, երբ տղաներին ռազմի դաշտ էինք ուղարկում, այս անգամ էլ Ապարանի ամբողջ բնակչությունը, հարազատները սպասման մեջ էին։ Աղջիկս՝ Սուսաննան, ու հարսս՝ Եվգենիան, միակ ռացիայի մոտ գիշեր ու զօր սպասում էին լուրի։ Չգիտեմ ոնց կարելի է բացատրել՝ սիրտս շատ էր անհանգիստ։ Ըստ պայմանավորվածության, նշված օրը նրանց պետք է փոխարիներ ջոկատի մյուս կեսը՝ Ռազմիկիս հրամանատարությամբ։ Ու մի օր էլ ժամանակից շուտ Ռազմիկս դիմեց ինձ. «Մամ, գնում ենք Լաչին, տղաները շրջափակման մեջ են, պետք է օգնության հասնենք»։ Գնացինք Սամվելենց (Մայիս) տուն։ Տնից դուր եկավ ու շտապ առաջ եկավ, ձեռքին հաց կար։ Երբ իմացավ եղելությունը, հետ դարձավ տուն՝ բանալին վերցնելու։ Ասացի՝ հետ մի դարձիր, ես կբերեմ։ Հետ դարձավ։ Հինգ տարեկան որդին՝ Մովսեսը, դուրս եկավ տնից, բանալին վերցրեց, համբուրեց որդուն ու նստելով մեքենան` շարժվեցին։ Վատ կանխազգացում ունեցա…

Գնացին Ռազմիկը, Աբրահամը, Վահագնը, Ռազմիկը, Նորիկը, Արթուրը, Արայիկը, Մայիսը (Սամվել), Գոքորը, Աշխարհիկը…

Սպասման ամեն մի ակնթարթ դարձավ հավերժություն, ժամանակը կանգ առավ՝ Աստված իմ, տեսնես ի՞նչ է եղել, պահպանիր մեր տղաներին… Սպասման մեջ էր Ապարանի ամբողջ բնակչությունը… Հետո պարզվեց, որ զոհվել են Ֆեդյան ու Գեդեոնը եւ նրանց օգնության մեկնած տղաներից Մայիսը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Հոգևոր-մշակութային


02/11/2011