«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է»
«Կրտսեր սերժանտ Գեղամ Սերոբյանը այն ստորաբաժանման զինվորն է, որը կատարում է մարտական հերթապահություն: Նա ծառայության ընթացքում մարտական հենակետում միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ, մարդկային որակներով. նվիրված է ընկերներին եւ նրանց հանդեպ հոգատար, հուսալի եւ համարձակ զինվոր է, ինչի համար էլ հարգանքի է արժանանում թե՛ վերադաս հրամանատարության եւ թե՛ շարքայինների կողմից»,-այսպես է գնդապետ Ն. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ս. Գրիգորյանը բնութագրում ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագիծը պաշտպանող զինվոր Գեղամ Սերոբյանին:
Գեղամը, ավարտելով ուսումը Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, Վայոց Ձորի Վայք քաղաքից զորակոչվել է բանակ: Վեց ամսվա զինվոր էր, երբ առաջին անգամ բարձրացավ դիրք. «Իհարկե, շատ բաներ ինձ անծանոթ եւ անսովոր էին, մի թեթեւ հուզվում էի, բայց միանգամից հասկացա, որ ես թիկունքի զինվոր լինել չեմ կարող, դիրքում ինձ ավելի լավ եմ զգում, օրերը հետաքրքիր են անցնում», -ասում է զինծառայության արդեն համեմատաբար մեծ փորձ ունեցող զինվորը (մեկուկես տարվա ծառայող է):
Գեղամը պատմում է, որ ծառայակիցների միջև ձեւավորվել են մտերմիկ հարաբերություններ, անձնական խնդիրներ չեն ծագում: «Մենք հասկանում ենք, որ թիկունքում մեր ծնողներն են, մեր բարեկամներն ու հարեւանները, համադասարանցիները, ուստի, դիրք պահելով, մենք նրանց անվտանգ կյանքն ենք ապահովում: Փորձում ենք համերաշխ լինել, չվիճել, լինել հայկական ընտանիքի նման: Միայն այդպես կկարողանանք պատրաստ լինել հարկ եղած դեպքում հետ մղելու հակառակորդի հարձակումը»,-ասում է Գեղամը: Նրան այսօր տանը սպասում են հայրը, մայրը, ավագ եղբայրը՝ Էդգարը, որ նույնպես ծառայել է զինված ուժերում եւ մարդկանց նկատմամբ իր վերաբերմունքով և պահվածքով օրինակ է եղել կրտսեր եղբոր համար. «Երբ ես նորակոչիկ էի, եղբայրս շատ կարեւոր բան ասաց՝ բանակը կոփում է թե՛ ֆիզիկապես եւ թե՛ կամք է ձեւավորում, ինչը քեզ ավելի ինքնավստահ կդարձնի: Ծառայությանս ընթացքում ես ավելի ամրակազմ եմ դարձել, սկսել եմ արժևորել ժամանակը, շրջապատիս մարդկանց, ինքնահաստատվել եմ»:
Գեղամը պատմում է, որ հակառակորդը խախտում է դիրքերի անդորրը. «Բայց մենք, այնուամենայնիվ, չենք կորցնում զգոնությունը, որը սահման պահող զինվորի համար ամենակարեւորն է: Մենք լավ հասկանում ենք, որ թշնամու վարքագիծը պայմանավորված է մեր ուժով եւ զգոնությամբ, և եթե այդպիսին չլինենք, նրանք կդիմեին ագրեսիայի»,- կարծում է երիտասարդը: Մարտական հենակետը, որտեղ հերթապահություն է իրականացնում կրտսեր սերժանտը, գտնվում է հակառակորդի պաշտպանական ամրություններից 300-400 մ հեռավորության վրա: Տարածությունը կարող է զգալի թվալ, սակայն, ինչպես նշում է Գեղամը, ամեն քայլդ այստեղ պետք է մտածված լինի. «Իմ մասնագիտական գիտելիքները ինձ թույլ են տալիս վստահեցնելու, որ տեղանքի լեռնային լինելը, ինչպես նաեւ ինժեներական անհրաժեշտ կառույցներն այս դիրքում ապահովում են մեր առավելությունը»: Առավելություն են ապահովում նաեւ 19-23 տարեկան երիտասարդ դիրքապահները, որոնք հաղթողի հոգեբանությամբ են հսկում սահմանի անվտանգությունը եւ վստահեցնում են՝ պատրաստ են առաջնագիծ գալ նույնիսկ զորացրվելուց հետո:
«Գիշերները հանգիստ քնեք, Հայաստանը ապահով ձեռքերում է»,- տանը իրեն անհամբերությամբ սպասող հարազատներին այս խոսքն է փոխանցում Գեղամը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ