ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1920թ. մարտի 3-ին Վարդաբլուր գյուղում (Ստեփանավանի շրջան, Հայաստան), բանվորի ընտանիքում:
Աշոտ Մինասի Ասրիյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, տանկիստ, գնդապետ:
Ստացել է թերի միջնակարգ կրթություն: Մինչեւ 1940թ. իբրեւ վարորդ աշխատել է Թբիլիսիում: 1940թ. զորակոչվել է Կարմիր բանակ եւ ուղարկվել Մերձբալթյան զինվորական օկրուգ, ուր որպես վարորդ ծառայել է 202-րդ հրաձգային դիվիզիայում:
Հիտլերյան զավթիչների դեմ մարտնչել է Հյուսիսարեւմտյան ուղղության 1941թ. պաշտպանական մարտերում:
1942-1943թթ. ուսուցման արագացված դասընթաց է անցել Գորկու տանկային ուսումնարանում: 1944թ. փետրվարից եղել է Մերձբալթյան 3-րդ ռազմաճակատի 7-րդ առանձին գվարդիական տանկային բրիգադի միջին տանկի հրամանատար, գվարդիայի կրտսեր լեյտենանտ: Այն տանկային բրիգադը, որի կազմում ծառայել է նա, 1944թ. հունիսին տեղափոխվել է Կարելյան ռազմաճակատ եւ մասնակցել Սվիրսկ-Պետրոզավոդսկյան եւ Պետսամ-Կիրկենեսյան հարձակողական գործողություններին: 1944թ. աշնանը 14-րդ բանակը հարձակողական գործողության նախօրեին ուժեղացնելու նպատակով Մուրմանսկի ուղղությունում կենտրոնացվել են խոշոր ուժեր: 1944թ. հոկտեմբերին Կարելյան ռազմաճակատի զորքերն ու Հյուսիսային ռազմաճակատի ուժերն իրականացրել են Պետսամ-Կիրկենեսյան գործողությունը՝ ջախջախելով ֆաշիստական 20-րդ լեռնային բանակի 19-րդ կորպուսը: Կարելյան ռազմաճակատի զորքերը թշնամուց ազատագրել են խորհրդային Անդրբեւեռն ու հյուսիսային Նորվեգիան: Ծայր հյուսիսի պայմաններում առաջին անգամ այդ գործողության ընթացքում կիրառվել են ծանր տանկեր:
Մեծ արիություն ու խիզախություն է ցուցաբերել գվարդիայի կրտսեր լեյտենանտ Ասրիյանը Պետսամոյի (այժմ՝ Մուրմանսկի մարզի Պեչենկա քաղաքատիպ ավանը) համար 1944թ. հոկտեմբերի 14-ին մղված մարտերում: Իր տանկի կրակով ու թրթուրներով քաջասիրտ ու հմուտ տանկիստը ոչնչացրել է 40 ավտոմեքենա՝ հետեւակով ու զինամթերով հանդերձ, հակատանկային մի քանի հրանոթ ու դզօտ (գետնափոր քողարկված կրակակետ), 10 թեթեւ մեքենա եւ մինչեւ 100 հիտլերականի:
1944թ. նոյեմբերի 2-ին գվարդիայի կրտսեր լեյտենանտ Աշոտ Մինասի Ասրիյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի եւ «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով:
Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով եւ մեդալներով: 1944թ. վերջին քաջարի սպա-տանկիստը Բելոռուսական 2-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մարտնչել է հիտլերյան Գերմանիայի տարածքում, վիրավորվել է:
Հետպատերազմյան տարիներին Ա.Մ.Ասրիյանը շարունակել է ծառայությունը խորհրդային բանակի տանկային զորքերում, Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զորախմբում, Մերձկարպատյան զինվորական օկրուգում: 1952թ. ավարտել է Ուլյանովսկի գվարդիական տանկային ուսումնարանը: 1969թ. հունիսից գնդապետ Ա.Մ.Ասրիյանը եղել է պահեստազորում, ապա՝ պաշտոնաթող: Ապրել է հերոս քաղաք Կիեւում, որտեղ որպես մատակարարման ավագ ինժեներ աշխատել է առեւտրասարքավորման փորձարարական գործարանում:
Աշոտ Մինասի Ասրիյանը մահացել է 1992թ. հոկտեմբերի 7-ին:
Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Ճակատագրեր