Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻՆԵԼ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ՀՈԳԱՏԱՐ ԱՎԱԳ ԸՆԿԵՐ



Մի հեռախոսազանգ ստացա. «Սերժանտ Հարություն Հարությունյան` N զորամասից,- ներկայացավ երիտասարդը:- Մեր զորամասը քառօրյա մարտական գործողությունների առաջին հարվածն իր վրա կրած, մարտական ուղի անցած զորամասերից է: Այսօր էլ սահմանի կարևոր այս հատվածն ենք պաշտպանում: Ծառայության անցնելուց հետո մեր զորամասում շատ պատմություններ եմ լսել, որոնցից արժե դասեր քաղել: Բազմաթիվ զինծառայողների գիտեմ, որոնք արժանի են, որ իրենց մասին գրվի: Այս նպատակով հրամանատարությանն առաջարկեցի հանդես ստեղծել, և երբ դրական պատասխան ստացա, մեր սերժանտական խորհրդի կազմով, ինչպես ասում են՝ «կպանք գործի»: Հանդես ստեղծեցինք, որում ներկայացնում ենք զորամասի անցած ուղին, լավագույն զինծառայողներին, խորհրդածություններ ռազմական գործի, զինվորական ծառայության վերաբերյալ: Կուզենայինք, որ դրանք հասանելի լինեն նաև ընթերցողների ավելի լայն շրջանակի»:

Սերժանտի հետ դեռ կզրուցենք: Իսկ առայժմ ներկայացնենք զորամասի սերժանտական խորհրդի ուժերով ստեղծված հանդեսի` «Արաքսի» համարներում տեղ գտած նյութերից մեկը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

ԼԻՆԵԼ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ՀՈԳԱՏԱՐ ԱՎԱԳ ԸՆԿԵՐ«Բարի գալուստ» ու «բարի ճանապարհ»: Ամենամեծ ցանկությունս ու նպատակս է, որ կարողանամ այս բառակապակցությունները հպարտությամբ ասել բոլոր այն զինվորներին, որոնց  ճանապարհը մեր զորամաս է բերում: Այս խնդրի իրագործման համար, իհարկե, ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Ըստ իս, մեր զինվորը իրոք առանձնահատուկ է. նա տարբերվում է ոչ թե «երևալու» մղումով, այլ հայրենիքին իսկապես նվիրված, արժանավոր զավակ լինելով: Շատ հետաքրքիր է մեր նոր սերնդի հետ շփվելը: Նրանց գիտելիք տալու ընթացքում հասկանում եմ, որ ինքս էլ եմ սովորում, բացահայտում ու գտնում այն ուղիները, որ ինձ է՛լ ավելի են մոտեցնում զինվորին, օգնում, որ ոչ միայն հրամանատար լինեմ, այլ նաև՝ ուսուցիչ ու հոգատարություն ցուցաբերող ավագ ընկեր:

Մեր` բարոյահոգեբանական գծով տեղակալներիս առաջնահերթ խնդիրը յուրաքանչյուր զինվորին անհատական մոտեցմամբ զինվորական կարգապահություն ուսուցանելն է: Այնուհետև աշխատում ենք նրան հոգեպես կոփելու ուղղությամբ, քանի որ մարտի դաշտում առաջին հերթին հաղթում են հոգեկան ուժով, միասնական ոգով, հետո միայն՝ ֆիզիկապես ու զինվորական կրթությամբ: Մեզ՝ ուսումնական գումարտակի սպաներիս վստահված է ամենաբարդ, պատասխանատու և դժվար խնդիրը՝ դնել մի այնպիսի «հիմք», որի վրա կկառուցվի հոգեպես ամուր մարտիկի ու դիրքապահի ուժը, կարգապահությունն ու պատրաստակամությունը, այն մարտիկի, որը ցանկացած պահի պատրաստ կլինի հերոսանալու: Ուստի`

Մենք պարտավոր ենք հոգևոր առումով զարգացած ու բարձր լինել:

Մենք պարտավոր ենք իմանալ պատմություն, քանի որ մեր երկրի և համաշխարհային պատմությունից բազում դասեր ունենք քաղելու:

Մենք պարտավոր ենք լինել համախմբված, քանի որ միասնության մեջ է մեր ուժը:

Մենք պարտավոր ենք ճանաչել թշնամուն, որպեսզի  ցանկացած պահի կարողանանք լռեցնե՛լ նրան:

Մենք պարտավոր ենք աչալուրջ պաշտպանել սահմանը, քանի որ այն մեր հերոս տղաների արյան գնով է ձեռք բերվել:

ՌՈՒՍԼԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ուսումնական գումարտակի հրամանատարի

բարոյահոգեբանական գծով տեղակալ, մայոր

Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Ազգային բանակ


19/03/2020