ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԶԻՆՈՒԺԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
(1919-1920թթ.)
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 27-ին բացվել էր «Միացյալ Նահանգների զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությունում» խորագրով լուսանկարների ցուցադրություն:
Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված էին 1919-1920 թթ. Միացյալ Նահանգների ցուցաբերած մարդասիրական աջակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետությանը։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ։
«Հայ զինվորն» իր առաջիկա համարներում կտպագրի Հայաստանի Առաջին հանրապետությանը Միացյալ Նահանգների ցուցաբերած բացառիկ օգնության եւ օժանդակության մասին պատմող նյութեր: Այդ ծանր օրհասական տարիներին մեր հայրենակիցներից շատերի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը ճակատագրական եղավ, ինչի շնորհիվ մեր հայրենակիցներից շատերն այդ դժվարին ժամանակահատվածում կարողացան կրթություն ստանալ եւ տպավորիչ պատմական ձեռքբերումներ ունենալ:
Առաջին աշխարհամարտի ժամանակ գեներալ Ջոն Փերշինգի հրամանատարությամբ Եվրոպայում կռվող ամերիկյան ռազմարշավային ուժերի հաղթանակը նոր պարտավորություններ առաջ քաշեց Միացյալ Նահանգների համար: Եվրոպական մայրցամաքում հակամարտության կարգավորման նպատակով նախագահ Վուդրո Վիլսոնի ղեկավարած ծայրահեղ կարևոր Խաղաղության վեհաժողովից բացի, Միացյալ Նահանգների կառավարությունը նաև արագ արձագանքեց հետպատերազմյան պայմաններին. հատկապես սննդի պակասը սպառնում էր քայքայել այն քաղաքական կարգավորումը, որի համար պայքարում էին Դաշնակից ուժերը: Պատասխանը եկավ Ամերիկյան օգնության վարչության տեսքով՝ Հերբերտ Հուվերի ղեկավարությամբ. նա կազմակերպեց սննդի մատակարարումը Բելգիայից Ռուսաստան տարածքի երկրների համար:
Աշխարհագրական առումով էլ ավելի հեռու գտնվող Հայաստանը, որը ճգնաժամի մեջ էր, ոչ պակաս ուշադրության արժանացավ: Հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ ամերիկյան հասարակության շրջանում մտահոգության բարձր մակարդակը դրդեց Միացյալ Նահանգներին երկու զինվորական առաքելություն կազմակերպել: Առաջին խումբը Հայաստան ժամանեց գնդապետ Ուիլյամ Հասկելի հրամանատարությամբ, որը պատերազմի վետերան էր, այդ գործի համար նրան առաջարկել էր գեներալ Փերշինգը: Հասկելը գործուղվել էր որպես Դաշնակիցների գլխավոր հանձնակատար՝ ներկայացնելով հակամարտության Դաշնակից ուժերը: Առաքելության մասնակիցների զինվորական և քաղաքացիական կազմն ամբողջովին Միացյալ Նահանգներից էր: Նրանք Հայաստան ժամանեցին 1919թ. օգոստոսին և մեկ տարվա ընթացքում իրականացրին միջոցառումներ, որոնք նպաստեցին իրավիճակի կայունացմանը: ԱՄՆ բժշկական կորպուսից մայոր Ուոլթեր Դևենփորթը՝ որպես բժշկական անձնակազմի ղեկավար, առանցքային դեր խաղաց՝ թեթևացնելով այն աղետալի պայմանները, որոնցում ապրում էր Հայաստանի քաղաքացիական հասարակության մեծ մասը:
Հայաստան ուղարկված երկրորդ առաքելությունը ղեկավարեց գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդը, որը ծառայել էր որպես Փերշինգի շտաբի պետ: 1919թ. սեպտեմբերին նրան ուղարկեց նախագահ Վիլսոնը` տեղում տարածաշրջանի իրավիճակին ճգնաժամային գնահատական տալու և Հայաստանի ու հարևան երկրների նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Միացյալ Նահանգների զինվորականների լուսանկարները, վկայություններն ու զեկույցները հաստատում են ամերիկյան մարդասիրական գործունեության լայն շրջանակի կարևորությունը հակամարտությունից և ատելությունից բզկտված աշխարհում:
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԶԻՆՈՒԺԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1919-1920թթ. ցուցահանդեսը Հայկական ազգային ինստիտուտի, Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի և Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոնյան գրասենյակի նախագիծն է:
Հետազոտության և ցուցադրության հեղինակ՝ Ռուբեն Փոլ Ադալյան, նախագիծը կազմող՝ Ջոզեֆ Պիատ:
Նվիրվում է կյանք և ազատություն պաշտպանող ամերիկացի և հայ տղամարդ ու կին զինվորականներին:
Նյութը պատրաստել է
Վաշինգտոնի Հայ Ազգային Ինստիտուտը:
Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Պատմության էջերից