«ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է»
Հայտնի դուդուկահարը ծառայում է ազգային բանակում
Արդեն հինգ ամիս է, ինչ տղաս՝ Սարգիս Դավթյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Ծնողի համար չկա ավելի կարեւոր պարտք, քան մեծացնել հայրենիքի ու ժողովրդի համար պիտանի մարդ, ծնողի համար չկա ավելի մեծ ուրախություն, երբ իր զավակը արդարացնում է սպասելիքները, արժանանում է շրջապատի հարգանքին, սիրուն ու գովասանքին եւ իր վարքով, իր գործերով պատիվ է բերում ծնողներին։ Ես բախտավոր մայր եմ, որովհետեւ կատարել եմ արժանավոր զավակ մեծացնելու պարտքս, մյուս կողմից՝ տեղ ունեմ հպարտանալու, որովհետեւ իմ տղայով հիանում ու հպարտանում են ե՛ւ նրա ընկերները, ե՛ւ բարեկամները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ նրա արվեստի երկրպագուները, ե՛ւ բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ առիթ են ունեցել լսելու որդուս նվագը աշխարհի տարբեր երկրներում։
Սարգիսս դեռ շատ փոքր էր, երբ նկատեցինք սերը երաժշտության հանդեպ։ Երաժշտություն լսելիս սկսում էր ռիթմով թմբկահարել սեղանին, պատին, որտեղ պատահեր։ Հինգ տարեկանում ընդունվեց Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի շվիի բաժինը։ Նրա երաժշտական բացառիկ ընդունակությունն անմիջապես ուշադրություն գրավեց։ Սարգիսի առաջին ուսուցիչը՝ Նորայր Ժամհարյանը, մեծ հույսեր էր կապում տղայիս հետ, ասում էր, որ նա իր ամենատաղանդավոր աշակերտն է։ Տղաս երաժշտական դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով եւ ընդունվեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոց՝ սովորելով միաժամանակ երկու գործիք. կլառնետ՝ Սուրեն Շինդյանի եւ դուդուկ՝ Գեւորգ Դաբաղյանի դասարաններում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի կոնսերվատորիայի դուդուկի բաժինը եւ շարունակեց կրթությունը դարձյալ Գեւորգ Դաբաղյանի խմբում։
Սարգիսը 13 տարեկանից սկսած` հինգ տարի շարունակ նվագել է «Հայաստանի ազգային նվագարանների» պետական նվագախմբում։ 11 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային փառատոնի եւ նվաճեց դափնեկրի կոչում։ Նա արժանացել է Սպիվակովի անվան միջազգային փառատոնի ոսկե կրծքանշանին։ Մոլդովայում կայացած «Դելֆյան խաղեր» փառատոնում նվաճել է բրոնզե մեդալ, Յակուտիայում կայացած փառատոնում արժանացել է գավաթի եւ մեդալի։ Գլենդելի քաղաքապետի կողմից արժանացել է «5 գնահատագրի»։ Սարգիսը շրջել է ամբողջ աշխարհով, նվագել է բոլոր մայրցամաքներում՝ զուռնա, դուդուկ, շվի, կլառնետ, պկու, դհոլ, նրան ծափահարել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, նրա մասին գրել են տարբեր երկրների պարբերականները։ Այս հաջողությունները հեշտ չեն տրվել տղայիս։ Երբ հասակակից երեխաները վազվզում էին բակում կամ համակարգչով խաղեր էին խաղում, տղաս ժամերով փակվում էր իր սենյակում եւ լսում էր դուդուկի մեծ վարպետների կատարումները, հետո սկսում էր պարապել, վարպետանալ։ Նա իր ձայներիզը թողարկեց 15 տարեկանում, արդեն երկու տեսահոլովակ ունի։ Այս տարի մայիսին տղաս քաջություն ունեցավ կազմակերպելու իր մենահամերգը Արամ Խաչատրյան համերգասրահում։ Եկել էին նրա ուսուցիչ-վարպետները, այնտեղ էր նաեւ Ջիվան Գասպարյանը։ Տղաս երեք ժամ շարունակ նվագեց՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին ու ծափերին։
Եթե մեկ-մեկ թվեմ տղայիս գովասանագրերն ու պատվոգրերը, թերթի էջերը չեն հերիքի։ Ես հպարտ եմ տղայիս մասնագիտական հաջողություններով, բայց ամենից շատ ինձ ուրախացնում է այն, որ տղաս առաքինի մարդ է, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով, հայրենասեր է եւ քաջ։ Նրա մասնագիտական հաջողություններն արժեք չէին ունենա, եթե չզուգակցվեին ամենակարեւորի՝ բարոյական որակների հետ։
Սարգիսը իմ միակ որդին է, սակայն ես եւ ամուսինս, լինելով մանկավարժներ, գիտակցել ենք, որ պետք է զսպենք մեր զգացմունքները եւ պիտի թույլ չտանք, որ մեր սերը խանգարի երեխաների դաստիարակությանը։ Եղել ենք արդարացի եւ խստապահանջ, երես չենք տվել մեր տղային, փափկասուն չենք մեծացրել։ Տղաս մասնակցել է կենցաղային գործերին, զբաղվել է սպորտով։ Ես որդուս սովորեցրել եմ լինել արժանապատիվ, արդարամիտ ու համարձակ։ «Մարդու ամենամեծ առաքինությունը թույլին պաշտպանելն է եւ ամենամեծ քաջությունը՝ ճշմարտությունն ասելը»։ Պատահական չէ, որ տղաս մեծ պատրաստակամությամբ մեկնեց բանակ։
Տղաս դուդուկահարի տարազով ուրիշ է, զինվորական համազգեստով՝ բոլորովին ուրիշ։ Հիմա նա հայրենիքի պաշտպան է։ Յուրաքանչյուր հայ տղա, անկախ մասնագիտությունից, առաջին հերթին հայրենիքի պաշտպան է, ու զինվորի մասնագիտությունը պիտի իր ամենագլխավոր մասնագիտությունը համարի։ Տղաս շատ գոհ է ծառայությունից, հասցրել է արժանանալ հրամանատարների գովասանքին։ Սարգիսիս զինվորական երդման օրը նույնքան հուզված էի, որքան նրա մենահամերգի ժամանակ, թերեւս՝ ավելի շատ, որովհետեւ որպես հայ կին, մայր որդուս միջոցով իմ պարտքն էի տալիս հայրենիքիս։
Վստահ եմ, որ տղաս կվերադառնա բանակից ավելի պինդ, քաջ ու հայրենասեր, հայրենիքի հանդեպ պարտքը կատարած հայորդու ինքնավստահությամբ ու հպարտությամբ։ Ու կշարունակի կատարելագործել իր արվեստը՝ մեր հրաշք դուդուկի նվագը տարածելով ամբողջ աշխարհում։
ԵԼԵՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԴՈՒԴՈՒԿ
Հողն ու ջուրը ծնեցին
Մի հին արմատ՝ ծիրանի
Հայի ձեռքը գուրգուրեց.
Ծաղկեց ծառը ծիրանի…
Ու երբ հոգին երգ ուզեց,
Պոկեց մի ճյուղ ծիրանի,
Ճյուղին սեր ու շունչ տվեց,
Երգեց փողը ծիրանի…
Ու մեղեդին քաղցրալուր,
Ու մեղեդին թախծանուշ
Գերեց հոգին աշխարհի,
Պատմեց ցավերը հայի…
Երգեց կարոտ ու քնքշանք,
Երգեց արեւ, երգեց կյանք,
Երգեց պայքար՝ խնդություն…
Խոսեց դուդուկը հայի,
Ապրեց դուդուկը հայի։
ՍԱՐԳԻՍ ԴԱՎԹՅԱՆ
Երբ առաջին անգամ տեսա մանկահասակ Սարգիսին, տարակուսեցի՝ կկարողանա՞ իր տեղը գտնել «Ազգային նվագարանների նվագախմբում», բայց հետո տեսա, որ իր գործի նվիրյալ, լրջախոհ ու աշխատասեր տղա է։ Նա դեռ կասի իր խոսքը հայ ազգային երաժշտարվեստում եւ կդառնա հայոց դուդուկի մեծ վարպետների գործի շարունակողը։
ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆ
«Ազգային նվագարաններ նվագախմբի» գեղարվեստական ղեկավար
Սարգիսը տաղանդավոր պատանի է։ Այսքան երիտասարդ, բայց արդեն համարձակորեն մենահամերգ է տալիս։ Պետք է ասեմ, որ առայժմ միայն ես եմ հանդես եկել դուդուկի մենահամերգով։ Նա արժանիորեն կշարունակի հայկական դուդուկի ավանդույթները եւ կդառնա այդ բնագավառի ամենավառ դեմքերից մեկը։
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
դուդուկահար
Սարգիսը իմ ամենատաղանդավոր, ամենասիրելի սաներից է, նա աշխատասեր է, նպատակասլաց, շնորհաշատ։ Վստահ եմ, որ Սարգիսը փոխարինելու է մեր սերնդի լավագույն դուդուկահարներին։
ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆ
դուդուկահար
Սարգիսը մեծ ճանապարհ է անցնելու։ Անցնելու է՝ զգալով իր պատասխանատվությունը հարազատ ազգի հարուստ մշակութային ժառանգության հանդեպ ու արժանի է լինելու այդ ժառանգությանը։
ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ
երգիչ
Պատրաստեց Գ. ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Բանակ և հասարակություն