Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ՍԻՐՈՒՄ ԷՐ ԵՐԱԶԵԼ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ



ՆԱ ՍԻՐՈՒՄ ԷՐ ԵՐԱԶԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆԴժվար է հավատալ, որ այսօր մեր կյանքում անփոխարինելի ու սովորական դարձած շատ բաներ նախկինում չեն եղել: Բայց փոխարենը միշտ եղել են երազել սիրող մարդիկ, որ հավատացել են, թե հեքիաթները կարող են իրականություն դառնալ: Գյուտերի մեծ մասը հենց հեքիաթն իրականություն դարձնելու հավատից են ծնվել: Օրինակ` կարդացել են թռչող գորգի ու թևավոր կախարդական կոշիկների մասին հեքիաթները կամ ցանկացել են թռչունների պես թռչել և ինքնաթիռ են ստեղծել: Մտածել են, թե` երանի կարողանային մտքի պատկերներն աչքով տեսնել, ինչպես, օրինակ, ձեզ ծանոթ Լյումիեր եղբայրները, ու շարժվող պատկերների՝ կինոյի գյուտն են արել:

Այսպիսի երազողներից մեկն էլ Հովհաննես Ադամյան անունով մի տղա էր, որ հետո աշխարհի կարևորագույն գյուտերից մեկի՝ հեռուստատեսության հիմնադիրը պիտի դառնար:

Հովհաննեսի հայրը՝ ծնունդով Շուշիից, նավթարդյունաբերող էր, և Հովհաննեսը ծնվել ու ապրում էր նավթի պաշարներով հարուստ Բաքու քաղաքում: Նա շատ հետաքրքրասեր էր ու շատ շնորհալի: Բացարձակ լսողություն ուներ: Մայրիկի՝ Մարգարիտ Ադամյանի շնորհիվ իր երկու քույրերի և եղբոր հետ երաժշտական կրթություն էր ստացել և գերազանց ջութակ էր նվագում: Քույրերը հետագայում հայտնի դաշնակահարուհիներ էին դարձել՝ հմայելով Եվրոպայի ամենաբծախնդիր երաժշտասերներին, իսկ եղբայրը՝ երաժշտագետ Արշակ Ադամյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտորն էր:

Հովհաննեսը սիրում էր սովորել և լավ էր սովորում. այնքան հարցեր կային, որոնց պատասխանները պիտի իմանար: Դեռ դպրոցում պրպտելու, հետազոտելու ու հայտնագործություններ անելու բուռն ցանկություն էր արթնացել, և ֆիզիկայից իր առաջին փորձերն արդեն այն ժամանակ է արել:

Դպրոցն ավարտելուց հետո նա գնացել է Շվեյցարիա, այնտեղից՝ Գերմանիա, ապա Ֆրանսիա՝ սովորելու ու դարձել է նշանավոր ճարտարագետ-գյուտարար:

Հովհաննեսին սաստիկ հետաքրքրում էր պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդիրը: Եվ նա սկսում է պրպտել: Քանի որ բացառիկ օժտված երիտասարդ էր և ազատ խոսում էր մի քանի եվրոպական լեզուներով, կապեր է հաստատում տարբեր հետազոտական ինստիտուտների, համալսարանների ու նշանավոր գիտնականների հետ: Գերմանիայում սեփական միջոցներով լաբորատորիա է ստեղծում և մի շարք գյուտեր է անում: 1908թ. առաջին անգամ հիմնավորում է էլեկտրականության միջոցով պատկերներ վերարտադրելու և հաղորդելու հնարավորությունն ու մինչև իսկ փորձ է անում գունավոր պատկերը 600 կմ հեռավորության վրա հաղորդել:

Հինգ տարի անց նա տեղափոխվում է Ռուսաստան և մոտ քսան տարի ապրում ու աշխատում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Իհարկե, գիտական փորձերը շարունակելու համար այստեղ էլ է իր լաբորատորիան ստեղծում: Պատկերացնո՞ւմ եք, այս տարիներին իր գյուտերի համար 21 արտոնագիր է ստանում, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում: 1918թ. նա ստեղծում է Ռուսաստանում առաջին սարքը, որը ցուցադրում էր սև-սպիտակ պատկերներ, ինչը մեծ քայլ էր հեռուստատեսության զարգացման ճանապարհին:

Բայց նրա ամենահայտնի գյուտը գունավոր հեռուստատեսության ստեղծումն է. Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է:

Ռուսաստանում ապրելիս նա հաճախ և երկար ժամանակով հայրենիք էր գալիս: Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում 1925 թվականին նա պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նման սարք արտասահմանում ներկայացվել է միայն 1928 թվականին՝ Մեծ Բրիտանիայում: Ներկայացնողը շոտլանդացի գյուտարար Ջոն Բեյրդն էր:

1945-51թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգների «Կոլումբիա» ռադիոընկերությունը կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-53 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար:

Հովհաննես Ադամյանը միայն գիտությամբ ու գյուտերով չէր հրապուրված. նրա հետաքրքրությունները  զարմանալիորեն բազմազան էին: Նա սիրել և ուսանել է թե՛ երաժշտություն, թե՛ ճարտարապետություն, թե՛ նկարչություն: Շախմատի աշխարհի չեմպիոն Կապաբլանկայի հետ շախմատ է խաղացել: Ականավոր երաժիշտների ընկերակցությամբ Բախի, Բեթհովենի, Շտրաուսի և Մոցարտի գործերն է կատարել: Փարիզում նկարների ցուցահանդեսներ է կազմակերպել:

Նրա բազմատեսակ օժտվածությունները նկատել է ֆրանսիացի հայտնի ֆիզիկոս Ժակ Արսեն Դարսոնվալն ու մի անգամ ասել է. «Դուք, պարո՛ն, անասելի ծույլիկ եք: Այսքան մեծ տաղանդն այսպես անմիտ վատնելը հանցագործություն է»: Հովհաննեսը պատասխանել է ժպիտով. «Ախր, աշխարհը միայն սև ու սպիտակ չէ. այնքա՜ն գեղեցիկ գույներ կան»:

Մի անգամ Փարիզում հայ նշանավոր արձակագիր Ալեքսանդր Շիրվանզադեին է հանդիպում և հրավիրում է Դարսոնվալի դասախոսությանը՝ Մարկոնիի և նրա հայտնագործության՝ ռադիոյի մասին, որն այն ժամանակ մեծ ցնծություն էր առաջացրել: Դասախոսությունից հետո Դարսոնվալը, Ադամյանին նկատի ունենալով, Շիրվանզադեին հարցնում է. «Երիտասարդը Ձեր հայրենակի՞ցն է»: «Այո՛, նույն երկրացի ենք»: «Դե, մի լավ կնախատեք նրան»: «Ինչի՞ համար»: «Ծուլության, պարո՛ն, ծուլությա՛ն: Ձեր հայրենակիցն այնքան օժտված է, որ եթե չզլանա աշխատել, մի օր, Մարկոնիի նման, ինձ նոր դասախոսության նյութ պիտի տա»,- բացատրում է գիտնականը: Նա չէր սխալվում. այս հանդիպումից շատ չէր անցել, երբ Հովհաննեսը լուսահեռագրության (ֆաքսիմիլեի) գյուտն արեց:

 

ՆԱ ՍԻՐՈՒՄ ԷՐ ԵՐԱԶԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆԱդամյանը սիրում էր հայրենակիցների հետ հանդիպել: Բեռլինի հայտնի սրճարաններից մեկում հաճախ էր հանդիպում Կոմիտասի, Ավետիք Իսահակյանի և ուրիշ նշանավոր մարդկանց հետ: Մի անգամ սրճարանի սեղանին այնքան գեղեցիկ պատկեր է նկարում, որ սրճարանատերը նկարն ապակիով ծածկում է, որ պահպանվի: Բեռլինյան այս հայտնի սրճարանի այցելուների հետ Ադամյանը հաճախ խոսում էր իր ժողովրդի ճակատագրի մասին:

«Աշխարհն իսկապես երփներանգ է, սև ու սպիտակ չէ, բայց ժողովրդիս պատմությունը, ավա՜ղ, միշտ երկգույն է եղել: Գույների կարիք շատ ունենք: Ուրեմն, էլ որտե՞ղ, եթե ոչ Երևանում պետք է մեկնարկի գունավոր հեռուստատեսության նախագիծը»:

Շուտով՝ 1925 թվականին, աշխարհի բոլոր լրատվական գործակալությունները սենսացիոն հաղորդագրություն են տարածում. «Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երևանում ներկայացվել է գունավոր հեռուստատեսության՝ աշխարհում առաջին աշխատող մոդելը՝ «Հեռատեսը»»:

Հովհաննես Ադամյանը մահացել է 1932թ. Սանկտ Պետերբուրգ քաղաքում, բայց հետագայում՝ 1970 թվականին, մեծ գյուտարարի աճյունը տեղափոխել են Հայաստան և հողին հանձնել Կոմիտասի անվան պանթեոնում:

Տարիներ անց՝ նրա մահվանից քառորդ դար հետո, երկու ականավոր բրիտանացի գիտնականներ՝ Քայվերն ու Ջիգիթը, ասել են. «Հակառակ այն փաստի, որ գունավոր հեռուստատեսության ստեղծման գաղափարն ու առաջին արտոնագրերը (պատենտները) պատկանում են ճարտարագետ Հովհաննես Ադամյանին, որը դեռ 1908 թվականին է առաջարկել գունավոր հեռուստատեսության առաջին համակարգը, այս բնագավառում աշխատանքները համեմատաբար վերջերս են սկսվել»:

 

ՆՈՒՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Պատմության էջերից


19/03/2020