ՄԻ ՄԵ՜Ծ ՏՈՊՐԱԿ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԻՆ՝ ՏԻԿԻՆ ԱՆՈՒՇԻՑ
Տիկին Անուշը խնամքով զույգ-զույգ դասավորել է իր ձեռքի աշխատանքը` բրդյա տաքուկ գուլպաները՝ յուրաքանչյուր զույգի ներսում թղթին փակցնելով ոտքի համապատասխան համարը. նրա նվերն է մարտական հենակետում կանգնած զինվորներին: Դեռ ապրիլյան քառօրյայի օրերին էր մտածել ինչ-որ կերպ տղաներին օգտակար լինել: Բայց ծանոթները թերահավատորեն ասել էին. «Չի՛ հասնի տեղ»: Իսկ այժմ տիկին Անուշը «Զինուժ» մեդիա»-ի հետ մեկնում է Արցախի ամենաբարձրադիր հենակետերից մեկը և իր ձեռքով կփոխանցի նվերը: Իհարկե, գարունն այստեղ՝ Երևանում, արդեն լիիրավ տեր է, բայց այն տեղանքում, ուր ուղղվելու էինք, բնությունը դեռ չի արթնացել, ավելին՝ գիշերները խիստ ու ցրտաշունչ են, իսկ ձյունը դեռ կառչած է սարերին: Այսպիսի հենակետերից մեկն էլ այսօր տիկին Անուշի հետ կայցելենք, և նա հնարավորություն կունենա սեփական աչքերով տեսնելու զինծառայողներին, ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին, իր մայրական սերն ու ջերմությունը՝ գործած գուլպաների հետ կտա մարտական հերթապահություն իրականացնող, սահմանն անառիկ պահող տղաներին:
Գուլպաների յուրաքանչյուր զույգը մոտ յոթ ժամում է գործել: «Գործելիս փորձում էի պատկերացնել այն զինվորին, որ հագնելու է իմ գործած գուլպան: Մտածում էի, որ ոչ միայն դիրքերում կանգնած տղաների ոտքերը, այլև հոգին կջերմացնի նվերս: Հետո լվացել ու կախել եմ արևին, որ արևի ջերմությունից թրծվի թելը: Լիովին նվիրվել էի այս աշխատանքին, ուզում էի ժամ առաջ ավարտել ու ուղարկել զինվորին` սահման: Չէի պատկերացնի, որ ինձ կզանգեք, կտանեք ձեզ հետ, որ նվերս զինվորներին անձամբ հանձնելու հնարավորություն կունենամ, այն էլ՝ մարտական հենակետերում… Մի ժամ եմ քնել այս գիշեր: Շատ հուզված էի…»:
Տիկին Անուշի բնակարանի` արևով ողողված պատշգամբում, որ աշխատասենյակ է դարձել, այսուայնկողմ ամեն տեսակ գործվածքներ են` ձեռնոցներ, հայկական ավանդական զարդանախշերով գլխարկներ, բաճկոններ, նորածինների համար զարմանահրաշ ոտնամաններ: Անկասկած, տիկին Անուշը արվեստագետի նուրբ ու զգայուն հոգի ունի: Երաժշտական կրթություն է ստացել, երգչուհի է եղել: Իր գեղեցիկ ձայնով շուրջբոլորը ուրախություն տարածելու առիթը բաց չի թողնում: «Հայրս Չեքիջյանի երգչախմբում էր երգում. հրաշալի ձայն ուներ… Ես այդպիսի «Դլե յաման» ոչ մեկի կատարմամբ չեմ լսել. խորքից էր գալիս, ապրված էր… Հորս գերդաստանը` 35 հոգի, նահատակվել էր Ցեղասպանության ժամանակ: Հորս հորաքրոջը կացնով են սպանել… Հորս պապիկը Անդրանիկի զինվորն է եղել. նրանից անվանական թուր է նվեր ստացել, որ տարիներ առաջ հանձնեցինք Ցեղասպանության թանգարան»:
Տիկին Անուշը 18 տարեկանից սիրել է գործել, եւ արդեն ութ տարի է, ինչ սա իր համար սիրելի զբաղմունք, մխիթարանք ու նաև ապրուստի միջոց է: Տասը տարի առաջ կորցրել է սիրելի ամուսնուն, միակ զավակը` աղջիկը, ամուսնացել, ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: «Տղա չունեմ, բայց փողոցում կամ հեռուստատեսությամբ զինվորական տեսնելիս հուզվում եմ, մտածում եմ, որ նրանք իմ որդիները կարող էին լինել»:
…Ճանապարհ ենք ընկնում: Տիկին Անուշը արդեն 25 տարի է՝ Երևանից դուրս գալու հնարավորություն չի ունեցել: Անհագ ըմբոշխնում է մեր գեղատեսիլ երկրի բնապատկերները: Մուտք ենք գործում Արցախ աշխարհ: «Էս ի~նչ նախշուն սարեր են, էս ի՜նչ գույներ են: Այս համադրությունն անպայման կգործածեմ աշխատանքներիս մեջ: Այս ժայռն էլ նման է քարացած ջրվեժի: Մի այս կողմ նայե՜ք. սարից դուրս եկող ժայռակտորը իսկը Շերենցն է` բեղերը, հոնքերը, դեմքի տրագիկոմիկ արտահայտությունը…»: Նայում եմ այդ ուղղությամբ ու անմիջապես նկատում եմ «Շերենցին»: «Իսկ այս լեռների լանջերին մորուքավոր տարեց տղամարդկանց մտահոգ ու լուրջ դեմքեր են…Երևի այս տարածքների քարակերտ պահապաններն են»: Տիկին Անուշի զրույցները կարճում են ճանապարհը: Նա հերթով դրսևորում է արվեստագետի իր բոլոր շնորհքները և ինքն էլ զարմանում իր վրա. «Վաղո՜ւց էսքան հաճույքով չէի երգել»: Մե՛կ «Կաքավիկ» է երգում, մե՛կ անցում կատարում ռուսական պատերազմական երգերին, մե՛կ կրկնօրինակում մուլտֆիլմերի հերոսներին` ձայնին մանկական հնչերանգ հաղորդելով: «Շատ չարաճճի երեխա եմ եղել, որ դեռ ապրում է իմ մեջ: Երբեմն զանգում եմ ընկերուհիներիս, անծանոթ ձայնով եմ խոսում. երբեք չեն ճանաչում»,- ուրախ ծիծաղում է տիկին Անուշը: Ժամերն աննկատ անցնում են: Շուտով հասնում ենք զորամաս, որտեղ տիկնոջը ծաղկեփնջով ու ջերմությամբ են ընդունում: Մինչև դիրքեր բարձրանալը տիկին Անուշին էլի մի անակնկալ էր սպասում: Զորամասի հրամանատարությունը զինվորների հետ հանդիպում էր կազմակերպել շարահրապարակում: Նա լուսանկարվում է զինվորների հետ, բարեմաղթանքներ ուղղում նրանց: Զորամասում արդեն հոգացել էին, որ ետդարձին տիկին Անուշը ստանա շրջանակի մեջ առնված լուսանկարը. ինքը՝ շրջապատված զորամասի ժամկետային զինծառայողների բազմությամբ:
…Ոլորապտույտ ճանապարհն անցնում է ձյունածածկ լեռների միջով: Գարնան գալստյան լուրը դեռ այստեղ չի հասել… «Ահա թե ի~նչ տեղերում են ծառայում մեր տղաները»,- զարմանում է տիկին Անուշը: Հենակետը գլխապտույտ բարձրության վրա է. սարերից շատերը ասես մեր ոտքերի տակ լինեն: Հյուրին այստեղ դիմավորում են խրոխտ, վստահ, ձիգ, ամրակազմ զինվորները: Երեսներին ժպիտ, աչքերում` կրակ ու ջերմություն: Ավելի ուշ իմանալու էի, որ սա նրանց ընդամենը երկրորդ մարտական հերթապահությունն է: Անմիջապես զգացվում է. տղաները շատ արագ հարմարվել են դիրքապահի դերին: Ամպերի տակից մերթընդմերթ երևացող արևը չի տաքացնում. գետնատնակում զինվորները վառարանին իրար ետևից փայտ են ավելացնում և տիկին Անուշին հրավիրում են տաքանալու, ճաշակելու զինվորի ձեռքով պատրաստված ճաշը: Նրան միշտ հետաքրքրել է` ինչպե՞ս են սնվում տղաները. հո քաղցած չե՞ն մնում: Զինվորները բացում են սառնարանի դուռը, ցույց տալիս պարունակությունը` բազմազան մսի, բանջարեղենային պահածոներով, կաթնամթերքով ու այլևայլ ուտեստներով, հացով-լավաշով լեփ-լեցուն հարկաբաժինները: Հետո սեղան են գցում: «Շատ համեղ է ամեն ինչ,- գոհունակությամբ արձանագրում է տիկին Անուշը,- համոզվեցի՝ մեր տղաները ոչ միայն քաղցած չեն մնում, այլև մեծ ընտրություն ունեն»:
Գետնատնակից դուրս գալով՝ տիկին Անուշն անցնում է այսօրվա այցելության մյուս հանգրվանին. հերթով կարդում է գուլպաների չափսերն ու համապատասխան ոտնաչափ ունեցող զինվորներին հանձնում տաքուկ գուլպաները: «Տղանե՛ր ջան, մեծ սիրով ու ջերմությամբ եմ գործել ձեզ համար: Հագե՛ք, առո՛ղջ եղեք, առույգ ու հպարտ, ինչպես ձեզ տեսնում եմ հիմա»: Հետո տիկին Անուշը երգում է տղաների համար, օրհնում նրանց, քաջալերանքի ու շնորհակալության խոսքեր ասում:
«Մեր տղաներն, իհարկե, ամեն ինչով ապահովված են այստեղ,- ասաց մեզ ուղեկցող զորամասի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վազգեն Վարդանյանը,- բայց Ձեր ձեռքով հյուսված գուլպաները, Ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, մայրական ջերմությունը անչափ կարևոր ու հաճելի նվեր են մեր տղաների համար. երկար կհիշեն: Շնորհակալ ենք, տիկի՛ն Անուշ»:
Երեկոյան հրաժեշտ տվեցինք դիրքապահներին: Սառնաշունչ քամին հուշում էր, որ գիշերը լեռներում շատ ցուրտ է լինելու… «Կարևորը` հիմա վստահ կլինեմ, որ տղաները տաքուկ, բրդյա գուլպաներով կանցկացնեն,- ետդարձի ճանապարհին բարձրաձայն մտորում էր տիկին Անուշը: -Մյուս անգամ, զորամաս այցելելուց առաջ, ինձ տեղյա՛կ կպահեք, որ տղաների համար իմ «ֆիրմային» գաթան թխեմ»: «Բոլորովին չեմ հոգնել»,- զարմանում էր ու մտովի հերթով հիշում իր համար նշանավոր օրվա իրադարձությունները, զինվորներին… Երբ տիկին Անուշին տուն ուղեկցեցինք, արդեն խորը գիշեր էր: Նա շնորհակալ էր պաշտպանության նախարարությանը, «Զինուժ» մեդիային». «Երբեք, երբեք չեմ մոռանա այս օրը…»,- ասաց մեզ հրաժեշտ տալիս:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #11 (1331) 18.03.2020 - 24.03.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում