ՀԱՅՐԵՐԻ ԴԱՍԸ
«ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրումը եւ գործունեությունը» վերտառությամբ այս գրքույկը, մեր հայրերի անցած հերոսական ուղու եւ հերոսական պայքարի մասին է, մեր ժողովրդի աննկուն ոգու եւ անխորտակ կամքի մասին է։ Այն հայ վետերանների միության վերաբերյալ հարուստ եւ ամփոփ տեղեկություններ պարունակելով հանդերձ զուտ տեղեկատվական հրատարակություն չէ, այլ խորապես հայրենասիրական մի ձեռնարկ, որն ընթերցողի հոգում ջերմ ապրումներ ու հայրենիքի նկատմամբ սիրո եւ քաղաքացիական ու որդիական պարտքի զգացումներ է արթնացնում։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այն բացվում է նախ անմահ Եղիշեի հայտնի՝ «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» ասույթով, ապա եւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի խոսքերով՝ ուղղված հայ վետերաններին.
-«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» կարգախոսը մենք դարձրել ենք ՀՀ զինված ուժերի անձնակազմի գաղափարադաստիարակչական եւ հասարակական-պետական պատրաստության հենքերից մեկը։ Ձեր մարտական սխրագործությունների օրինակով ենք մենք այսօր դաստիարակում երիտասարդ զինվորներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք իրենց պապերի պես սրբազան պատերազմի ելնեն հանուն հայրենյաց սահմանների պաշտպանության»։
Գրքույկն իսկապես որ հայրենասիրական դասերի մի ժողովածու է, որի ամեն էջը, ամեն տողն ու տեղեկատվությունը ամենայն սիրով եւ բծախնդրությամբ հավաքել, դասդասել ու ամենեցուն՝ հատկապես երիտասարդ սերնդին են առաջարկել աշխարհի դաժանագույն պատերազմից հաղթական վերադարձած մեր փառապանծ հայրերը։ Դասեր, որոնք նոր սերունդը պետք է սերտի՝ անկախ, հզոր, հպարտ հայրենիք ունենալու եւ պաշտպանելու համար։
Դար է կիսվել, բայց պատերազմի վետերանների մարմնի ու հոգու վերքերը դեռեւս սպիացած չեն, եւ նրանք, թեեւ առաջացած տարիքում, դեռ շարքում են, եւ շարունակվում է նրանց պայքարը հանուն ազատության եւ հանուն արդարության։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ նոր սերունդը՝ 20-րդ դարի վերջին, երբ վճռվում էր հայոց նորանկախ պետության լինել-չլինելու հարցը, անվարան մարտի նետվեց թշնամու դեմ եւ ջախջախիչ պարտության մատնեց նրան։ Զարմանալի չէ, որովհետեւ նրանք շարունակում էին Հայրենական կոչված պատերազմում հերոսանալու եւ հաղթանակ կերտելու իրենց հայրերի ու պապերի փառահեղ ավանդույթը։
ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հրապարակած գրքույկի գլուխները առանձին-առանձին հետաքրքրաշարժ ու ամբողջական տեղեկություններ են պարունակում կոմիտեի ստեղծման եւ 55-ամյա գործունեության զանազան ուղղությունների մասին։ Նոր սերունդը հպարտությամբ պետք է հիշի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում, որ մենք իրավամբ անվանում ենք Հայրենական մեծ պատերազմ, քանզի այն հանուն մեր հայրենիքի ու հանուն մեր ազատության էր, մեր փոքրաթիվ ժողովուրդը Կարմիր բանակին տվել է ավելի քան 600 հազար զինվոր (500 հազար ԽՍՀՄ-ից, 100 հազար՝ սփյուռքից), որոնցից, վերջին ճշգրտված տվյալներով, զոհվել է 200 հազարից ավելի, այսինքն՝ յուրաքանչյուր երեք զինվորից մեկը, եւ որ Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանն են արժանացել 108 հայորդի։ Այս տվյալները պարզապես թվեր չեն, այլ մեր հայրերի ու պապերի քաջության վավերագրերը։
Պատերազմից հետո, ինչպես Խորհրդային Միության մյուս ռազմիկները, հայ զինվորների մեծ մասը զորացրվելուց հետո լծվում է ավերված ու քանդված հայրենի երկիրը վերականգնելու նույնքան անհրաժեշտ ու սուրբ գործին… Այս գրքույկը նաեւ այդ մասին է՝ մեր հայրերի ստեղծագործ աշխատանքի ու նրանց հերոսական ճիգերի մասին։
1956թ. Հայաստանում եւս, ինչպես խորհրդային ամբողջ երկրում, հիմնադրվում է պատերազմի վետերանների կոմիտեն, որի առաջին նախագահն է դառնում մարտական փառահեղ ուղի անցած մի զինվորական՝ Խորհրդային Միության հերոս գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը։ Նա կարողանում է կարճ ժամանակում իր շուրջը համախմբել վետերան-էնտուզիաստների մի հոծ բանակ։ Վետերան-զինվորները, որոնցից շատերը դաժան մարտերում կոփված զորապետեր էին, հերոսներ, իրենց նոր գործին լծվում են նույնպիսի եռանդով ու նվիրումով, ինչպեսեւ մարտնչում էին թշնամու դեմ։ Եվ նրանք պարզապես զինվորներ չէին, նրանք Խորհրդային Միության հերոսներ էին, Փառքի շքանշանի ասպետներ, բազմաթիվ պարգեւների եւ շքանշանների արժանացած գեներալներ, փառահեղ ռազմիկներ։
Իր գոյության 55 տարիների ընթացքում Պատերազմի վետերանների կոմիտեն հավատարիմ է մնացել իր հիմնական էությանը՝ սեր արթնացնել առ հայրենիքը եւ երիտասարդ սերնդին սեփական օրինակով տոգորել հայրենասիրական զգացումներով։ Հետաքրքիր է, օրինակ, իմանալ, որ մինչեւ 1986թ. Պատերազմի վետերանների կոմիտեն միավորել է Հայաստանում ձեւավորված կամ լուծարված զորամասերը, Հայաստանից ռազմաճակատ մեկնած զինվորների, ինչպես նաեւ Լենինգրադի պաշտպանության մասնակիցներին, Բուլղարիայի դիմադրության մասնակից վետերաններին եւ 390-րդ, 408-րդ, 409-րդ, 261-րդ, 31-րդ, 89-րդ հրաձգային դիվիզիաների, 552-րդ կանանց առանձին զենիթային հրետանային գնդի վետերաններին։ 1987թ. կոմիտեն իր շարքերն է ընդգրկում նաեւ Հայաստանի շրջանների բոլոր այն քաղաքացիներին, որոնք գործող օրենսդրությամբ համարվում են պատերազմի մասնակիցներ եւ օգտվում են Հայրենական պատերազմի մասնակցի համար սահմանված բոլոր արտոնություններից, ինչպես նաեւ ռամածովային նավատորմի ու ավիացիայի վետերաններին, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների անչափահաս գերիներին։
Տարբեր տարիների այս հասարակական կազմակերպությունը ղեկավարել են հայ ժողովրդի արժանավոր մի շարք զավակներ, որոնցից յուրաքանչյուրը, շարունակելով նախորդների թողած աշխատանքային ժառանգությունը, մի քայլ առաջ է տարել իրեն վստահված կառույցը։
Փառապանծ զինվորական, Խորհրդային Միության հերոս գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանին ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեի պաշտոնում փոխարինում եւ ավելի քան 20 տարի ղեկավարում է քաջ ու ազնիվ մի այլ զինվորական՝ գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը։ Այնուհետեւ կոմիտեի ղեկը վստահվում է գնդապետ Պերճ Բոշնաղյանին, ավելի ուշ՝ գնդապետ Հրանտ Հովհաննիսյանին։ Վերջինիս օրոք կառույցը վերանվանվում է ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտե։ 2010թ. ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի ղեկավարությունն ստանձնում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի երկարամյա աշխատակից գնդապետ Պետրոս Պետրոսյանը։
Ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ կոմիտեի հիմնական խնդիրը ռազմահայրենասիրական աշխատանքի կազմակերպումն է։ Վետերաններն ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարություններին եւ հիմա էլ նախապատրաստվում են արժանապատվորեն նշելու 2012թ. Հայաստանի բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 115-ամյակը։
Հայ վետերանների նախաձեռնությամբ 2009թ. վերահրատարակվել է «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945թթ.)» վավերագրական նյութերի ստվարածավալ ժողովածուն։ Եզակի այդ հրատարակությունն առաջինն էր Խորհրդային Միությունում, որը համապարփակ տեղեկություններ էր տալիս հայկական ազգային դիվիզիաների, պարտիզանական ջոկատների, ընդհատակյա շարժումների մասին։ Կոմիտեի աշխատանքների գլխավոր ուղղություններից մեկն էլ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, պայքարն է Հայրենական մեծ պատերազմի պատմությունը նենգափոխողների եւ խեղաթյուրողների դեմ։
Սակայն այսքանով չի սահմանափակվում հայ վետերան-զինվորների գործունեությունը։ Պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեն ակտիվ համագործակցում է պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ՀՀ արդարադատության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների, զինկոմիսարիատների, ազգային արխիվի, «Մայր Հայաստան» թանգարանի, «Ռուսաստանի բարեկամներ», «Հայկական լեգեոն» հասարակական կազմակերպությունների հետ։ Կոմիտեն համագործակցում է նաեւ Ֆրանսիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական վետերանական կազմակերպությունների հետ, որոնց անդամները ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանից արտագաղթած Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններն են։ Վերջերս ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով հայ վետերանները 17 հայ Խորհրդային Միության հերոսի, ինչպես նաեւ 27 Փառքի շքանշանի լրիվ ասպետի մասին տվյալներ են ուղարկել, որոնց մասին նրանք իսպառ տեղեկություններ չունեին։ Կոմիտեի խնդրանքով Ֆրանսիական վետերանների կազմակերպությունը որոնել եւ հայտնաբերել է 20 հայ վետերանի գերեզման, որոնք սփռված են եղել Ֆրանսիայի տարբեր քաղաքների գերեզմանատներում։ Ավելին՝ հայտնաբերվել են զոհված մարտիկների հարազատները, որոնք երախտիքի խոսքեր են հղել կոմիտեի հասցեին եւ շնորհակալություն հայտնել, որ նրանց հաջողվել է պատերազմից անգամ 70 տարի անց գտնել իրենց հարազատների շիրիմները։
ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի աշխատանքը երբեւէ անուշադրության չի մատնվել հայրենի իշխանությունների կողմից. բոլոր վետերանները պարգեւատրվել են «Մարշալ Բաղրամյան» եւ «Ծովակալ Իսակով» մեդալներով։
Ահա համառոտ այն մեծածավալ աշխատանքի մասին, որ կատարել է Հայաստանի պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեն, ահա թե ինչով են ապրում, ինչ գործունեություն են ծավալում ծերունազարդ նախկին զինվորականները։ Սակայն այս համառոտ խոսքն էլ թույլ է տալիս պնդելու, որ մեր փառապանած վետերանները դեռ շարքում են, եւ նրանք դեռ շատ անելիք ունեն մեր մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար։
Գ. Ա.
Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր