Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԵՎԵԼՔԻ ԿՈՐԾԱՆԻՉԸ»՝ ՀՀ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ



Անժխտելի է, որ կործանիչ ինքնաթիռները օդային պայքարի հիմնական միջոցներն են։ Հիմնականում նրանցով է ապահովվում գերազանցությունն օդում, առանց որի անհաջողության են դատապարտված թռչող այլ սարքերի մարտական գործողությունները: Կործանիչներով են արտահայտվում ցանկացած երկրի ռազմարդյունաբերության մակարդակը եւ ռազմաօդային ուժերի հզորությունը:
Հայկական ռազմաօդային ուժերը կարիք ունեն ժամանակակից եւ հզոր կործանիչների: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը եւ թշնամու նկրտումները` կործանիչ ավիացիան ունենալն ուղղակի կենսական անհրաժեշտություն է: փորձը ցույց է տալիս, որ լեռնային բարդ տեղանքում մարտական գործողություններ կատարելու համար հին տեխնիկան անպիտան է: ՀՀ ԶՈՒ-ին պետք է այնպիսի կործանիչ, որը ոչ միայն կարողանա լեռնային պայմաններում առաջադրանքներ կատարել, այլեւ շահագործման տեսանկյունից մատչելի լինի: Ժամանակակից կործանիչները բավարարում են այս պահանջը:
Հայկական ՌՕՈւ-ի համար լավագույն տարբերակը, եթե չհաշվենք թանկությունը, ամերիկյան նորագույն՝ հինգերորդ սերնդի «F-35»-ն է: Այս կործանիչն աշխարհում միակն է, որն ունի մեկ շարժիչ, միաժամանակ ուղղահայաց թռիչքի-վայրէջքի եւ այլ հնարավորություններ: Այն գրեթե ոչ մի տվյալով չի զիջում նույնիսկ երկշարժիչանի կործանիչներին: ՀՀ-ում օդանավակայանների սակավության պայմաններում «F-35»-ի ուղղահայաց թռիչքի-վայրէջքի հնարավորությունն ուղղակի անփոխարինելի է: Ապագայում այս կործանիչը լինելու է ամենամասսայականը:
Հարմար տարբերակներ են նաեւ ամերիկյան «F-16C», «F-15E», ֆրանսիական «Mirage 2000-5», «Rafale C-1» եւ ռուսական «Су-30» կործանիչները:
Ընտրության համար պետք է հաշվի առնել նաեւ ադրբեջանական ՌՕՈւ-ի հնարավորությունները:
Ադրբեջանում լրջորեն քննարկվում է մոտ ապագայում ՀՕՊ-ի սպառազինության մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ Ադրբեջանը հետաքրքրված է նաեւ թուրքական ՌՕՈւ-ում ներկայումս օգտագործվող «F-16» բավականին հզոր կործանիչներով: Բանն այն է, որ շուտով թուրքական ՌՕՈւ-ը համալրվելու է 5-րդ սերնդի ամերիկյան նորագույն «F-35» կործանիչներով: Բնականաբար, «F-16»-երի մի մասը սպառազինությունից կհանվի։ Հենց այդ կործանիչներն էլ կարող են հայտնվել ադրբեջանական սպառազինության մեջ:
Տարբեր աղբյուրների համաձայն` ադրբեջանական ՌՕՈւ-ի սպառազինության մեջ են «МиГ-21», «МиГ-25», «МиГ-29», «Су-17», «Су-24», «Су-25», «JF-17 Thunder (FC-1 Xiaolong)» մարտական ինքնաթիռներ:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի «МиГ-25»-ը, որը քանակով ամենամեծն է ադրբեջանական օդուժում: Սա բացառիկ տվյալներ ունեցող ինքնաթիռ է, որը պահանջում է օդաչուի բարձր մասնագիտական որակավորում եւ հատուկ տեխսպասարկում: Ունենալով մեծ արագություն, թռիչքի մեծ բարձրություն եւ օդային մարտի յուրահատուկ հնարավորություններ` «МиГ-25»-ն իրեն այնքան լավ չի դրսեւորում այլ մարտական խնդիրներ լուծելիս: Ադրբեջանում նախկին ԽՍՀՄ-ից մնացել էին «МиГ-25РБ» հետախույզ ռմբակոծիչներ եւ «МиГ-25ПДС» կործանիչներ:
Արդյունքում՝ այս բարդ եւ հզոր ինքանթիռներն Ադրբեջանը կիրառում էր որպես սովորական ռմբակոծիչներ` 50-ամյա վաղեմության մեթոդներով ռումբ նետելու համար:
Չնայած նրան, որ ադրբեջանական ինքնաթիռները վարում էին փորձառու խորհրդային օդաչուները, նույնիսկ այս բացառիկ տվյալներ ունեցող կործանիչներն Արցախյան գոյամարտում մարտական կորուստներ ունեցան: Ընդ որում, «МиГ-25» ինքնաթիռի խոցման փայլուն դեպքերից մեկը կապված է հենց հայ հակաօդայինների գործողությունների հետ:
Թվարկված խնդիրներն այս կործանիչի միակ թերությունները չեն: Այն օգտագործում է հատուկ եւ թանկարժեք ռեակտիվ վառելիք: Ընդ որում՝ «МиГ-25»-ը մեկ թռիչքի ընթացքում ծախսում է ադրբեջանական այլ ինքնաթիռներից նվազագույնը կրկնակի շատ վառելիք։
Այսինքն` նման կործանիչն ադրբեջանական ՌՕՈւ-ին առհասարակ պետք չէ։ Սակայն 1998թ. Ադրբեջանը Ղազախստանից գնել է ութ «МиГ-25», որոնց վիճակը, հաշվի առնելով տարիքը, չէր կարող լինել իդեալական: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Ուկրաինան վերանորոգում է այս ինքնաթիռները:
Ադրբեջանական ինքնաթիռներից հայկական ՌՕՈւ-ի հիմնական հակառակորդ է համարվում «МиГ-29»-ը:
Ինչպես ցույց է տվել կիրառության փորձի եւ հնարավորությունների մեր սեփական ուսումնասիրությունը` «МиГ-29» կործանիչը տպավորիչ է միայն ցուցադրական թռիչքների եւ զորահանդեսների ժամանակ: Տեսակի մեջ լավագույնն է համարվում, մինչ օրս մասնակցել է մի քանի մարտական գործողությունների եւ ոչ մի տեղ աչքի չի ընկել: Կիրառվելով Իրաքում, Հարավսլավիայում եւ Աֆրիկայում` «МиГ-29»-ն օդային մարտերում պայքարել է իր սերնդակից կործանիչների դեմ եւ, չունենալով ոչ մի ապացուցված հաղթանակ, կրել է մոտավորապես 15 պարտություն:
1999թ. մայիս-հուլիս ամիսներին Հնդկաստանի եւ Պակիստանի (Կարգիլյան) հակամարտության ժամանակ, բարձրլեռնային պայմաններում, ոչ մի խորհրդային արտադրության ինքնաթիռ չկարողացավ մարտական խնդիրը կատարել անհրաժեշտ որակով՝ ի տարբերություն ֆրանսիական «Mirage-2000» կործանիչի, որին «МиГ-29»-երը ընդամենը 20 րոպե էին կարողանում ուղեկցել:
«МиГ-29»-ը, ունենալով արագացման եւ մերձակա օդային մարտում խուսավարման լավ տվյալներ, ունի այլ թերություններ եւս` թռիչքի փոքր հեռահարություն, սպառազինության փոքր տեսականի ու քաշ: Բավականին անհաջող են այս կործանիչի շարժիչները՝ վառելիք շատ ծախսող, փոքր ռեսուրսով եւ շատ ծուխ արտանետող:
«МиГ-29»-ը բազմաֆունկցիոնալ չէ, իսկ մեր տարածաշրջանում նման կործանիչները մեծ հեռանկար չունեն:
Ահա այս պատճառներով «МиГ-29»-ը մեր տեղանքում չի համապատասխանում ժամանակակից մարտի պահանջներին: Իհարկե, քանի դեռ մենք կործանիչներ չունենք, թշնամու «МиГ-29»-ը ահեղ հակառակորդ է մեր թռչող սարքերի համար: Եթե նույնիսկ այսօր հայկական ԶՈւ-ը ձեռք բերեն «МиГ-29» կործանիչներ, միեւնույնն է, դա լինելու է կարճաժամկետ լուծումն պատասխան ադրբեջանական նախաձեռնությանը: Մենք նրանց նախաձեռնությանը ոչ թե պիտի պատասխանենք, այլ՝ նախաձեռնությունը վերցնենք:
Ինչ վերաբերում է «Миг-21» եւ «Су-17» ինքնաթիռներին, ապա դրանք էական ազդեցություն չունեն ադրբեջանական ռազմական ավիացիայի հզորության վրա, քանի որ քիչ են եւ տեխնիկապես վատ վիճակում:
Ադրբեջանական ՌՕՈւ-ի մնացած ինքնաթիռներից առանձնակի ուշադրության արժանի են «Су-24» եւ «Су-25» ինքնաթիռները, որոնք բավականին հզոր մարտական միջոցներ են: Սակայն սրանց հետ կապված եւս բազում խնդիրներ կան: Նախ` դրանք բավականին հին են, չեն կարող կիրառվել թույլատրելի բոլոր ռեժիմներում, երկրորդ` չեն կրում նշանառման ժամանակակից սարքավորումներ եւ գերճշգրիտ սպառազինություն, որի հասցրած վնասը, սովորական սպառազինության համեմատ, զգալիորեն մեծ է: Այս ինքնաթիռները, սակայն, կարող են կատարելագործվել:
Մնում է չին-պակիստանյան «JF-17» ինքնաթիռը, որն առայժմ անհասկանալի է` կործանի՞չ է, կործանիչ-ռմբակոծի՞չ, թե՞ ուղղակի գրոհիչ: Ինչեւէ, այն մեծ վտանգ չի ներկայացնում, քանի որ, նախ` չի կարող կրել մեծ ռումբեր, երկրորդ` դեռ լիովին փորձարկված չէ, հատկապես մարտական գործողությունների ժամանակ: Այս ինքնաթիռի բարձրակարգությունը կասկածելի է նաեւ այն պատճառով, որ ստեղծված է խորհրդային եւ այլ հին տեխնոլոգիաների չին-պակիստանյան տեղայնացմամբ եւ, ինչպես ցույց է տվել փորձը, զիջում է իր բնօրինակին:
ՀՀ համար լուրջ խնդիր է համարվում նաեւ Թուրքիայի` 5-7 տարվա ընթացքում «F-35»-երի իր չափաբաժինն ստանալու հեռանկարը: Թուրքիան ստիպված է լինելու ազատվել մոտ 100-150 «F-16C»-երից, որոնցից մի քանիսը, ամենայն հավանականությամբ, մեր արեւմտյան «հարեւանից» կանցնեն արեւելյան «հարեւանին»: Այս ինքնաթիռները վտանգավոր են նրանով, որ ադրբեջանական ՌՕՈւ-ում կլինեն առաջին իրապես բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները՝ կործանիչի մեծ հնարավորություններով:
Ինչպես արդեն նշվեց, ՀՀ ՌՕՈՒ համար, կործանիչի ընտրության հարցում հարմար տարբերակներ շատ կան: Սակայն, հաշվի առնելով մեր տարածաշրջանի քաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ հայ օդաչուների մասնագիտական պատրաստության խնդիրը եւ ինքնաթիռների նախնական գինը, թերեւս լավագույն տարբերակը ռուսական «հց-30» կործանիչն է: Վերջինս ունի մինչեւ 8 տոննա ռմբատարողություն եւ թռիչքի բավականին մեծ հեռահարություն: Այն ամենաճկուն կործանիչներից մեկն է աշխարհում: Կործանիչը հաջողությամբ կարող է խոցել եւ՛ օդային եւ՛ վերգետնյա նշանակետեր: Կատարելով օդային գերազանցության ապահովման խնդիր` կարող է ինտեգրված լինել ՀՕՊ-ի հետ եւ միաժամանակ հեռահար հարվածներ հասցնել կարեւոր վերգետնյա նշանակետերին: Այն կարող է զինվել մինչեւ 100 կմ եւ ավելի հեռահարության ճշգրիտ հրթիռներով: Վերգետնյա նշանակետերին հարվածելու համար «Су-30»-ը կրում է նաեւ գերճշգրիտ ռումբեր: «Су-30»-ը, բոլոր խնդիրների լուծման հետ միաժամանակ, այլ միջոցների համար օդային հրամանատարական կետ է: Օդային հարվածներ հասցնելու ժամանակ այն կարող է կազմակերպել ամբողջ մարտը` եւ՛ հարվածել, եւ՛ օգնել այլ թռչող սարքերին՝ կատարելու ճշգրիտ հարվածներ, եւ՛ միաժամանակ պաշտպանել այդ սարքերը օդային հակառակորդից: Կործանիչը ղեկավարում է երկու օդաչու, ինչը շատ կարեւոր է նմանատիպ խնդիրների համալիր լուծման համար: Օդային մարտի բոլոր ձեւերում «Су-30»-ը գերազանցում է «Су-24»-ին, «Су-25»-ին եւ «Миг-29»-ին: «Су-30»-ն ադրբեջանական «Миг-29»-երին գերազանցում է թռիչքի հեռավորությամբ, ինչը հատկապես կարեւոր է մարտերը հակառակորդի տարածք տեղափոխելու տեսանկյունից: Որորշ թվով «Су-25»-եր ՀՀ-ն ունի, իսկ «Су-30»-ը ՀՀ-ի համար կարող է լուծել ռազմավարական խնդիրներ: Նման ինքնաթիռների անգամ փոքր քանակը կարող է մեծապես փոխել ուժերի հարաբերակցությունը: Դրանք իրենց զսպող դերը կատարած կլինեն, նույնիսկ եթե հակառակորդը մեծ թվով համանման ինքնաթիռներ ունենա:
Թեեւ «Су-30»-ն ունի շուրջ 20 տարվա պատմություն, հեռանկարային կործանիչ է: «Су-30»-ը ընդգրկված է տարբեր երկրների սպառազինության մեջ: Ներկայումս կան նրա կատարելագործված տեսակները՝ «Су-35»-ը, «Су-37»-ը, որոնք բնականաբար ավելի լավն են, բայց շատ թանկ են: Ինքնաթիռը կատարելագործում են ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնք ունեն այդ ինքնաթիռներն արտադրելու արտոնագրեր:
Չինաստանը դեռեւս 1990 թ-ին գնել էր մի քանի տասնյակ «Су-27» («Су-30»-ը ստեղծվել է «Су-27»-ի հիմքի վրա): Ներկայումս Չինաստանն իր սպառազինությունում ունի ավելի քան 150 «Су-27» եւ «Су-30»-ի տարբեր տեսակներ: Ըստ բազմաթիվ տեղեկությունների՝ Չինաստանը ցանկանում է նոր պայմանագիր կնքել ռուսական կողմի հետ՝ 40 «СУ-30МК» գնելու համար:
Այդ լուրջ փոփոխություններից զատ, Չինաստանն արտադրում է իր սեփական «Shenyang J-11» կործանիչը, որը ռուսական «Су-30»-ի կրկնօրինակն է: «Су-30»-ի հնդկական տարբերակում լուրջ փոփոխություններ են կատարվել համակարգչային սարքավորումներում (ավիոնիկա), որոնք բերվում են հիմնականում Ֆրանսիայից:
Այսպիսով, Արեւելքում «Су-30»-ը մեծ մասսայականություն է վայելում: Այն կարծես թե դարձել է «Արեւելքի կործանիչը»:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ռազմական


17/12/2010