ՖԱԳՈՏԱՀԱՐՆԵՐԸ
Շատերի լուսանկարները չկան, շատերն էլ այդ լուսանկարներում չկան, շատերն էլ զոհվեցին` մեզ թողնելով միայն իրենց պայմանականչերն ու մականունները…
Շուշի, Շահումյան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ… Որտեղ ասես չեն եղել։ 1993-ին պատերազմի ամենավճռորոշ փուլում 17 ֆագոտահարների սխրանքը բեկում մտցրեց ռազմաճակատի գծում, եւ հաղթանակներն ավելի ամրապնդվեցին։ Նրանցից շատերը միայն հետմահու արժանացան պարգեւների…
Թշնամին տեխնիկայի գերազանցության շնորհիվ տարածքներ էր գրավում։ Մեծ քանակությամբ զրահապատ տեխնիկան ավերում էր հայ գյուղացու ստեղծածը եւ կրակ ու մահ սփռում շուրջը՝ ընդհուպ մոտենալով Ստեփանակերտին։ Բարդ իրավիճակ էր ստեղծվել, չկար մի ուժ, որ կասեցներ նրանց։ Կործանիչ-հակատանկային դիվիզիոն ստեղծելը օրախնդիր էր, և Ժիրայր Զաքարյանի. Վալերի Հայրիյանի, Արամայիս Հարությունյանի հրամանատարության ներքո հավաքվեցին կամավորներ, որոնք տիրապետելով «Ֆագոտ» կայանքին՝ պետք է կանգնեցնեին թշնամու թրթուրավոր հրեշների երթը։
Շատ շուտով թշնամու տանկերն ու զրահապատ տեխնիկան ֆագոտների հարվածներից ծուխ արձակելով սկսեցին այրվել ու մնալ ճամփին՝ չհասցնելով անգամ մեկ կրակոց արձակել։ Դա մեծ սարսափ առաջացրեց թշնամու շարքերում, և նրա տեխնիկան սկսեց կրակել թաքստոցներից։ Եթե նախկինում թշնամու հարձակումը սկսվում էր զրահատեխնիկայի առաջխաղացումով, ապա այժմ զրահատեխնիկան թաքնված դիրքերից էր կրակով ապահովում հետեւակի գրոհը։
1993թ. փետրվարին կործանիչ հակատանկային դիվիզիոնը մասնակցել է Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այդ ժամանակաշրջանում մարտական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Մարտակերտի պաշտպանական շրջանում, որտեղ հակատանկային դիվիզիոնի մարտիկները մարտական գործողություններին մասնակցել են որպես հետեւակային-ֆագոտահարներ։
Վաղուհաս, Գետավան գյուղերի ազատագրման համար մարտերում ֆագոտահարները ցուցաբերեցին բացառիկ քաջություն և տոկունություն։ Ահա նրանցից մի քանիսը՝ Արթուր Առուստամյան, Ժիրայր Զաքարյան, Վովա Վարդանյան, Ալեքսանդր Աթանեսյան, Արամ Հարությունյան, Արսեն Հարությունյան, Գրիգոր Հայրապետյան, Արթուր Օսիպյան, Արսեն Դինունց, Յուրի Սաֆարյան, Սասուն Սարգսյան, Սիաննա Մնացականյան, Սուրեն Իսրայելյան, Սուրեն Պետրոսյան, Արկադի Ավակիմյան, Էդվարդ Միքայելյան, Վլադիմիր Մովսիսյան…
Նրանցից շատերն ընկան տակավին պատանի հասակում. միայն 1993թ. փետրվար ամսին դիվիզիոնի մարտիկներից 5-ը զոհվեցին, 10-ը` վիրավորվեցին։ Ֆագոտահարներն ընկան անկոտրում եւ հպարտ, որ հենց իրենց էր տրված թշնամու զրահապատ «հրեշների» դեմ կռվելու եւ հաղթելու պատիվը։
ՍԻԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (ՍՅՈՒԶԻ),
ազատամարտիկ, լեյտենանտ,
Խաղաղապահ բրիգադի ակումբի պետ