Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԷԻՆՔ ՈՒ… ՆԺԴԵՀԸ



Մի անանուն հուզմունք էր տիրում դպրոցի դահլիճում-բեմում. մեծ զորավարի, մեծ մտածողի, ազգային արժեքների մեծ կրողի, ցեղապաշտ հայրենասերի կյանքի վերջին հատվածն էր ցուցադրվում։ Բեմում ճակատը միշտ բարձր պահած, ազգին ու հայրենիքին անմնացորդ նվիրված Գարեգին Նժդեհն էր (դերակատար՝ Աշոտ Գալյան) ու հայոց երկրից նրան բաժին հասած մի բուռ հողի լեգենդը։

Բեմում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն էին (ղեկավար՝ Էռնեստ Շարոյան), որ իրենց պատանեկան, անկեղծ հոգու ողջ զորությամբ փորձեցին իրենց հասակակիցներին ներկայացնել մեր պատմության չափազանց բարդ ու դժվարին մի ժամանակաշրջանում մեծ անհատի դերն ու նշանակությունը:

Տեսա մի բուռ հող թաքցրած

Ալեհեր բանտարկյալի մոտ։

Իր բանտախուցն էր նա բերել

Հայրենի երկրից մի բեկոր…

Հնչում էր սրտի խոսքը բանտային հսկիչի դերակատարի շուրթերից այնքան հուզավառ, այնքա՜ն զգացմունքով, ասես, պատանի մոնթեական չէր դերակատարը։ Էլ ինչպես չտեսնես, չգնահատես ուսուցչի կատարած տիտանական աշխատանքը, որ գուցեեւ անքուն գիշերների ու զգացմունքների փոթորկի ծնունդ էր։

ՀՀ Անկախության 20-ամյակի շրջանակներում Երեւանի Մ. Մանուշյանի անվան N 48 հիմնական դպրոցի եւ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների միջեւ հաստատված սերտ հարաբերությունները տալիս են իրենց պտուղը ռազմահայրենասիրական դաստիարակության դասերի միջոցով։

ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Միսաք Մանուշյանի անվան N 48 դպրոցի տնօրենի տեղակալ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Բանակ և հասարակություն


02/11/2011