ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
Մարտի 20-ը ՄԱԿ-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, այն մարդկության հիմնական նպատակներից է:
Աշխարհում նույնիսկ երկիր կա, որտեղ գործում է Երջանկության նախարարություն՝ Բութանում: Կառավարությունը, որպես իր գլխավոր նպատակ, հռչակել է իր յուրաքանչյուր քաղաքացու երջանկության ձգտումը: Եվ դա ամրագրված է այդ երկրի Սահմանադրության հոդվածներից մեկով:
Երջանկության ընկալումը տարբեր է, ամեն մարդ յուրովի է պատկերացնում եւ յուրովի էլ սահմանում իր երջանկության բանաձեւը: Մեկի համար այն ցոփ ու շվայտ, անհոգ կյանքն է, շքեղությունը, մեկի համար էլ իրերից, նյութականից ոչ կախյալ լինելը, մեկը երջանկություն է փնտրում սիրելու, մյուսը՝ սիրված լինելու մեջ: Մեկի համար լիակատար երջանկություն է հարազատ մարդկանցով շրջապատված լինելը, մյուսի համար՝ սեփական եսի հետ հաշտ, ներդաշնակ ապրելը…
Ըստ Էյնշտեյնի ՝ եթե ուզում եք ձեր կյանքը լինի երջանիկ, ապա կապեք այն նպատակների, այլ ոչ թե մարդկանց ու առարկաների հետ: Ժան Ժակ Ռուսոն էլ կարծում էր, որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը երեք բան՝ լավ բանկային հաշիվ, լավ խոհարար եւ լավ ստամոքս: Քարնեգին էլ պարզաբանում է, որ երջանկությունը բնավ էլ կախված չէ այն բանից, թե ով ես դու եւ ինչ ունես. «Երջանկությունը կախված չէ արտաքին հանգամանքներից: Այն պայմանավորված է միայն մեր հոգեբանական տրամադրվածությամբ: Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա. դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը»:
Ի՞նչ է, ի վերջո, երջանկությունը: Գիտական չոր մեկնաբանությամբ՝ երջանկությունը մտավոր զգացմունքային վիճակ է, որն ուղեկցվում է դրական կամ հաճելի ապրումներով ու զգացումներով՝ առաջացնելով բավարարվածության ուրախ վիճակ:
Փիլիսոփաներն ու հոգեւորականներն այն հաճախ սահմանել ու սահմանում են որպես բարեկեցիկ ապրելաձեւ եւ ոչ թե պարզապես զգացում:
Ամերիկյան հոգեբանները տալիս են երջանիկ դառնալու յոթ խորհուրդ.
- Սիրե՛ք ձեր մերձավորներին, ավելի շատ ժամանակ տրամադրեք նրանց, ում սիրում եք:
- Ավելի շատ նվիրվեք ձեր սիրած աշխատանքին, եթե չեք սիրում ձեր գործը, աշխատեք փոխել այն. չէ որ աշխատավայրում ենք անցկացնում մեր կյանքի գերակշռող մասը, եւ դա չի կարելի վերածել տառապանքի:
- Օգնե՛ք մարդկանց: Բոլորիս մեջ նստած է շրջապատին անշահախնդրորեն օգնելու պահանջը: Օգնելով ուրիշներին՝ դուք ավելի շատ կհարգեք ձեզ եւ կազատվեք հոգեկան եւ ֆիզիկական սթրեսներից: Արդյունքում՝ ավելի գոհ կլինեք կյանքից:
- Ֆիզիկական ակտիվություն: Ցանկացած ֆիզիկական ակտիվություն առողջ մարդուն հաճույք է պատճառում: Ակադեմիկոս Պավլովը դա անվանում է «մկանային հրճվանք»: Ոմանք կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ուղեղում արտադրվում են հատուկ բնական նյութեր, որոնք բավականության զգացում են առաջացնում: Վազեք, դահուկ քշեք, հաճախեք սահադաշտ, պարեք եւ այլն:
- Աշխատեք երջանիկ լինել: Հետեւեք ինքներդ ձեզ, պարզեք՝ ինչն է ձեզ լավ տրամադրություն հաղորդում, ի՞նչն է ձեզ ուրախացնում, եւ ձգտեք հենց դրան:
- Ձեր կյանքում նորույթի տարր ներմուծեք: Մեզ մանկուց համոզում են, որ չափավոր եւ կայուն կյանքն է լավ: Օրվա ռեժիմը, կայուն սովորույթները, նվիրվածությունը աշխատանքին եւ որոշակի մարդկանց, կապվածությունը նույն սրճարանին ու կինոթատրոնին, յուրաքանչյուր տարի արձակուրդը նույն վայրում անցկացնելը վատ չէ, բայց մարդուն հարկավոր են նորություններ, փոփոխություններ: Փորձեք երբեմն շեղվել ձեր կյանքի բնականոն ընթացքից: Ասենք՝ աշխատանքի մեկնեք այլ երթուղով, նոր հոբբի գտեք, արձակուրդ վերցրեք մեկ այլ ժամանակ եւ այլն:
- Մի՛ հուսահատվեք, եթե երբեմն ձեզ շատ դժբախտ եք զգում: Սա հոգեբանական ճոճանակի օրենքն է. այսօր դուք երջանիկ եք, բայց կգա նաեւ հակառակ զգացումը: Ընդ որում, նրանք, ում ճոճանակը շատ է թեքվում «դրականի» կողմը, պետք է հաշտվեն այն բանի հետ, որ մեծ կլինեն նաեւ «բացասական» տատանումները:
Ասում են՝ երջանկությունը առողջության նման է, երբ այն չես զգում, նշանակում է կա:
Պատրաստեց՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #12 (1332) 25.03.2020 - 31.03.2020, Հոգևոր-մշակութային