ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1914թ. հուլիսի 20-ին Ծավ գյուղում (Կապանի շրջան), գյուղացու ընտանիքում:
Հունան Մկրտչի Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ավագ սերժանտ:
Ստացել է տարրական կրթություն: Աշխատել է Էջմիածնի շրջանի Ա.Ի.Միկոյանի անվան սովխոզում՝ լինելով բրիգադիր-այգեգործ:
1935թ. զորակոչվել է Կարմիր բանակ:
Զինծառայությունից հետո որպես բրիգադիր աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի (Հայաստան) Լուկաշինի անվան այգեգործական սովխոզում:
1942թ. մեկնել է ռազմաճակատ:
1943թ. սեպտեմբերին խորհրդային զորքերը հարձակողական մարտեր էին մղում գերմանաֆաշիստական զավթիչներից Կուբանն ու Թամանի թերակղզին ազատագրելու համար:
1943թ. սեպտեմբերի 16-ին այն դիվիզիան, որի կազմում ծառայում էր Ավետիսյանը անզիջում մարտեր էր մղում թշնամու պաշտպանությունը ճեղքելու, Կրասնոդարի երկրամասի Վերխնեբականսկի շրջանն ազատագրելու համար: 1-ին հրաձգային վաշտը պետք է գրոհով առներ մերձակա տեղանքին իշխող Դոլգայա բարձունքը: Հարձակվելիս վաշտն ընկավ հակառակորդի գնդացրային ուժգին կրակի տակ. գրոհուղին փակում էին մի քանի դզօտ: Ավետիսյանը մարտիկներին հրամայեց հոծ կրակով մեկուսացնել մեկը, իսկ ինքը սողաց դեպի այն, որպեսզի նռնակներով ոչնչացնի կրակակետը: Ֆաշիստները նկատեցին անվեհեր ռազմիկին… Ձեռքի վերքից արյունաքամվելով՝ նա հասավ հրակնատին ու ներս գցեց նռնակը, սակայն հիտլերական գնդացրորդը շարունակում էր կրակել: Այդժամ Ավետիսյանը նետվեց դեպի հրակնատն ու իր մարմնով կասեցրեց կրակը: Մարտական ընկերոջ հերոսությունից ոգեշնչված ռազմիկները նետվեցին հարձակման եւ կատարեցին մարտական առաջադրանքը:
Փառապանծ հայորդին հանգչում է Վերխնեբականսկոյե քաղաքատիպ ավանում՝ Կրասնոդարի երկրամասի հերոս քաղաք Նովոռոսիյսկից ոչ հեռու:
1944թ. մայիսի 16-ին Ալեքսանդր Մատրոսովի սխրանքը կրկնած սերժանտ Հունան Մկրտչի Ավետիսյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):
Հերոսի հուշարձանները կանգնեցվել են Ծավ եւ Լուկաշին գյուղերում (Հայաստան), Կապանում ու Երեւանում: Հուշարձան է կառուցվել նրա զոհվելու վայրում՝ Դոլգայա բարձունքում:
Նրա անունով կոչված են ջերմանավ, փողոցներ՝ Վերխնեբականսկում ու Նովոռոսիյսկում, փողոց եւ 8-րդ դպրոցը՝ Կապանում, 74-րդ դպրոցը՝ Երեւանում:
1963թ. Հունան Ավետիսյանի պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ:
1978թ. հերոսի անունն է շնորհվել Անդրկովկասյան սահմանապահ օկրուգի Նովոռոսիյսկի սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալին: Խորհրդային Միության հերոս Հ.Մ.Ավետիսյանը հավետ գրանցված է 390-րդ հրաձգային գնդի 1-ին հրաձգային վաշտի անվանացուցակում:
Խորագիր՝ #12 (1332) 25.03.2020 - 31.03.2020, Ճակատագրեր