ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1918թ. մարտի 15-ին Կետիշեն (Գետաշեն) գյուղում (Դաշքեստանի շրջան, Ադրբեջան), գյուղացու ընտանիքում:
Ղազարոս Ավետիսի Ավագյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ավագ լեյտենանտ:
Նախնական կրթությունն ստացել է Կիրովաբադում (Գանձակ), որտեղ 1939թ. ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը:
1940թ. զորակոչվել է Կարմիր բանակ: Ավարտել է Կալինկովիչյան ռազմահետեւակային ուսումնարանը (Բելառուսիա): Ծառայել է Արեւմտյան սահմանում եւ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից մասնակցել է զավթիչների դեմ մղված բազմաթիվ մարտերի՝ Սմոլենսկի մոտ, Բելառուսիայում, Լեհաստանում:
…Սմոլենսկի ուղղությունում մղված մարտերի ժամանակ Ղազարոս Ավագյանն իր դասակը քանիցս տարավ հարձակման: Սմոլենսկի մարզի Մեդվեդեւկա գյուղի շրջանում մղված մարտից հետո նրանք շրջապատվեցին, ապա կապ հաստատելով պարտիզանների հետ՝ գնացին անտառ: Խորհրդային զորքերի գալուց հետո լեյտենանտ Ավագյանը կրկին բանակում էր՝ որպես հրաձգային դասակի հրամանատար: Հատկապես աչքի է ընկել 1944թ. ամռանը Բելառուսիայում ընթացող մարտերում: Հրաձգային դասակը նրա հրամանատարությամբ զբաղեցրել է Պյատիգոդկա գյուղի (Մինսկի մարզի Սմոլեւիչյան շրջան) ճանապարհը վերահսկող կարեւոր բարձունքներից մեկը:
Հայրենի գյուղը գրկած բարձունքների կարոտով արծվասիրտ գետաշենցին այդտեղ կռվել է հայ ռազմիկին հատուկ քաջությամբ ու անձնվիրումով՝ իր մարտական կորովով ոգեշնչելով նաեւ ենթականերին…
1944թ. հուլիսի 6-ին հակառակորդը 6 անգամ փորձել է գրավել դասակի դիրքերը: Բարձունքի մատույցներում կորցնելով 180 զինվոր ու սպա՝ գերմանացիները այն չեն կարողացել գրավել: Այդ գոտեմարտում Ղազարոսը անձամբ սպանել է 25 հիտլերականի: Այդպիսի անվեհերությամբ լեյտենանտ Ղազարոս Ավագյանը մարտնչել է նաեւ լեհական հողն ազատագրելիս:
1945թ. հունվարի 22-ի մարտերից մեկում նա խիզախորեն զոհվել է: Հանգչում է Լեհաստանում, Օստրոլենկա քաղաքի մոտ:
1945թ. մարտի 24-ին ավագ լեյտենանտ Ղազարոս Ավետիսի Ավագյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):
Պարգեւատրվել է նաեւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի շքանշաններով:
1976թ. Մինսկում հերոսի անունով կոչվել է փողոց, ուր 1997թ. զետեղվել է հուշատախտակ:
Խորագիր՝ #12 (1332) 25.03.2020 - 31.03.2020, Ճակատագրեր