Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՊԻ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԸ



ԴԵՊԻ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԸԵս մարտիկ եմ

 

Ես միշտ չափվում եմ ինձնից ուժեղի հետ: Ինձ իմ ուժերից վեր առաջադրանք եմ տալիս, հետո անխնա մղվում եմ այդ առաջադրանքը կատարելու: Ես մարտիկ եմ ու սիրում եմ հաղթել: Ծայրահեղ պահին ուժի ու կամքի նոր աղբյուրներ են բացվում քո մեջ:

Ռինգը իմ տարերքն է: Ռինգում դու պիտի գերազանցես ինքդ քեզ: Պիտի խիզախես: Իմ երազանքները միշտ էլ համարձակ են եղել, ես միշտ ձգտել եմ առավելագույնին: Երբ նոր-նոր էի սկսում բռնցքամարտ պարապել, նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն էր: Ու ես մարզվում էի խելահեղ նվիրումով: Ազնիվ պայքարը ներշնչում է ինձ: Ես ծանր եմ տանում պարտությունը, բայց գերադասում եմ պարտվել ռինգում, քան խցկվել տաքուկ ծակուծուկեր ու ապրել անհետագիծ մի կյանք:

 

Կա՛նգ առ

 

Ճակատագիրն ինձ ասաց՝ կա՛նգ առ, այն պահին, երբ ես պատրաստ էի նվաճել աշխարհը (այնքան ուժ, ինքնավստահություն, եռանդ ու վճռականություն կար իմ մեջ): Ոտքի վնասվածք: Ու դատավճիռ՝ ես չեմ կարողանա շարունակել մարզումները: Այնպիսի զգացողություն էր, ասես՝ քայլ առ քայլ մագլցելով, թիզ առ թիզ նվաճելով բարձրացել էի լեռը, աչքս՝ ամպերի մեջ մխրճված գագաթին, ու հանկարծ քարը սահել էր ոտքիս տակից, իսկ ես գլորվել-հայտնվել էի ստորոտում: Մի պահ կարկամեցի: Հետո արագ ոտքի կանգնեցի ու որոշեցի՝ ես կբարձրանամ մեկ ուրիշ լեռ, որի գագաթը ավելի բարձրում է, և վերելքը՝ ավելի դժվար: Ու եկա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ես թակեցի մի դուռ ու չգիտեի, թե ինչ կա այդ դռան հետևում: Բայց հետո պարզվեց, որ ես հենց այդտեղ պիտի գտնեմ իմ աշխարհը: Նվիրումի, քաջության, ուժի, պատվի հաղթանակի աշխարհը:

 

Սահմանին

 

Ապրիլյան պատերազմի ժամանակ ես խնդրեցի Ռազմական համալսարանի պետին, որ ինձ Թալիշ ուղարկի՝ ամենավտանգավոր պոստը: Արգելեց: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո կամավոր մեկնեցի Թալիշ՝ արդեն որպես սպա, դասակի հրամանատար: Հենակետի ավագն էի, իմ զորքով երեք դիրք էի պահում:

Հրամանատարն է զինվորներին զորք դարձնում: Զինված մարդկանց խումբը զորք է դառնում այն ժամանակ, երբ նրանք պատրաստ են կյանքը զոհել հայրենիքի ու իրար համար: Մենք միշտ հաղթել ենք թշնամուն, երբ զորք ենք ունեցել: Հինգը կռվել է 500-ի դեմ, երբ ազգովի զորք ենք դարձել: Աշխարհում զորքից գեղեցիկ ու վեհաշունչ ոչինչ չկա: Ես իմ զորքը պնդում էի սիրո ու հոգատարության շաղախով: Երբ զինվորիս աչքերը փակվում էին պոստում, ես ոչ թե նրան պատժում էի, այլ ինքս էի պոստի կանգնում նրա փոխարեն:

Ես փոքրիկ զորքի զորավար էի, իսկ ուրիշ էլ ինչ պիտի երազի զորավարը, եթե ոչ մեծ զորք:

 

Ես ընդունեցի մարտահրավերը

 

Հակառակորդը երեք մետրանոց դիտակետ էր կառուցում ուղիղ մեր քթի տակ, այսինքն՝ ուղղակիորեն սպառնում էր սահմանի ու իմ զինվորների անվտանգությանը: Պետք էր խանգարել նրան, արգելել: Դիտարկվելու հավանականությունն ու վտանգը մեծ էր, ուստի ոչ թե իմ զինվորները, այլ հենց ես պիտի կատարեի գործողությունը: Թշնամու դիպուկահարը նկատեց ինձ: Գնդակը դիպավ քթիս, հասավ պարանոցիս: Ես գիտակցության եկա 15 օր հետո: Բացեցի աչքերս ու հասկացա, որ ողջ եմ: Ջախջախված դեմքով, վիրավոր, բայց մեջս կյանք կա:

Ես չեմ զղջում, որ ընտրել եմ սպայի մասնագիտությունը: Չեմ զղջում, որ կամավոր գնացել եմ Թալիշ: Այնքան գոհ եմ, որ ինքս եմ կանգնել վտանգավոր տեղանքում՝ պաշտպանելով զինվորներիս կյանքը: Ու ճակատս բաց, գլուխս բարձր եմ նայում նրանց ծնողներին:

…Նորից իմ վերելքն ընդհատվեց: Նորից սահեցի ու հայտնվեցի զրոյական կետում: Ու ինքս ինձ ասում եմ՝

-Ոտքի՛ կանգնիր ու գնա՛ առաջ: Ես պատրաստ եմ մարտի: Ես նորից կբարձրանամ՝ աչքս լեռան կատարին, որ ամպերի մեջ է: Քայլ առ քայլ, թիզ առ թիզ: Ես Հայրենիքին կտամ ամեն ինչ: Հակառակորդի գնդակն ինձ կարող է սպանել, բայց հաղթել չի կարող: Որովհետև քանի դեռ սիրտս զարկում է, ես ոտքի եմ կանգնելու ու քայլելու եմ դեպի լեռան գագաթը…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1332) 25.03.2020 - 31.03.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/03/2020