…ՈՎՔԵՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Դիրքեր ենք ուղեւորվում փոխգնդապետներ Գ. Խեչոյանի եւ Վ. Սարիբեկյանի ուղեկցությամբ։
-Սարերում ձյունը մի քանի անգամ արդեն իջել է ու հալվել։ Հաջորդ ձյունը կմնա մինչեւ գարուն, կկուտակվի ու անանցանելի կդառնա,- նկատում է այս կողմերի բնակլիմայական պայմաններին քաջատեղյակ փոխգնդապետ Սարիբեկյանը եւ անջատում մեքենայի շարժիչը։ -Ստիպված ենք ոտքով շարունակել ճանապարհը, ձյունն ու ցեխը խառնվել են, «ուազիկը» չի բարձրանա,- ասում է նա եւ ոտքերի տակ ձյունը ճռճռացնելով՝ սովոր մարդու վստահ քայլվածքով շարժվում հենակետ տանող ճանապարհով։
Մեր հայրենիքի հյուսիսարեւելյան սահմանի՝ բարդ ռելիեֆով բավականին մեծ մի հատված հուսալիորեն պահպանում են գնդապետ Մ. Աբրահամյանի հրամանատարությամբ գործող պայմանագրային զինծառայողները, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում ծովի մակերեւույթից 2000-3200մ բարձրության վրա։
Փոխգնդապետ Գ. Խեչոյանը զորամասի ամենալուրջ ձեռքբերումներից առանձնացրեց հատկապես անձնակազմի մարտական պատրաստության եւ առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության կայուն բարձր վիճակը։ Փորձառու զինվորականի ասածն է՛լ ավելի վստահարժան թվաց, երբ մի քանի ժամով հյուրընկալվեցինք կապիտան Ռուբեն Ստեփանյանի հրամանատարությամբ գործող վաշտի պահպանությանը վստահված հենակետում։
-Առհասարակ, պայմանագրայինները որոշակի փորձառություն ունեցող մարդիկ են, նրանց մեջ քիչ չեն նաեւ մարտական ուղի անցածները: Ծառայությանը, որը նաեւ իրենց աշխատանքն է, անսահման նվիրված, պարտականությունների կատարման մեջ նախանձախնդիր տղաներ են, որոնց համար սահմանը իրենց տունն է, իրենց ընտանիքը… Պայմանագրային զինծառայողը հստակ գիտի իր անելիքը եւ երբեք թույլ չի տա, որ այդ մասին երկրորդ անգամ իրեն հիշեցնեն,- վստահեցնում է վաշտի հրամանատարը եւ ավելացնում,- այստեղ բոլորը եղբոր նման են, ապրում ու ծառայում են «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով։
-Զինվորական կարգապահության բարձրացման եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելման վերաբերյալ պաշտպանության նախարարի ցուցումները ժամանակին հասցվել են ամբողջ անձնակազմին,- մեր զրույցին միանում է փոխգնդապետ Գ. Խեչոյանը` հավելելով, որ իրենց զորամասում կարգապահական խնդիրներ առհասարակ չեն լինում, զինծառայողները բոլորն էլ չափահաս, գիտակից տղաներ են` կյանքի լուրջ դպրոց անցած։
Վաշտի հրամանատար կապիտան Ռ. Ստեփանյանի ամբողջ ծառայությունն անցել է սահմանում։
-16 տարի բանակում եմ, որից 9-ը տարի Ամանորն անցկացրել եմ դիրքերում։
-Իսկ տանը չե՞ն տրտնջում, նեղվում,- հարցնում եմ ես։
-Մի անգամ «Զինուժի» լրագրողներից մեկը նման մի հարց էր տվել կնոջս, եւ նա պատասխանել էր՝ «հայրենիքի պաշտպանի կինը պետք է պատրաստ լինի ամեն դժվարության»։ Այս տարի աղջիկս էր մի քիչ նեղացել, մոռացել էի ծննդյան օրը շնորհավորել, մորն ասել էր՝ «պապան ծառայությունն ինձնից շատ է սիրում»։
Փոխգնդապետ Գ. Մալխասյանի հրամանատարությամբ գործող գումարտակը համալրված է Վարդենիսից, Կարմիրից, Հրազդանից, Սեւանից, Արմավիրից եւ Էջմիածնից զորակոչված տղաներով։ Շարքային Արամայիս Սարիբեկյանը նրանցից մեկն է։ Ավտոմատը մի ձեռքում, հեռադիտակը՝ մյուս, դիտարկում է չեզոք գոտին, եւ նրա գործողություններում վստահություն ու վճռականություն եմ տեսնում։
-Մինչ պայմանագրային ծառայության անցնելը, պարտադիր զինվորական ծառայությունս նույնպես անցկացրել եմ սահմանում։ Լավ ծանոթ եմ ծառայական նրբություններին ու դժվարություններին,- ասաց շարքային Սարիբեկյանը։
-Մարտական ոգով, ծառայությանն անսահման նվիրված զինվոր է Արամայիսը,- իր ենթակային է ներկայացնում վաշտի հրամանատարը։
Արամայիսը մեկ տարի առաջ ադրբեջանցիների կողմից գերեվարված եւ դաժանաբար սպանված հայ հովվի՝ Մանվել Սարիբեկյանի հորեղբոր որդին է։
♦♦♦
Հենակետի պահպանման հատվածում ինժեներական, հողապատնեշային եւ ամրաշինական աշխատանքները կատարված են հիմնավոր եւ որակյալ։ Կառուցվել են ապահով, հուսալի դիտակետեր ու կրակակետեր, խրամաճեղքեր։
Մեր՝ դիրքերում գտնվելու մի քանի ժամվա ընթացքում շտաբի պետ փոխգնդապետ Խեչոյանը միայն մեկ դիտողություն արեց հենակետի պատասխանատուին։ Խրամուղիներում տեղ-տեղ նկատվում էին մի քանի օր առաջ տեղացած ձյան հետքերը։
-Խրամուղիներում ձյուն չպետք է լինի. դրեց թե չէ, արագ պետք է մաքրվի, այլապես շատ դժվար կլինի ձյան, առավել եւս` սառած ձյան վրայով արագ տեղաշարժվելը։ Եթե լավ չմաքրես, քիչ-քիչ ձյան շերտը կհաստանա, եւ խրամուղով տեղաշարժվելիս զինվորներն արդեն իսկ տեսանելի կդառնան թշնամու համար,- իր դիտողությունն է հիմնավորում շտաբի պետը։
Մեկ ժամ հետո փոխգնդապետին զեկուցեցին, որ բացթողումը վերացված է։
Վաշտի գնդացրորդ շարքային Բախշի Հակոբյանն ու ջոկի նռնականետորդ Արամ Հակոբյանը ծնունդով Խանլարի շրջանի Ազատ գյուղից են, հարազատ եղբայրներ։ Մեր այցի պահին Արամը մարտական դիրքում հերթափոխում էր կրտսեր եղբորը՝ Բախշիին։
-Պատվախնդիր, ազնիվ, համարձակ տղաներ են Հակոբյան եղբայրները,- ներկայացնում է վաշտի հրամանատարը։
Շարքային Թեւոս Ավագյանը արդեն 7 տարի է, ինչ պայմանագրային ծառայության մեջ է, եւ 7 տարիների ընթացքում երբեք անգամ դիտողության չի արժանացել, համեստ է, եռանդուն, մասնագիտական գիտելիքները մշտապես հարստացնելու ձգտում ունի։ Թեւոսը բնակվում է Վարդենիսի շրջանի Ավազան գյուղում, ունի երկու որդի՝ 9-ամյա Խաչատուրն ու 5-ամյա Պետրոսը։
-Երբ հերթափոխից վերադառնում եմ տուն, երկուսն էլ գալիս-նստում են ծնկներիս ու հարցախեղդ անում. «Պա՛պ, թուրք տեսե՞լ ես։ Ի՞նչ ձեւի է, ականջ, քիթ ունի՞»…
Ջոկի հրամանատար ավագ դիտորդ սերժանտ Մանուչարյանը ծնունդով՝ Շամխորի շրջանի Մարտունի գյուղից է։ Զինվորական ընկերախմբի բազմազավակ հայրը միշտ բարեխղճորեն է կատարում իր ծառայական պարտականությունները։
Հենակետի փորձառու զինծառայողներից է նաեւ ծովակցի Լյովա Սարգսյանը։
-Մենք էլ սահմանի բերանին ենք քրտինք թափում, տանջվում։ Հարուստ ու երջանիկ ենք մեր ունեցածով, միայն թե խաղաղություն լինի, ու մի քիչ էլ աշխատավարձերս բարձրացնեն։ Էլ բան չենք ուզում։ 7 տարի ծառայության մեջ եմ, դեռ մի էդքան էլ կծառայեմ։ Առողջությունս, ուժերս տեղն են, ցանկությունս՝ մեծ,- վստահեցնում է Լյովա Սարգսյանը։
♦♦♦
Վաշտը ուսումնական տարվա ձմեռային փուլի արդյունքներով ճանաչվել է լավագույնը եւ շարունակում է հուսալիորեն մարտական հերթապահություն իրականացնել պետական սահմանի բարդ ու դժվարին հատվածներից մեկում՝ մշտապես սանձելով նենգ թշնամուն։ Տղաները բոլորն էլ թե՛ քաջարի զինվորներ են եւ թե՛ իրենց հողի անխոնջ մշակները։ Նրանք, ովքեր լավ գիտեն հայրենիքին տված երդման ամեն խոսքի արժեքը։ Նրանք բոլորն էլ, հրամանատարից մինչեւ շարքային, իրենց երդումը հարգելու վեհանձնություն եւ արժանապատվություն ունեն: …Նրանք, ովքեր կանգնած են սահմանին…
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան