Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԶՈՅԻ ԱՐԶՈՒՄԱՆՈՎ (ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ)

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1914թ. մարտի 10-ին Խնձորեսկ գյուղում (Գորիսի շրջան, Հայաստան), գյուղացու ընտանիքում:

Գուրգեն Միզոյի Արզումանյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի լեյտենանտ:

Պատանեկան տարիքից ապրել է Բաքվում: Կրթությունը թերի միջնակարգ է: Աշխատել է «Ազնեֆտ»-ում, խանութի վարիչ է եղել Թուրքմենիայի Մարիական մարզի Կուշկա քաղաքում:

1936թ. Սամարղանդի շրջզինկոմիսարիատից զորակոչվել է Կարմիր բանակ: 1939թ. ավարտել է կրտսեր լեյտենանտի դասընթացները: 1939թ. նոյեմբերին, երբ սկսվել է Խորհրդա-ֆիննական պատերազմը, Գ.Մ.Արզումանյանն իր ստորաբաժանման մարտիկների հետ առաջնադիրքում մարտնչել է ընդդեմ սպիտակ ֆինների եւ ցուցաբերած սխրանքի համար պարգեւատրվել «Կարմիր դրոշի» շքանշանով ու «Արիության համար» մեդալով:

Հայրենական մեծ պատերազմի մարտերում է 1941թ. հունիսից: Կռվել է Արեւմտյան, Ստալինգրադի, Հարավարեւմտյան եւ Կենտրոնական ռազմաճակատներում:

1941թ. սեպտեմբերին ծանր վիրավորվել է: Հոսպիտալում բուժվելուց հետո վերստին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ստալինգրադի ազատագրմանը, Հարավարեւմտյան եւ Կենտրոնական ռազմաճակատների ուղղություններում ընթացող մարտերին:

…1943թ. սեպտեմբերի 21-ին Վելիկի Դիրչին գյուղից (Չեռնիգովի մարզ) ոչ հեռու 54-րդ գվարդիական հեծելագնդի սրակիր հեծելավաշտը հընթացս գետանցեց Սնովը եւ շարժվեց դեպի Կուլիկովո գյուղ: Սակայն շատ չանցած՝ ականանետային թեժ կրակը կասեցրեց հեծյալներին: Այդժամ Արզումանովը դասակներից մեկն ուղարկեց գետանցատեղը վերահսկելու, իսկ մյուս դասակները տարավ թաքստոց: Գետանցատեղից ոչ հեռու դիտակետից նա տեսավ, որ վաշտի թվակազմով հիտլերականները վազեվազ գնում են դեպի բարձունք՝ դասակի վրա հարձակվելու նպատակով: Գնահատելով իրադրությունը՝ գվարդիայի լեյտենանտը որոշեց կանխիչ հարված հասցնել թեւից: Սրընթաց հարձակման արդյունքում գերմանացիները չքվեցին:

1943թ. սեպտեմբերի 22-ին 54-րդ գվարդիական հեծելագնդի հեծելավաշտի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ Գ.Մ.Արզումանովը հմտորեն է ղեկավարել իր ստորաբաժանման մարտական գործողությունները Չեռնիգովի մարզի Կուլիկովո ավանի համար մղված մարտում: Հակառակորդի հարձակումները հետ մղելիս նա ծանր վիրավորվել է, բայց շարունակել է հրամայել ենթականերին: Հեծելավաշտը կատարել է մարտական առաջադրանքը, սակայն Գուրգեն Արզումանովը զոհվել է:

1944թ. հունվարի 15-ին գվարդիայի լեյտենանտ Գուրգեն Միրզոյի Արզումանովին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի 2 շքանշաններով:

Հանգչում է Ուկրաինայում՝ Չեռնիգովի մարզի Գորոդնյանսկի շրջանի Մակիշին գյուղում: Հերոսի շիրմի վրա կանգնեցված է նրա բրոնզե կիսանդրին: Նրա անունով փողոց կա Մակիշինում:

 

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Ճակատագրեր


02/04/2020