ՀԻՇԵԼ ԵՎ ՄԵԾԱՐԵԼ
Դարերի ընթացքում Հայոց աշխարհում եւս ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու եւ արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Ահա այսպիսի քաջորդիներից էր ուսանող-ազատամարտիկ Զաքար Ավանեսյանը՝ մեկը Արցախյան ազատամարտի հերոսներից: Թեժ մարտերի օրերին Զաքարը մեկնել էր Հյուսիսային Կովկաս՝ անհրաժեշտ բեռներ ու զինամթերք բերելու։ Հայտնվելով Ադրբեջանի հատուկջոկատայինների տեսադաշտում՝ 1990 թվականին Արթուր Մկրտչյանի աջակցությամբ վեց ընկերների հետ տեղափոփվում է Երևան, ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն դասերին հաճախելու փոխարեն կրկին մեկնում է Արցախ։ Նա միշտ ամենաթեժ մարտերի կիզակետում էր (Շուշի, Կիչան, Բերդաձոր, Վաղուհաս, Արմենավան, Կրկժան)։ Մասնակցել է (Թալիշ, Մաղավուզ), Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Զաքարը «Հայ ազգայնականների ճակատ» կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով ստեղծվել են մարտական ջոկատներ։
Հերոս քաջորդին զոհվել է 1992 թվականի հունիսի 29-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում մղված թեժ մարտերի ժամանակ, աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այն դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, դասասենյակ է անվանակոչվել, նրա անունով է անվանակոչվել նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը:
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում գրական-երաժշտական երեկո էր՝ նվիրված խիզախ հայորդուն: Միջոցառման կազմակերպիչ, երգահան-երգչուհի Անի Մարգարյանը (Անի Խութեցի) ունկնդիրներին ներկայացավ իր «Ցեղակրոն Զաքարին» երգի պրեմիերայով:
-Երբ ծանոթացա Զաքար Ավանեսյանի անցած հերոսական ուղուն, որոշեցի մի ձոներգ նվիրել նրան,- ասում է Անին,- երգն էլ յուրօրինակ հավաստիացումն է այն իրողության, որ հայրենիքին կյանքը նվիրաբերած հայորդիք հավերժ մնալու են ապրողների հիշողություններում:
Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Ներկայացնելով Զաքարի անցած կարճ, բայց հերոսական ճանապարհը՝ հորդորեց գալիք սերնդին լինել Զաքարի նման հայրենասեր եւ նվիրյալ, շարունակել նրա սխրանքն ու կիսատ թողած գործը: Միջոցառմանը ներկա էր նաեւ Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), նա եւս խոսեց խիզախ հայորդու մարտական անցած ուղու մասին, հիշեց ուշագրավ մի դրվագ, թե ինչպես Զաքար Ավանեսյանն ու նրա զինակից ընկերները փրկեցին իր կյանքը:
Ոգեշունչ ասմունքով հանդես եկավ ազատամարտիկ-բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: «Պետք է լինենք ոգեղեն ու հզոր, առանց ոգեղենության չկա հայրենիք, ազգ: Մենք պետք է հպարտանանք Զաքարի նման քաջերով: Հայ երիտասարդներն ու զինվորները պետք է դաստիարակվեն նրա ոգով»,- նշեց բանաստեղծը:
Խոսեց նաեւ հերոսածին մայրը՝ Կարինե Ավանեսյանը, ասաց, որ եղել է Արցախում, հանդիպել եւ զրուցել բոլոր այն ազատամարտիկների ու զինվորականների հետ, ովքեր ճանաչել են որդուն եւ այդ հուշ-պատումները հավաքագրելով՝ գիրք է հրատարակել:
Միջոցառման ավարտին «Ֆիդայի» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը Կարինե Ավանեսյանին հանձնեց որդու հետմահու մեդալը:
-Ապրողներիս պարտքն է հիշել, մեծարել, արժանին մատուցել հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր բոլոր նվիրյալներին,- նշեց երգիչ-երգահան Անի Խութեցին եւ հավելեց, որ որոշել է Զաքարին նվիրված երգով հանդես գալ նաեւ զորամասերում:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Բանակ և հասարակություն