ԵՐԿԻՐԴ՝ ԱՓԵՐԻԴ ՄԵՋ…
Օրերս հյուսիսարևելյան սահմանահատվածը հսկող-պաշտպանող զորամասերից մեկում էինք: Չէինք կարող առիթից չօգտվել և չայցելել ծյունածածկ լեռնագագաթներին ամենօրյա դժվարին ծառայություն իրականացնող դիրքապահ տղաներին: Դիրքեր ենք բարձրանում զորամասի հրամանատար, գնդապետ Վազգեն Վարդանյանի ուղեկցությամբ: Նա արդեն 25 տարի է, ինչ ծառայում է զինված ուժերում: Դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար դժվարին ու պատվաբեր ուղի է անցել: Ծառայել է մեր երկրի տարբեր հատվածներում, ծառայողական կյանքի տասը տարին՝ սահմանին: Դժվարանցանելի ճանապարհը կարճվում է հրամանատարի հետ մեր զրույցով:
-Զորամասը մշտապես զարգացող ու ինքնակատարելագործվող օրգանիզմ է,- ասում է գնդապետը:- Գործն այստեղ անվերջ է: Երբ այս օրերին շրջում եմ տեղանքում, տեսնում եմ այն մեծ աշխատանքը, որ կատարվել է տարիների ընթացքում: Հրամանատարներից ամեն մեկը իր դրական հետքն է թողնում զորամասի պատմության մեջ: Եվ պետք է շարունակել քարը քարին դնելու անվերջ աշխատանքը, կատարելագործել, ավելացնել եղածը:
… Դեռ դպրոցական էի, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ծավալվեց պատերազմը: Ջոկատներ էին կազմավորվում… Այդ տարիներին խոսակցության հիմնական նյութը Արցախի անկախացումն էր, միացումը, մեր հաղթանակներն էին: Հայրս զինվորական էր. հաճախակի առաջնագծում էր լինում: Այնպես որ, մասնագիտությանս ընտրության հարցը դեռ այդ ժամանակվանից պարզ էր: Երբ ժամանակը եկավ, ընդունվեցի Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան (ներկայումս՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան): Մի կողմից սովորում էինք, մյուս կողմից օգնում մեր ուսումնարանի շենքի բարենորոգման, շինարարության աշխատանքներին: Երբ արդեն զորքերում էինք, դեռ հետպատերազմյան ծանր շրջանն էր: Խաղաղություն կռած ազատամարտիկները այժմ էլ պետք է կանոնավոր բանակը կարգի բերեին, հիմա էլ այստեղ փորձեին իրենց ուժերը, նոր դժվարություններ հաղթահարեին:
2013թ. ընդունվեցի Մոսկվայի ռազմական ակադեմիա, մագիստրոսական թեզս գերազանցությամբ պաշտպանեցի: Որից հետո էլի զորքեր, սահմանապահ զորամասեր…
-Ի՞նչ կարևոր սկզբունքներով եք Ձեր ենթակաների հետ փոխհարաբերվում:
-Ամենակարևոր սկզբունքը դժվարությունների առջև չընկրկելն է: Իմ զինվորների, սպաների հետ խոսելիս միշտ ասում եմ. «Ոչ մի դժվարության առաջ կանգ չառնե՛ք: Դրանք ընդամենը կյանքի փոքրիկ խոչընդոտներ են»: Մի անգամ նորանշանակ սպաներիցս մեկին դժվարության մի պահի հարցրի՝ «Որտեղացի՞ ես»: «Արարատից»: «Ծիրան աճեցնում ե՞ս»: Թե՝ «Ճի՛շտ այդպես»: «Եթե մի տարի ցուրտը տվեց, ծիրանի բերքը փչացավ, մյուս տարի էլ ծիրան չե՞ս մշակելու»: «Բա ի՞նչ եմ անելու»: Ասում եմ՝ «Այս տարի հինգ ծառ ավելի տնկեցիր, մյուս տարի անպայման հինգ նորը պետք է տնկես, մշակես: Զինվորն էլ էդպես է. պետք է ամեն օր համոզիչ խոսքովդ, կեցվածքովդ, գաղափարներով այնպես մշակես, որ վստահի քեզ, աներկբա ենթարկվի, վստահելի զինակից դառնա: Մեր գործը պայքարն է հակառակորդի դեմ և զորքի մարտունակությունն ամրացնելը: Այսօր դժվարություն ունեցար զինվորիդ հետ, վաղը, բոլոր դժվարությունները հաղթահարած, ամուր թիկունք պետք է լինեք միմյանց»:
Շատ ծանր օրեր եմ տեսել, շա՛տ…, բայց երբեք չե՛մ հանձնվել: Կարևոր սկզբունքներիցս մեկն էլ այն է, որ պետք է երբեք չբավարարվես ձեռքբերածով: Որ պահին դադարեցրիր առաջընթացը, վստա՛հ եղիր՝ արդեն իսկ մի մեծ քայլ ետ ես գնացել:
-Ի՞նչ պայմաններում են այսօր ծառայում մեր դիրքապահները:
-Վերջին տարիներին մեր բանակում զենքի, զինտեխնիկայի ապահովման առումով նշանակալի ու կայուն առաջընթաց կա, այնպես որ, հակառակորդը մեզ հետ լրջորեն հաշվի է նստում: Իսկ մարտական հենակետերի ապահովվածության մասին բառերն ավելորդ են: Այսօր մեր զինվորն ամեն ինչով ապահովված է՝ սկսած սննդից, վերջացրած սպառազինությամբ ու զենք-զինամթերքով: Մեր պետությունն ամեն ինչ անում է, որ զինվորն իրեն ապահով ու ամուր զգա: Հակառակորդին ջախջախելու համար ժամանակակից համազորային մարտի համար ճիշտ տեղերում տիրապետում ենք անհրաժեշտ բոլոր կրակային միջոցներին: Ամրաշինական կառույցները լավ վիճակում են: Խրամուղիները, ռմբապաստարանները, կրակակետերը բոլորը տիպային ձևով են կառուցված: Դիրքերում կան հակառակորդի ցանկացած սադրանք կասեցնելու և ետ մղելու բոլոր միջոցները: Եվ, իհարկե, մեր սպաների դերն այս գործում անուրանալի է:
-Այսօր, մինչև մեր զորամաս գալը, ամենաբարձր դիրքում էիք: Ինչպե՞ս են այնտեղ տղաները, ինչպե՞ս են տրամադրված:
-Տրամադրությունները՝ բարձր, թշերը՝ կարմիր, բազուկներն՝ ամուր, աչքերից կայծեր են թռչում: Ծովի մակերևույթից մոտ 3500 մ բարձրության վրա է դիրքը: Գրեթե կլոր տարին տարածքը ձյունածածկ է: Այդ պայմաններում է այնտեղ իրականացվում մարտական հերթապահությունը: Լավն են մեր զինվորները, շա՛տ լավն են: Մնում է, որ զերծ մնան դրսի արատավոր ազդեցություններից: Այս գործում հասարակությունն անշուշտ իր պատասխանատվության բաժինը պետք է գիտակցի ու օգնի մեզ:
-Քանի որ «դրսի» բացասական ազդեցությունների մասին խոսեցիք, Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք վերջերս հաճախակի քննարկվող այս հարցի շուրջ:
-Նախ՝ ասեմ, որ քրեական օրենքներով առաջնորդվող զինվորականներ այսօր բանակում միանշանակ չկան: Կարևորը՝ զորամաս եկող մեր նորակոչիկները հիմնականում կարգապահ, սրտացավ ու հայրենանվեր երիտասարդներ են՝ պատրաստի զինվորներ: Իսկ նշված բարքերը որոշ ժամկետային զինծառայողների հետ քաղաքացիական կյանքից են թափանցում բանակ, դրսից եկող ենթամշակույթի տարրեր են: Ծնողի գործոնը նույնպես շատ կարևոր է իրենց որդիներին այս ազդեցություններից զերծ պահելու խնդրում: Կարևոր է նաև մինչև ծառայությունը սպայի հանդեպ հարգալից վերաբերմունք, զինվորական պահանջներին ենթարկվելու գիտակցություն և կարևորություն սերմանելը: Վստահեցնում եմ՝ ո՛չ մի սպա իր զինվորի բարօրության մասին ավելի քիչ չի մտահոգվում, քան նրա ծնողները: Ո՛չ մի սպա չի ուզենա, որ իր զինվորի մատը փուշ մտնի: Դե, իսկ խստությունը երբեմն անհրաժեշտ է: Իմ անձնակազմի հետ խոսելիս հաճախ եմ ասում. «Խստություն, տղե՛րք ջան, չի նշանակում կոպտություն: Դա պարզապես պահանջ է, որ պետք է կատարվի: Եթե կանոնագրքով սահմանված է, ուրեմն՝ այդպես էլ պետք է լինի»:
– Ի՞նչ կասեք՝ դիմելով ծնողներին:
-Շատ ու շատ զգո՛ւյշ եղեք ձեր զինվորի հանդեպ: Նա՝ ձեզանից հեռու, ձեր ամենափոքրիկ խնդիրը հազարապատիկ ցավոտ է ընդունում: Դեպք է եղել, երբ մայրը այցելության ընթացքում որդուն հայտնել է, թե բաժանվում է հորից: Ինչպե՞ս կարելի է նման լուր հայտնել զինվորական ծառայություն իրականացնող որդուն և հանգիստ խղճով տուն վերադառնալ… Հետևանքը նման դեպքերում շատ ցավալի կարող է լինել… Կամ՝ ինչպե՞ս կարող ես ծառայող որդուդ հայտնել, որ ընկերուհին ուրիշի հետ է եւ այլն… Դեպք է եղել, երբ ազատ արձակումից կամ արձակուրդից հետո զինվորը զորամաս է ներկայացել ոչ այնքան սթափ վիճակում: Ծնողներն են բերել զորամաս. թվում է՝ պետք է հասկանան, որ պատշաճ չէ զինվորի այսպես զորամաս ներկայանալը… Ծնողնե՛ր ջան, առանց այդ էլ ծառայությունը պատասխանատու ու դժվար գործ է: Պետք չէ բարդացնել զինվորների ու հատկապես սպաների հոգսերն ու խնդիրները:
-Այս լեռներից այն կողմ հակառակորդի դիրքերն են…: Ինչպիսի՞ն է այժմ սահմանային իրադրությունը:
-Այս պահին հարաբերական հանգիստ է: Հակառակորդը «հանգիստ է» այն դեպքում, երբ գիտի, որ այստեղ զենքը ձեռքիդ պատրաստ կանգնած ես: Քաղաքակրթությունից դեռ շատ հեռու, տղամարդկային արժանապատվությունից, կարգ ու կանոնից անտեղյակ այս ազգի հետ ի՞նչ լեզվով պետք է խոսես: Միայն ուժի լեզվով, որը հասկանում են: Այնքան տղամարդկություն չունեն, որ քնածին են կացնահարում… Գուրգեն Մարգարյանն իմ առաջին զինվորներից էր: Համեստ, հանգիստ, չափված-ձևված… Զինվորիդ նենգորեն սպանողի հանդեպ ի՞նչ վերաբերմունք պետք է ունենաս… Նմանների հետ միայն ուժի լեզվով է պետք խոսել, հարկ եղած դեպքում՝ ցավոտ հարված հասցնելով, որ հիշողությունը թարմանա:
Նրանց բարձրաստիճան սպաները զինվորի հետ չեն շփվում: Հարաբերությունները կառուցվում են խիստ վերադասության սկզբունքով: Իսկ զորքը, երբ տեսնում է, որ հրամանատարությունն իր կողքին չէ, շատ բանի ընդունակ չէ: Մեզ մոտ այլ է դրվածքը. հրամանատարը ավագ ընկերոջ, ծնողի պես է շփվում յուրաքանչյուր զինվորի, ենթակայի հետ: Պետք է ամեն ինչում օրինակ ծառայի: Զորամասում այս ամենով է ամրանում կառուցողական մթնոլորտը, բարձրանում զորքի մարտունակությունը:
Վերջապես հասնում ենք լեռնային բարձրադիր մարտական հենակետ, որտեղ մեզ հրամանատարի ներկայացրած՝ առույգ ու խրոխտ ժամկետային զինծառայողներն են դիմավորում: Սա նրանց ընդամենը երկրորդ հերթափոխն է, սակայն շարժուձևում, պահվածքում այնպիսի վստահություն կա, ասես դիրքի հնաբնակներից են:
Դիրքի բարձունքից նայում ես ցած: Որքան հայացքդ ընդգրկում է, ձյունածածկ լեռների շարքերն են. փառավո՜ր տեսարան: Հրամանատարը կանգնում է անդունդի եզրին ու ցույց տալիս հեռուները: Ամեն ուղղությամբ իր նախկին ծառայավայր զորամասերն են, մեր երկրի տարբեր սահմանեզրերը: «Ու սա դեռ ամենաբարձր դիրքը չէ: Սրանից ավելի բարձր դիրք ունենք, որտեղից թագավորական տեսարան է բացվում. ամբողջ երկիրն է ափիդ մեջ…»:
Հրամանատարը մեկ առ մեկ մոտենում, տեղեկանում է զինվորների տրամադրությունից, հարցեր տալիս հերթափոխի ընթացքի վերաբերյալ, հրահանգավորում: Շրջում ենք դիտակետերով, տեղեկանում սահմանի ընթացիկ իրավիճակին: Գնդապետը ցուցումներ է տալիս հերթապահներին, ամուր սեղմում ձեռքերը:
Մտնում ենք տաքուկ գետնատնակը, որտեղ զինվորները վառարանին փայտ են ավելացնում. կրակը պարում է, փայտերը՝ ճրթճրթում: Հրամանատարը բացում է սառնարանի դուռն ու գոհունակությամբ ցույց տալիս պարունակությունը. «Մի ամբողջ ամբար է. ինչ ասես կա: Այսօր բոլորի տանը չի, որ այսքան ուտեստներ կան»: Տղաների հետ նստում ենք սեղանի շուրջ. զինվորները ոգևորված են, բայց զգաստ: Ծավալվում է մտերմիկ զրույց:
-Մեր այս զինվորը ազգությամբ եզդի է,- ձեռքը կողքին նստած զինվորի ուսին դնելով՝ ներկայացնում է գնդապետ Վարդանյանը:- Ջհանգիր աղայից սկսած՝ եզդիները մեզ հետ հավասար հայրենիքն են պաշտպանում: Եզդի սպաներ էլ ունենք, հրաշալի սպաներ: Քյարամ Սլոյանի պես զինվոր է տվել եզդի ազգը: Միասին ամուր ենք:
-Հակառակորդի հետ զենք-զինամթերքի, սպառազինության, ռազմական հմտության անվերջ մրցավազք է, բայց այստեղ մենք ակնհայտ առավելություն ունենք,- ասում է հրամանատարը, երբ արդեն պատրաստվում ենք հրաժեշտ տալ դիրքապահներին::
-Ի՞նչն է:
-Ոչ թե ինչը, այլ՝ ով,- ինձ ուղղում է հրամանատարը,- մեր այս հրաշալի զինվորները և, իհարկե, իմ լավ սպաները: Այս հզոր տղերքի դեմ ցանկացած հակառակորդ պարտության է դատապարտված:
…Իրիկնանում է. քամին ավելի ու ավելի է սաստկանում, այսուայնկողմ է քշում լեռները պարուրած ձյունե սպիտակ շղարշը: Իսկ տղաներն ամուր կանգնած են դիրքերում՝ աչքները սահմանին, սրտները՝ ջերմ…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում