Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ ԶԻՆՎՈՐԻԴ ՆԱՅԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ ԶԻՆՎՈՐԻԴ ՆԱՅԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԶորամասում թե՛ զինվորները, թե՛ սպաները առանձնակի ակնածանքով և ջերմությամբ են խոսում փոխգնդապետ Ալիկ Բաբայանի մասին:

«Ազնիվ, նվիրյալ զինվորական, ընտանիքի հրաշալի հայր». այսպես է  նրան բնութագրում զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Վահագն Մինասյանը:

Շուրջ 23 տարի՝ Ալիկ Բաբայանը զինված ուժերում է: Նվիրված, բարեխիղճ ծառայության համար խրախուսվել է բազմաթիվ մեդալներով եւ պատվոգրերով:

Արմատներով Վայոց ձորի Հերհեր գյուղից է, գերդաստանի առաջին զինվորականն է:

Նրա՝ զինվորական մասնագիտության հանդեպ սերը որոշակիացավ Արցախյան պատերազմի տարիներին, երբ գյուղի տղաները մեկը մյուսի ետևից միանում էին կամավորական ջոկատներին և կռվում հայրենի եզերքի պաշտպանության համար: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Փոխգնդապետը ծառայել է տարբեր զորամասերում, այժմ գնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն է:

-Մեր զորամասը շուրջօրյա մարտական հերթապահություն է  իրականացնում, եւ ուզում եմ անպայման շեշտել, որ չկա մեկը, որ հրաժարվի մարտական հերթապահությունից: Նույնիսկ այն զինվորները, որոնք որոշակի խնդիրներ ունեն եւ ազատված են մարտական հերթապահության կրման պարտականություններից,  անգամ նրանք են զեկուցագիր գրում մարտական հերթապահության մեկնելու համար:

Բանակում ծառայում են տարբեր խառնվածքի տեր, տարբեր դաստիարակություն, տարբեր կրթական մակարդակ ունեցող երիտասարդներ, ուստի բազմաշերտ է բարոյահոգեբանական գծով հրամանատարի տեղակալի գործառույթները. անմիջականորեն նա է  պատասխանատու անձնակազմի դաստիարակության, զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի համար:

-Հարկ է լինել և՛ մանկավարժ, և՛ հոգեբան, և՛ ավագ ընկեր: Սպան պետք է ուղղորդի զինվորի գիտակցական և զգայական աշխարհը,- բանաձևում է փոխգնդապետը,- նպատակային ազդեցություն գործի մտածելակերպի վրա՝ հենք ունենալով օրինակելի վարքագիծը: Սպան ինքն անձամբ պետք է օրինակ հանդիսանա՝ կիրթ ու բանիմաց լինի, անընդմեջ կատարելագործի գիտելիքները, այս ամենին զուգահեռ՝ ճիշտ փոխհարաբերություններ կառուցի, ճիշտ պահվածք դրսեւորի, արդարամիտ և հավասարաչափ մոտեցում:

Անչափ կարեւոր  է նաեւ, որ զինվորի առօրյան հագեցած, բազմաբովանդակ անցնի,- շարունակում է Ալիկ Բաբայանը,- մարտական պատրաստության պարապմունքներից զատ, մշտապես աշխատանք է տարվում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, թեմատիկ միջոցառումներով, հայրենասիրական թեմաներով հոգևոր-մշակութային պահանջները բավարարելու ուղղությամբ: Զորամասն այնպիսի տեղանքում է, որ հարուստ է պատմամշակութային կոթողներով, պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ տեսարժան վայրեր. հայրենասիրությունն սկսվում է նաև հայրենաճանաչողությունից: Հավելեմ նաեւ, որ մեր զորամասը շնորհալիների պակաս չունի, ունենք նվագախումբ՝ համալրված երաժշտական կատարյալ ունակություններով օժտված երիտասարդներով: Վերջերս էլ մեր զինվորները շախմատի ներզորամասային մրցույթում առաջին պատվավոր տեղը գրավեցին, այժմ էլ պատրաստվում են համաբանակային փուլին….

Փոխգնդապետ Բաբայանն անթաքույց հպարտությամբ թվարկում է զորամասի հաջողությունները, ներկայացնում յուրաքանչյուր զինվորի ձեռքբերումը:

-Սպան պետք է  զինվորին վերաբերվի  հարազատ զավակի պես, ու թե կա խստություն, պահանջկոտություն, զինվորը դրա տակ  կտեսնի ծնողական սրտացավությունն ու մտահոգությունը: Ի վերջո, զինվոր-սպա փոխհարաբերությունները չեն սկսվում և ավարտվում բանակում. քաղաքացիական կյանքում հանդիպում ես քո ենթակայությամբ ծառայած  զինվորներին, ամենակարևորը՝ բաց ճակատով զինվորիդ նայելու հպարտությունն է:

 

♦♦♦

 

ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ ԶԻՆՎՈՐԻԴ ՆԱՅԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՓոխգնդապետի հյուրընկալ օջախում ենք: Անցած տարվա վերջին զորամասի 28 զինծառայող բնակարանամուտ տոնեց՝ Նոր տարին դիմավորելով նոր հարկի տակ,  փոխգնդապետ Ալիկ Բաբայանը նրանցից մեկն է:

Գեղեցիկ, նորոգ ու  հարմարավետ  ծառայողական բնակարան է:

-Համատեղ կյանքում բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել,- ասում է փոխգնդապետի կինը՝ Արփինեն՝ մասնագիտությամբ իրավաբան-հոգեբան:- Ծառայության բերումով երկար ժամանակ սահմանամերձ Խաչիկ գյուղում ենք բնակվել, պայմանները հեռու էին բարեկեցիկ համարվելուց. ջուր չկար, կրելով էինք ջուր հավաքում, բայց ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, երբ կողքիդ հոգատար ու նվիրված ամուսին է,  երբ ընտանիքումդ  կա փոխըմբռնում, վստահություն:

Հեշտ չէ զինվորականի կին լինելը, ծառայողական կյանքին բնորոշ բոլոր բարդությունները անտրտունջ տանելը, բայց Արփինեն բնույթով շուտ վհատվողներից չէ:

-Մայրս Ալիկի դասղեկն էր: Մերոնք դեմ էին, որ ես  Ալիկի հետ ամուսնանամ,- ժպիտով վերհիշում է Արփինեն,- բայց ոչ թե դեմ էին կոնկրետ անձին, այլ վկայակոչում, փաստարկում էին զինվորական կյանքի բազում խնդիրները: Այնուամենայնիվ, համալսարանն ավարտելուց հետո ամուսնացանք, ու կյանքն ընկավ զինվորական ռիթմի մեջ՝ անընդմեջ տեղափոխություններ այս վայրից այն վայրը… Նոր նշանակումներ, նոր միջավայր….Չկարծեք, թե դժգոհում եմ…

-Երկու հրաշալի զավակ ունեք՝ տղա և աղջիկ, եթե մի գեղեցիկ օր  ձեր աղջիկը հայտնի, որ որոշել է ամուսնանալ զինվորականի հետ, անկեղծ եղեք, դուք էլ ձեր մայրիկի նման չե՞ք ըմբոստանա,- հարցնում եմ զինվորականի կնոջը:

Արփինեն անուշ ժպտում է.

-Դեմ չեմ լինի: Սերը հաղթահարում է ամեն դժվարություն: Ես գտել եմ իմ երջանկությունը:

-Օջախի ջերմությունն ամենամեծ երջանկությունն է, իսկ սիրելի աշխատանքը՝ ամենամեծ բարեբախտությունը,- լրացնում է փոխգնդապետը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/04/2020