Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՊատերազմը՝ պատերազմ, բայց նույնիսկ պատերազմի օրհասական  օրերին է հնարավոր ակնթարթներ որսալ, որոնք հետո ոչ միայն պատմություն, այլև հաճելի հուշ ու հիշողություն են դառնալու, որոնց շնորհիվ հետո՝ շատ տարիներ անց, պատերազմի վերապրումը նույնիսկ ժպիտ է պարգևելու, նույնիսկ հաճելի հույզեր ու զգացումներ է արթնացնելու։ Պատերազմական շատ դրվագներ այսօր արդեն պատմության վավերագրեր են, կարևոր ու խոսուն վկաներ։ Պատմում է Ֆելիքս Պողոսյանը.

-Այս լուսանկարը արվել է 1992թ. նոյեմբեր ամսին, երբ Մարտունու պաշտպանական շրջանում ընթանում էին մարտական գործողություններ՝ ազատագրական կռիվներ:

Տարիներ առաջ զորամասի հրամանատարը մի ծրար էր ստացել՝ մեջը լուսանկարներ, թեև շատ տարիներ էին անցել, բայց նկարներում ճանաչել էր իր ծառայակից ընկերոջը, հասկանալի էր՝ դրանք նրան էին հասցեագրված։ Ցավոք, այդպես էլ չհաջողվեց պարզել, թե այսքան տարիներ անց լուսանկարներն ինչպես էին հասել Հայաստան։ Ժամանակին պատերազմի այդ դրվագները Մեծ Բրիտանիայից ժամանած մի լրագրող էր հավերժացրել։

-Մարտունու պաշտպանական շրջանի «Զամբի» մարտական դիրքում ենք, որտեղ քննարկում ենք այն տարբերակը, թե ինչպես ներթափանցենք թշնամու թիկունք, պաշտպանության խորքեր եւ կատարենք մեզ առաջադրված խնդիրը,- պատմում է Ֆելիքս Պողոսյանը:- Առաջինը մեր հերոսն է, մեր պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: Ես ու ինքը աշխատում ենք քարտեզի վրա: Իսկ մեր գլխավերեւում կանգնած են Մովսես Հակոբյանն ու Մոնթեի վարորդ Կոմիտաս Ավանեսյանը:

Ըստ մեր տվյալների` այդ նկարները ուղարկել է Լեդի Վանյան, եւ փաստորեն նկարները 12 տարի անց եկել հասել են մեզ,- ասում է պահեստազորի գնդապետ Ֆելիքս Պողոսյանը եւ շարունակում,- նոյեմբերին Մարտունու պաշտպանական շրջան այցելեց անգլիացի մի լրագրող՝ Լեդի Վանյա անուն-ազգանունով: Այս լուսանկարում ես ու ինքն ենք` լուսանկարն է մեզ ցույց տալիս հերոս գնդապետը:

Լեդի Վանյա… թերևս, այսպես է ձեզ հիշում այսօր արդեն հայկական բանակի պահեստազորի գնդապետ Ֆելիքս Պողոսյանը, հիշո՞ւմ եք նրան, այն երիտասարդ մարտիկին, որ շատ ուրիշ երիտասարդների հետ պատերազմում էր հանուն իր հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքի վերահաստատման, գուցե Մովսես Հակոբյանի՞ն հիշեք։

-Այս լուսանկարում, որտեղ մենք ենք` այսօր մեր  դիրքերն են, այդ տեղանքում այսօր մարտական հերթապահություն են իրականացնում մեր զինվորները: Ի դեպ, շատ կարեւոր բարձունքներ են: Ու քանի որ տարածքը նոր էինք ազատագրել, քարտեզով որոշում էինք մեր դիրքերի, հրետանային ստորաբաժանումների տեղակայման վայրերը: Աշխատանքի պահին Մոնթեն մի միտք ասաց. «Որպեսզի պատերազմը կանգնի, մեր դիրքերը պետք է անցնեն այստեղով (որտեղ կանգնած ենք), Ֆիզուլու ներքեւով մինչեւ Հորադիզ»: Այն ժամանակ ինձ այս միտքը երազանք թվաց, բայց արի ու տես, որ կարճ ժամանակ անց այն դարձավ իրականություն, ինչի շնորհիվ Արցախի ժողովուրդը այսօր իրեն զգում է հուսալի պաշտպանված,- լուսանկարի մասին իր խոսքն է ասում ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Մեծարգո Լեդի, Դուք լուսանկարում էիք պատերազմի որոշ դրվագներ, գիտե՞ք, ձեր մեկնելուց հետո կռիվն ավելի սաստկացավ, ցավոք, մեր պատերազմը ձգվեց ավելի, քան դուք կպատկերացնեիք, մենք հաղթեցինք այդ կռվում, բայց, ցավոք, շատ տղաների կյանքի ու արյան գնով, նաև` Մոնթեի ու Կոմիտասի։

Լեդի Վանյա, շնորհակալություն Ձեզ՝ պատմական շատ կարևոր այս դրվագը հավերժացնելու համար։ Հրադադարից հետո էլ դժվարին օրեր էին մեր երկրի համար, և մենք ստիպված բանակ ստեղծեցինք։ Հայկական բանակի կազմավորման գործին լծվեցին պատերազմի թոհուբոհում փորձառություն ձեռք բերած բազմաթիվ զինվորականներ, նրանց թվում և Մովսես Հակոբյանն ու Ֆելիքս Պողոսյանը, որոնք այսօր էլ իրենց զինակիցների կողքին են, ազգային բանակի կողքին։

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Պատմության էջերից


02/04/2020